«Երիտասարդները երիտասարդների համար» նախագիծը մեկնարկեց ԵՊՀ-ից

«Երիտասարդները երիտասարդների համար» նախագիծը մեկնարկեց ԵՊՀ-ից
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնարկել են «Երիտասարդները երիտասարդների համար» (Hollywood Non-Stop) համերգային նախագիծը: Վերջինիս նպատակը հայ երիտասարդներին հարուստ և հագեցած երաժշտությանը մոտեցնելն է:  Համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Այսօր կայացավ առաջին համերգը: Նախագիծը մեկնարկեց ԵՊՀ-ից:



Երիտասարդական նվագախմբին ԵՊՀ դահլիճում բազմաթիվ ուսանողներ էին սպասում: Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Քերին Ռոբլինը: Վերջինս նշեց, որ իր համար հաճելի է տեսնել ուսանողների, ովքեր հաճույքով լսում են նվագախմբի կատարումները: Ք. Ռոբլինը ողջունեց Պետական համալսարանի խանդավառությունը նվագախմբին առաջինը իր հարկի տակ հյուրընկալելու համար:



Համերգի ընթացքում հնչեցին հոլիվուդյան սիրված և հանրահայտ ֆիլմերի երաժշտությունները: Դահլիճում ոգևորությունը մեծ էր, ծափահարություններն էլ կրկնակի էին  հատկապես «Կնքահայրը», «Կնոջ բուրմունք» և «Առաքելություն. չի կատարվել» ֆիլմերի երաժշտությունների  ժամանակ:  Համերգը տևեց մեկ ժամից փոքր ինչ ավելի:



Վերջում ներկաները մի քանի րոպե ոտնկայս ծափահարություներով ողջունեցին երիտասարդ երաժիշտներին: Հավաքվածները  մեծ բավականություն ստացած լքեցին դահլիճը:  Սկսվեցին բուռն քննարկումները. «Շատ ուրախ եմ, որ համալսարանն ու նվագախումբը հնարավորություն ընձեռեցին մեզ վայելելու այս հրաշալի համերգը: Ես մեծ բավականություն ստացա: Լավ լիցքերով եմ տուն գնալու: Կցանկանայի, որ նման միջոցառումները շարունակական լինեն»,- նախագծին այսպիսի գնահատական տվեց  ուսանողներից մեկը:



Նշենք նաև, որ նվագախումբը մինչև մարտի 27-ը համերգաշարով հանդես է գալու ևս 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում:



Վարդուհի Ստեփանյան