Թատրոնում հոգնած են, շատ հոգնած

Թատրոնում հոգնած են, շատ հոգնած
Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ



-Պարոն Խանջյան, այսօր Թատրոնի միջազգային օրն է, տարբեր միջոցառումներ են նախատեսված, իսկ երեկոյան լինելու է նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, մասնակցելո՞ւ եք որեւէ միջոցառման:



- Հրավիրել են «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, ինչն ինձ շատ զարմացրեց, որովհետեւ վերջին տարիներին դրամատուրգներին չէին հրավիրում:



- Որպես հյո՞ւր եք ներկա լինելու, թե՞ ինչ-որ ձեւով նաեւ ներկայացված եք:



- Որպես հյուր երեւի, եթե ներկայացված լինեի՝ կասեին:



- Իսկ ընդհանրապես թատերական միջավայր կա՞ այսօր մեր երկրում:



- Կա եւ նույնիսկ մեծ աշխուժություն կա, մի բան է մենակ ցավալի, որ այդ աշխուժությունը վերաբերում է առհասարակ թատրոնին: Ես կուզեի, որ բոլորս իրար հետ փորձեինք կայացնել հայ թատրոնը, որովհետեւ կարելի է ունենալ աշխույժ թատրոն, հանդիսատեսով լեցուն թատրոն, կարելի է ունենալ նույնիսկ շատ լավ բեմադրություններ, բայց դա չլինի հայոց թատրոն, որովհետեւ հայ ժամանակակից դրամատուրգիան շատ քիչ տեղ ունի թատրոնում, իսկ առանց ժամանակակից դրամատուրգիայի չի կարող լինել ազգային թատրոն:



- Այսինքն հայոց թատրոն չունենալու պատճառը քիչ ներկայացվող հայ դրամատուրգիան է:



- Իհարկե, կարելի է հոյակապ Չեխով բեմադրել, բայց դա հայ թատրոն չի, դա պարզապես լավ թատրոն է, Չեխով կարելի է անընդհատ բեմադրել, բայց մեկ է՝ ռուսներից լավ չենք բեմադրի, ոչ էլ Շեքսպիր՝ անգլիացիներից լավ: Կունենանք պարզապես լավ թատրոն, դա էլ վատ չի, բայց ես կուզենայի, որ ունենայինք հայոց թատրոն: Մեր թատրոնները չեն ուզում գոնե մի քիչ զիջման գնալ եւ բեմադրել իրենց պիեսները, թեեւ ես դա զիջում չեմ համարում, իրենք են այդպես համարում: Սնոբություն է անընդհատ երես թեքել սեփականից եւ անընդհատ նայել դրսի պիեսներին: Ի վերջո չի կարելի ասել, որ հայ ռեժիսորն առավել բարձր է, քան հայ թատերագիրը, որովհետեւ բոլորս էլ նույն արգանդից ենք, եւ այդպես չի լինում: Ես ընդամենը մտահոգված եմ, լավ կլիներ, որ իրենք էլ մտահոգվեին, մշակույթի նախարարությունն էլ, եւ հեռահար ծրագիր ունենային հայ թատրոն ստեղծելու:



- Շատերն էլ ասում են, որ այսօր թատրոնում ուժեղ դրամատուրգիական գործեր չկան, այսօր թատրոնին ինչ է պակասում՝ դրամատուրգիա, ռեժիսուրա, դերասաններ:



- Թատրոնում հոգնած են, շատ հոգնած են ու սնոբական կեցվածքի մեջ են, լավ դրամատուրգիա կա, պետք է փնտրել, պետք է դրամատուրգների հետ աշխատել, որովհետեւ իրենք իրենց կողքին են: Պիեսը բեմի վրա պետք է պիես դառնա, իսկ դրամատուրգներին մեկ չես բեմադրում, երկու չես բեմադրում, մարդիկ հոգնում են, դադարում են գրելուց. այդ անտարբերությունը ջարդում է, իսկ հայ դրամատուրգիան պետք է իրար հետ կայանա, դա մի քիչ սպեցիֆիկ ստեղծագործություն է, պետք է ռեժիսորներն էլ ձեռնամուխ լինեն, իրանք ասեն՝ թատերագիր չկա, մենք ասենք ՝ ռեժիսոր չկա, ամեն ինչ էլ կա, ուղղակի մի քիչ ավելի լուրջ վերաբերմունք է պետք:



- Իսկ ի՞նչն է պատճառը, որ հայ դրամատուրգների գործերով չեն հետաքրքրվում:



- Նախ ծույլ են, չեն հավատում իրենց դրամատուրգիային եւ հետո չեն էլ կարդում, ասենք՝ պիես ես տալիս, 6 ամիս, 8 ամիս, մի տարի՝ պատասխան չկա: Թող գոնե ասեն՝ վատն է, չենք վերցնում, դնում են սպասողական վիճակի մեջ, ծուլանում են պիես կարդալ, հետո երեւի յուրաքանչյուր ռեժիսոր ուզում է հավերժական մի բան բեմադրել ու դրա հետ միասին գնալ հավերժություն, այդ պատրանքների մեջ են, էլի... այսինքն մտածում են ոչ թե հայ թատրոնի մասին, այլ թե այնպիսի մի բան բեմադրեն... իսկ այնպիսի մի բանն անպայման պետք է լինի կամ Բրեխտը, կամ Գոգոլը, կամ Չեխովը, դա չի կարող լինել ոչ Խոդիկյանը, ոչ Խանջյանը, ոչ Կոսյանը, չեն կարող լինել, էլի, իրենց համար այդպես է:



- Բայց ամեն դեպքում գոնե Ձեզ անդրադառնում են:



- Բայց մենակ ինձնով չի, հետո հիմնականում անդրադառնում են իմ կոմեդիաներին, իսկ ես ահագին լուրջ պիեսներ ունեմ, որ կուզեի բեմադրվեն: Այսօր կոմեդիայի ժամանակ է, ու դա այն աստիճանի է հասնում, որ նույնիսկ մեջդ խռովություն է առաջանում, մտածում եմ, որ գուցե էլ կոմեդիա չգրեմ, թող գնան, ինչ ուզում են անեն իրենց կոմեդիաներով:



- Իսկ այսօրվա պետական եւ մասնավոր թատրոնները բավարա՞ր են մեր երկրի համար, թե՞ ավելի քան շատ են:



- Եթե հանդիսատես գնում է, եթե կա՝ նորմալ է, պարզապես բոլոր թատրոնները կամ նրանց հիմնական մասը պետությունն է ֆինանսավորում, եւ հենց այդ լծակն է, որ պետությունը կարող է մշակույթի նախարարությանն օգտագործել եւ կայացնել հայ թատրոնը, այսինքն եթե փող է տալիս, կարող է պահանջել, որ այդ փողի դիմաց ժամանակակից հայ թատերագրի բեմադրեն:



- Պարբերաբար թատերական մրցանակաբաշխություններ են լինում, անգամ վերջերս օնլայն տիրույթ տեղափոխվեց, ի՞նչ կասեք այդ մրցանակաբաշխությունների ու մրցանակակիրների մասին:



- Ես, անկեղծ ասած, այդպես չեմ հետեւել, բայց մի քիչ այդ տխրությունը կա, ոչ թե որ վատ թատրոն, վատ բեմադրություններ եմ նայել, ես շատ լավ բեմադրություններ եմ նայել, ուղղակի այդ աշխուժությունը ես չեմ ընդունում որպես հայ թատրոնի կայացում, ես դա ընդունում եմ պարզապես աշխուժություն արվեստի մի երեւույթի շուրջ, ինչպես կա հիմա կինոյի շուրջ: Դրանք շուրջը, մերձակայքում եղած աշխուժություններ են, փառատոններ, մրցանակաբաշխություններ, բայց ես կուզեի, որ հեռահար ծրագրեր ունենային, թատերագրի ու ռեժիսորի հետ կարողանային աշխատել:



- Ասացիք նաեւ, որ շատ լավ ներկայացումներ եք նայել, կթվարկե՞ք Ձեր տեսած վերջին լավ ներկայացումներից մի քանիսը:



- Վերջերս դրամատիկ թատրոնում Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի» պիեսի հիման վրա բավականին բարձր մակարդակով բեմադրություն էր արված:



ՀԳ - Երեկ երեկոյան «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արդեն պարզ դարձավ, որ «Լավագույն պիես» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գուրգեն Խանջյանն իր «Անմեղսունակների պարը» պիեսի համար: Մրցանակն ստանալիս Խանջյանն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ հայ դրամատուրգիան լինի հայ թատրոնի հիմնական զբաղմունքը: