Էքստրեմալ սեքս. ո՞ւմ կյանքում չի եղել

Էքստրեմալ սեքս. ո՞ւմ կյանքում չի եղել
Էքստրեմալ սեքս կամ սեքսի ժամանակ էքստրեմալ վիճակներ ո՞ւմ կյանքում չեն եղել: Ասեմ, որ ում կյանքում չեն եղել, նա շատ բան է կորցրել: Դրանից ադրենալինդ բարձրանում է, սուր եւ երկար հիշվող զգացողություններ ես ունենում, որ վերհիշելուց անգամ արյունդ սառչում է երակներումդ: Ասենք, փորձե՞լ եք հանրակացարանային մի մեծ սենյակում կամ վրանում, որտեղ 20-ից ավելի տարբեր սեռի մարդիկ են քնած, սեքսով զբաղվել: Երբ հույս ունեք, որ բոլորը քնած են, բայց ամեն շշուկից զգաստանում եք, փորձում եք անաղմուկ գործել, ինչը գրեթե անհնարին է, վտանգի ու ամոթի զգացումը խառնվում է հաճույքին, թեեւ այդ ռիսկային ձեռնարկից հրաժարվելու մտադրություն չունեք՝ անգամ եթե իմանաք, որ բոլորն արթուն են եւ ձեզ են հետեւում: Մյուս օրը կարող է ձեր վրա զգաք ոմանց հետաքրքրված ու ծաղրական հայացքները եւ հերոսաբար ձեւ անեք, որ դա դուք չէիք, բայց հավատացեք՝ "իգրա ստոիտ սվեչ":



Ընկերուհիս, օրինակ, արտառոց իրավիճակների մեծ սիրահար է, մի օր խոստովանեց, որ սեքսով է զբաղվել... հոգեհանգստի ժամանակ, երբ կողքի սենյակում դիակ էր դրված, բավական մոտ մարդու դիակ, նրան փորձել են մխիթարել, եւ պարզվել է՝ մխիթարության լավագույն միջոցը սերն է... Մի տեղ կարդացել եմ, որ էքստրիմի սիրահարները ինչ խելահեղությունների ասես չեն դիմում՝ ջրի մեջ, օդում, վտանգավոր ժայռի ծերպին սեքսով են զբաղվում, ինչը երբեմն տխուր ավարտ է ունենում, բայց մարդկանց դա դուր է գալիս: Մարդ էակը, ընդհանրապես, ողջ կյանքում սուր զգացումների, ռոմանտիկ վիճակների կարիք է զգում ու դրա համար դիմում է ամենաանհեթեթ միջոցների՝ երբեմն վտանգելով իր ունեցածը: Սեքսուալ տարբեր խաղալիքներ օգտագործելու, տարբեր վայրերում սեքսով զբաղվելու, շարունակ պարտնյորներ փոխելու փորձերն էլ են հենց դրանով պայմանավորված՝ սուր զգացումների պահանջով:



Պատկերացրեք, ինչ վտանգավոր ու անսովոր է, երբ խելահեղության մի նոպայի ժամանակ տնից դուրս ես գալիս ու անծանոթ մեկի հետ գնում անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ տեւած ժամանցից հետո կարող է այդ անձնավորության անունն էլ չիմանաս եւ երբեք այլեւս նրան չտեսնես, բայց զգացողությունը, որ անդունդի եզրով մի քանի քայլ ես արել՝ մնում է: Չի բացառվում, իհարկե, որ մի գեղեցիկ օր մեկը փողոցում թեւիցդ քաշի, ու դու երկար չկարողանաս տեղը բերել, թե ով է այս անծանոթը, միայն մի քանի ակնարկից հետո հիշես քո մեկ օրվա ընկերոջը, բայց դե ով սխալներ չի արել իր կյանքում: Իսկ սա կարելի է համեմատաբար անվնաս սխալների թվին դասել: Եւ մի բան էլ. իմ փորձով համոզվել եմ, որ սեքսի մեջ պետք չէ արհեստականորեն էքստրեմալ վիճակներ ստեղծել, դա ինքնիրեն պետք է ստացվի: Երբեմն ամենասովորական ու ամենաշարքային օրը, առանց որեւէ նախապատրաստության ու հնարքների, բաց պատշգամբում՝ քամու ուղեկցությամբ տեղի ունեցած սեքսն ամենահիշվողն է լինում ու ամենաջերմը: Այնպես որ, կարեւորը ոչ այնքան պրոցեսն է, որքան այն, թե ում հետ ես տրվում այդ պրոցեսին:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ