Եթե Շուշանին օգնելու կարիք լինի, ես պատրաստ եմ

Եթե Շուշանին օգնելու կարիք լինի, ես պատրաստ եմ
Հարցազրույց երգիչ Արսեն  Գրիգորյանի  (Մրոյի) հետ



-Արսեն, կուսակցություններն արդեն կազմել եւ ներկայացրել են իրենց համամասնական ու մեծամասնական ցուցակները, ծանոթացե՞լ եք կուսակցության ցուցակներին, հավատ ներշնչո՞ւմ են դրանք Ձեզ:



- Ճիշտն ասած՝ չէ, դեռ չեմ ծանոթացել, բայց կամաց-կամաց կծանոթանանք, որովհետեւ դեռ նոր են որոշել վերջնական ցուցակները:



- Բայց երեւի տեղյակ եք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 16-րդ տեղում Շուշան Պետրոսյանն է, ով ուզում է խորհրդարան գնալ ինչ-որ բան փոխելու համար, Դուք չե՞ք ուզում խորհրդարան գնալ:



- Ե՞ս՝ չէ, չեմ ուզում, եթե ուզենայի, երեւի ես էլ կհայտնվեի ինչ-որ մի ցուցակում:



- Այսինքն չե՞ք ուզում Շուշան Պետրոսյանի նման ինչ-որ բան փոխել:



- Չէ, գիտեք, ամեն մեկն իր ձեւով է ինչ-որ բան փոխում, կարծում եմ՝ ես էլ թեւերս ծալած չեմ նստել, ինչ-որ մի բան անում եմ, բայց դա Շուշանի անձնական նախաձեռնությունն է՝ գնալ, խորհրդարանում ինչ-որ բան փորձել շտկել: Ինձ համար դա նորմալ երեւույթ է, այսինքն դա իր անձնական վերաբերմունքն է, ես չեմ կարող իրեն որեւէ բանով դատել:



- Ամեն դեպքում ողջունում եք:



- Այո, ողջունում եմ, եթե մշակույթի ասպարեզում որեւէ մեկը որեւէ լավ բան նախաձեռնի, ես էլ պատրաստ եմ օգտակար լինելու իրեն, այսինքն՝ եթե ինքը խորհրդարանում կարողանա ինչ-որ բաներ անել, ու իրեն օգնելու կարիք լինի, ես պատրաստ եմ, որովհետեւ դա մեր բոլորի համար ա: Մարդիկ խառնում են, ասում են՝ մշակույթը մտնում է քաղաքականության մեջ, բայց սա մշակույթ չէ, սա անձնական նախաձեռնություն է:



- Բայց խորհրդարան մտնելով՝ արդեն դառնում ես քաղաքական գործիչ, ոչ թե մշակութային:



- Ես մի ուրիշ տեսանկյունից նայեմ, ինքը մեր լավագույն երգչուհիներից մեկն է մեր իրականության մեջ եւ այսօր ինքը փորձում է կամ կփորձի երգից բացի նաեւ օրենքների հարց առաջ բերել, ինքը կկարողանա կարգավորել թե մեր երգարվեստի եւ թե ընդհանուր մշակույթի կյանքը: Էստեղ դժվար է ասել՝ որն է տուժում, որն է շահում, դա իր անձնական հարցն է, իբրեւ երգչուհի ինքը տուժվում է, բայց մեզ բոլորի համար օգուտ է, այսինքն՝ մեր մշակույթի, միգուցե օգուտն ավելի շատ կլինի:



- Իսկ Ձեր ընտրության հարցում արդեն կողմնորոշվե՞լ եք, թե՞ նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո:



- Ես նախորդ ընտրությունների ժամանակ իմ ձայնը տվել եմ նախագահին՝ Սերժ Սարգսյանին, ես հիմա չեմ փոխում, որովհետեւ կարծում եմ՝ նորից ինչ-որ ժամանակ պետք է լինի, որ ինքը կարողանա իրականացնել իր բոլոր ծրագրերը:



- Այս 5 տարիների ընթացքում արդարացրե՞լ է Ձեր հույսերը:



- Ինչ-որ բաներ փորձել է անել, եւ կարծում եմ, որ այս ժամանակն այդքան բավարար չէր, ամեն դեպքում, ես հավատում եմ նախագահին:



- Այս 5 տարվա մեջ կնշե՞ք մի օրենք, նախաձեռնություն, որով ինչ-որ մի քայլ է արվել մշակութային դաշտում:



- Նրա կողմից հատուկ մի քայլ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել,որ մեր երգարվեստում օրենք դուրս եկավ, որ մարդիկ պետք է առանց ֆոնոգրամայի երգեն բեմում, ոչ թե կապիկություն անեն, եւ կարողացան նաեւ այդ հսկողությունը սահմանել, դրա համար շատ քչացան էն մարդիկ, ովքեր կապիկությամբ էին զբաղված, հետո մեր երաժշտական դպրոցներում ովքեր ազգային նվագարաններն են ընտրում, ազատվում են վարձից: Այսինքն ինչ-որ շարժ եղել է:



- Այսինքն Հանրապետականին եք Ձեր ձայնը տալու:



- Այո:



- Փաստորեն հավատում եք, որ կփոխվեն ու կփոխեն:



- Ես ամենասկզբից հավատում էի ու հավատում եմ նախագահին:



- Իսկ Ձեր լավատեսությունն ի՞նչ հիմքեր ունի:



- Ես հավատում եմ նախագահի անձին, իբրեւ հայ եւ իբրեւ ազգային մտածողություն ունեցող քաղաքական գործիչ ու հատկապես մեր արտաքին հարաբերությունների, մեր թշնամիների հետ կապված հարցերում ես հավատում եմ նրա  քաղաքականությանը, այսինքն՝ ինձ համար շատ ավելի կարեւոր է դա:



- Ենթադրվում է, որ նախընտրական քարոզարշավներին համերգների տեսքով կմասնակցեք:



- Ես ասել եմ, որ կմասնակցեմ, բայց մինչեւ հիմա դեռ որեւէ բան չկա նախատեսված:



- Միայն Հանրապետականի՞ քարոզարշավներին կմասնակցեք, թե՞ նաեւ մյուս կուսակցությունների:



- Ես խնդիր չունեմ, այսինքն եթե իմ սկզբունքներին հակառակ չլինի, որեւէ հարց չկա: