Համազգայինը շենք կունենա

Համազգայինը շենք կունենա
Մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվում էր նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին: Բայց, ի տարբերություն անցած տարվա, երբ հաղթողներին մրցանակի հետ միասին նաեւ 50 հազար դրամ էին տալիս, այս տարի կազմակերպիչները սահմանափակվել էին միայն «Արտավազդով»: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ Հասմիկ Պողոսյանն ու Հովիկ Աբրահամյանը, վերջինիս Երվանդ Ղազանչյանը բեմից խնդրանք-առաջարկով դիմեց՝ Երեւանում կառուցել Գոհար Գասպարյանի արձանը, խնդրելով իրենց ցանկություն-խնդրանքը փոխանցել նախագահին, նշելով, որ ամեն ինչ շատ պարզ է. նախագահը հանձնարարում է մշակույթի նախարարությանը, նախարարը մրցույթ է հայտարարում, իսկ արդեն մյուս տարի «վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն անում է բացումը»՝ այդկերպ տալով երաշխիքներ 2013-ին իրենց կողմից արդեն վերընտրված նախագահին: Մյուս կարեւոր իրադարձությունը թատերական աշխարհում, որն արդեն ստացել էր նախագահի հավանությունն ու աջակցությունը, այն էր, որ Համազգային թատրոնը վերջապես կունենա իր շենքը:



Սոս Սարգսյանի վատառողջ լինելու պատճառով երեկ խոսեցինք Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ, ով նշեց, որ շենք ունենալու մասին իրենց ասել է հենց նախագահը՝ մարտի 12-ին, «Արտէքսպոյի» ժամանակ: «Մեր տաղավարը ներկայացրել էինք որպես խաչբառ՝ հարցերով, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Համազգային թատրոնին:



Հարցերից մեկն էլ այն էր, թե որն է համազգայինցիների երազանքը, ու երբ նախագահը մոտեցավ մեր տաղավարին, ես ասացի՝ չե՞ք ուզում մի հարցի էլ Դուք պատասխանել, նախագահը մոտեցավ եւ սկսեց կարդալ հարցերը, ես ասացի, որ շատ ուրախ կլինեմ, եթե պատասխանեք այս հարցին՝ ո՞րն է համազգայինցիների երազանքը, ինքը նայեց ինձ ու ասաց՝ շե՞նք, ասացի՝ այո, հետո վերցրեց գրիչը եւ իր ձեռքով գրեց՝ շենք, ապա ավելացրեց, որ կարող է նաեւ հասցեն ասել՝ Արամի փողոցի վրա, եւ որ Սոս Սարգսյանին ինքը խոստացել է, որ Համազգային թատրոնի շենքի հարցը պետք է լուծվի, այսինքն սա արդեն դեֆակտո որոշում է»,- մեզ հետ զրույցում ասաց Համազգայինի տնօրենը, նշելով, որ այս պահին դեռ գիտեն միայն այն, որ Արամի փողոցի վրա հող կտրամադրվի, որի վրա էլ կկառուցվի Համազգային թատրոնի շենքը, իսկ թե երբվանից շինարարությունը կսկսվի եւ երբ կավարտվի, հարցեր են, որոնց պատասխանը դեռ իրենք էլ չգիտեն: