Կստեղծվի Աղասի Այվազյանի տուն-թանգարան

Կստեղծվի Աղասի Այվազյանի տուն-թանգարան
Հայաստանի գրողների միությունում այսօր եւ վաղը այվազյանական ընթերցումներ են: «Աղասի Այվազյան հիմնադրամն» արդեն 3-րդ տարի կազմակերպում է այվազյանական ընթերցումներ, որտեղ զեկույցներով այս օրերին հանդես են գալու Հասմիկ Պողոսյանը, Լեւոն Անանյանը, Կարինե Խոդիկյանը, Երվանդ Ղազանչյանը, Արմեն Էլբակյանը եւ այլք: Ինչպես նշեց գրողի այրին՝ Գրետա Վերդիյանը, Աղասի Այվազյանի ֆոնդն աշխատում է արդեն 5-րդ տարին, եւ ժամանակն է, որ երեւա այդ աշխատանքը:



ՀԳՄ նախագահն էլ յուրօրինակ մոտեցում հանդես բերեց, թե «պիտի կարողանանք այլեւս նոր իրադրության պայմաններում մեր գրողներին ներկայացնել իրենց անունը կրող հիմնադրամներում: Սա Արեւմուտքը վաղուց է որդեգրել, գիտեք, էնտեղ պետությունը տեր չի կանգնում ընդհանրապես գրականությանը, մշակույթին, ամեն ինչ արվում է հիմնադրամների միջոցով»:



Գրետա Վերդիյանը նաեւ նշեց, որ 92-ից գործում է Աղասի Այվազյանի դպրոցը եւ ցանկություն հայտնեց, որ այդ դպրոցի հիմքի վրա լինի մեծ հումանիտար կրթահամալիր, որտեղ կզարգանան մի շարք ուղղություններ՝ կինոստուդիա, պատկերասրահ, գրադարան, որտեղ կանցկացվեն ընթերցումներ: Բացի այդ, 2013-ին նախատեսվում է անցկացնել հայ դրամատուրգիայի այվազյանական փառատոն, ինչը ենթադրում է, որ բոլոր բեմահարթակներն անդրադառնալու են Այվազյանի դրամատուրգիային: Աղասի Այվազյանի այրին նաեւ նշեց, որ պատրաստվում է դիմել Նարեկ Սարգսյանին, Տարոն Մարգարյանին, որպեսզի Քեռու փողոց 79/1 հասցեում ստեղծվի Աղասի Այվազյանի տուն-թանգարանը: