Պատմվածք գեյի մասին (30-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (30-րդ մաս)
Արամն այլեւս չկարողացավ զսպել իրեն, հրեց պատգամավորի ձեռքը եւ տեղից վեր կացավ:

- Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս:

- Մի գոռա, լակոտ, նստի տեղդ, ես դեռ չվերջացրի:

- Ես հենց հիմա գնում եմ, Ձեր առաջարկը ուրիշներին ներկայացրեք, գուցե համաձայնեն,- հեգնեց Արամը եւ շրջվեց դեպի դուռը:

- Չես կարող դուրս գալ, դրսից փակել են դուռը, մինչեւ ես չուզեմ, դու ոչ մի տեղ էլ չես գնա:

- Ո՞վ եք Դուք, ի՞նչ եք ինձնից ուզում, ի՞նչ իրավունքով եք ինձ այստեղ փակել:

- Ես հավանել եմ քեզ, ուզում եմ, որ իմ քածը դառնաս:



- Ի՞նչ, Դուք միասեռակա՞ն եք:

- Ոչ: Դու ես միասեռական:

- Ձեզ ո՞վ է նման հիմարություն ասել:

- Քեզ ճանաչողները:



- Ո՞վ:

- Դա կարեւոր չի, կարեւորն էն ա, որ ես քեզ հավանել եմ, դա մեծ պատիվ ա քո համար, ջահել ջան, արի նստի, մենք դեռ չենք վերջացրել:

- Ոչ մի դեպքում, էլ չփորձեք Ձեր ձեռքերը երկարացնել իմ ուղղությամբ, ես Ձեզ թույլ չեմ տա, Դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել:

- Նրա տեղը, որ տղամարդու հետ անկողնում իրան զգում ա ոնց որ ձուկը ջրում:



Արամը կարմրեց, նա հասկացավ, որ Գոյունյանը գիտի իր մասին, սակայն չհասկացավ, թե ով կարող էր իրեն մատնել: Արթուրին չէր կասկածում:

- Բավական է, ես հեռանում եմ, եթե հենց հիմա դուռը բացել չտաք, ես աղմուկ կբարձրացնեմ:

- Քո կարծիքով իմ ախրաննիկները պիտի գան ու ինձ ծեծե՞ն:

- Այդ դեպքում ես ոստիկանություն կզանգահարեմ:



- Զանգի, զանգի, գիտես, չէ՞, ոստիկանները հենց քո նման գոմիկների զանգին են սպասում, որ տանեն...

-  Լսեք, ես չեմ ուզում Ձեզ վնասել, բայց Դուք էլ ինձնից հեռու մնացեք, եղա՞վ:

- Ջահել ջան, դու էդքան չկաս, որ ինձ կարանաս վնասես, եթե չես ուզում, կթողեմ, կգնաս, բայց իմացի, որ լավ առաջարկից ես զրկվում, ես քեզ շատ փող կտամ:



- Ինձ Ձեր փողը պետք չի:

- 200 հազար դրամ:

- Չեմ ուզում:

- 300 հազար:



- Ասացի՝ ոչ:

- Կես միլիոն, մի միլիոն:

- Չեմ ուզում, ես չեմ վաճառվում, եթե այդքան ավելորդ փող ունեք, գնացեք՝ Ձեզ համար նորմալ սիրուհի գտեք, ինձնից ի՞նչ եք ուզում:



- Գիտես, թե ես սիրուհիներ չունե՞մ:

- Ավելի լավ, որ ունեք, Ձեր փողերն իրանց վրա ծախսեք:

- Դրանցից հոգնել եմ, ազիզ, քեզ եմ ուզում:

- Անհարմար է, այդպիսի բաներ մի ասեք, Դուք հեղինակավոր մարդու տպավորություն եք թողնում, զսպեք Ձեզ:



- Ինչքա՞ն փող ես ուզում:

- Ես չեմ վաճառվում:

- Ով չի վաճառվում, վաճառվում է ավելի թանկ գնով:

- Ես գին չունեմ, որովհետեւ չեմ վաճառվում, ասեք թող բացեն դուռը:



- Դուռը բաց ա, փակ չի էլ էղել, կարաս գնաս, բայց մտածի, հենց փող պետք լինի, կգաս մոտս:

- Հուսով եմ՝ այլեւս երբեք չենք հանդիպի:

- Ես էլ հուսով եմ, որ մի օր փողի կարիք շատ կունենաս:



Արամն անմիջապես դուրս եկավ սենյակից: Պատգամավորի քարտուղարուհին զարմացավ՝ տեսնելով Արամի շփոթված ու դժգույն դեմքը: Տղան գրեթե վազելով հեռացավ պատգամավորի գրասենյակից:



© Հրապարակ օրաթերթ



շարունակելի