Շամս Լանգյարուդի. «Փողոցների նավաստին»

Շամս Լանգյարուդի. «Փողոցների նավաստին»
Վերջին տասնամյակում իրանական պոեզիայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացվում են բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությունների շնորհիվ: Սոհրաբ Սեփեհրի, Ղեյսար Ամինփուր, Ահմադ Շամլու, Ֆորուխ Ֆարրոխզադ… Այս բանաստեղծներն իրանական ժամանակակից պոեզիայի ամենահնչեղ եւ տաղանդավոր անուններն են, որոնց ստեղծագործություններն առանձին գրքերով եւ անթոլոգիաներով տարբեր տարեթվերին մատուցվում են հայ ընթերցողին: Էդուարդ Հախվերդյանը նաեւ հանդիսանում է համաշխարհային գլուխգործոցներից մեկը համարվող հռչակավոր արձակագիր Սադեղ Հեթայաթի «Քոռ բու» վիպակի թարգմանության հեղինակը:



Իրանի ժամանակակից պոեզիայի հայտնի դեմքերից մեկի՝ Շամս Լանգյարուդիի «Փողոցների նավաստին» ժողովածուի թարգմանությունը եւ  լույսընծայումը (Երեւան, 2011թ., «Գրական հայրենիք», թարգմանությունը՝ Է. Հախվերդյանի) հերթական հնարավորությունն է՝ ծանոթանալու ժամանակակից իրանական պոեզիայի տենդենցներին` ձեւին, հնարավորություններին եւ ընդհանրապես արեւելյան պոետիկայի ներքին զարգացումներին ու ռիթմերին:



Շամս Լանգյարուդին ծնվել է 1950 թվականին: Նա հեղինակ է «Իրանական մոդեռն պոեզիայի անալիտիկ պատմություն» քառահատոր, մեծածավալ աշխատության: Նրա հեղինակած բանաստեղծական ժողովածուներից են «Տիկինը եւ մոխիրը», «Նոտաներ փայտե սոխակի համար», «Դժոխքի այգեպանը», այդ թվում նաեւ մի շարք հայտնի վեպերի, ակնարկների եւ հոդվածների:



Լանգյարուդիի պոեզիան աչքի է ընկնում մինիմալիստական երանգներով, պարզությամբ, սարկազմով եւ պատկերային աֆորիստիկ դրսեւորումներով:



***



Ինչպես ընկած միրգ



Տխուր եմ,



Միրգ, որի ծառը կտրել ու



տարել են



***



Ուրիշ ելք չկա



Բացի այն ճամփից,



Որ ինձ



Կհասցնի ինձ:



 



Ձեռքդ ձեռքիդ մեջ



Ինչպես կարմիր վարդ.



Ուրախ եղիր քո վարդ լինելով…



Լանգյարուդիի պոետական դիխոտոմիան, համահարթեցումը, այլակերպությունը ներդաշնակությունից դեպի նոր անճանաչելի ներդաշնակություն, նրա քչախոսությունը եւ խոսքին արագ ազատություն շնորհելու արվեստը մեդիտատիվ զգացողությունով են պարուրում: Ժողովածուի բանաստեղծություններն ասես կարճ վրձնահարվածներ լինեն, որոնց շարունակությունը լռության մեջ է սղվում: Թվում է՝ ընթերցանությունը դեռ չսկսված, ավարտվում է: Շամս Լանգյարուդիի էսթետիկան մի վկայություն է ժամանակակից իրանական պոեզիայի կենսունակության, խոր ավանդույթներից հետո նոր խոսքի անսպառության եւ շնորհի մասին: