Ոչ թե ասպետ, այլ նարցիս

Ոչ թե ասպետ, այլ նարցիս
Ի՞նչ անուն կտայիք այն մարդուն, որի բոլոր նախադասությունները, մտքերը, պատմությունները սկսվում են «ես» բառով: Ես, ես, ես... ես լավ չեմ զգում, ես հոգնած եմ, ես քնել եմ ուզում, ես այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեմ, ես քեզանից լավ եմ հասկանում ինչն ինչոց է... եւ այդպես շարունակ: Կասեք նորմա՞լ է: Մի ժամանակ ես էլ էի այդպես մտածում: Հետո հասկացա, որ դա որոշակի հոգեբանություն է, մտածողություն, տեսակ, որի համար աշխարհի կենտրոնը ինքն է: Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է իրենով: Կարեւորը իր զգացողություններն են, իր հոգեվիճակը, իր առողջությունը, իր կյանքը, իր աշխատանքը...



Մնացած ամեն ինչ կա այնքանով, որքանով ծառայում է վերը թվարկվածին: Եթե որեւէ մեկը դույզն-ինչ չի նպաստում, առավել եւս՝ ով սպառնում է իր կեցությանը, հոգեվիճակին, ուրեմն պետք է վերանա, ոչնչանա, ով ուզում է լինի՝ սիրելի կին, 30 տարվա ընկեր թե սիրասուն զավակ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան դժվար է նման մարդու հետ ապրելը: Ինչ-որ ժամանակ անց դու պարզապես վերածվում ես նրա բարեկեցությունը, լավ ինքնազգացողությունը, կենցաղն ապահովող էակի, որի միակ հոգսը դառնում է նա, նրա ես-ը, նրա անձը, նրա ընկերները, նրա հարազատները, նրա աշխատանքը, նրա անցյալը, ներկան ու ապագան: Ինչ-որ պահից դու զգում ես, որ դադարել ես գոյություն ունենալուց:



Դու այլեւս ցանկություններ, զգացումներ, ձգտումներ չունես՝ նրա ցանկությունները, զգացումները, ձգտումները դարձել են քոնը: Դու նաեւ չունես անձնական հոգսեր, մտահոգություններ, դժվարություններ, նրա հոգսերն ու անհանգստությունները, նրա հաջողություններն ու անհաջողությունները դարձել են քոնը: Եւ մի օր էլ հայտնաբերում ես, որ դու պարզապես չկաս: Կա միայն նա, նրա ես-ը, նրա անձը: Դու նրա կցորդն ես, նրա աղախինը, նրա ենթական ու ստվերը: Տղամարդկային մեր հասարակությունում շատերը կասեն, որ դա նորմալ է՝ կինը պետք է լինի տղամարդու կցորդը, աղախինը, ենթական: Ծանոթներիցս մեկը, օրինակ, շարունակ զարմանում էր՝ ինչպե՞ս կարող է կինը հիմնարկի ղեկավար լինել:



Եւ որպես մղձավանջային երազ, ամենաանթույլատրելի բան օրինակ էր բերում. «Այսինքն՝ հիմնարկի վարորդը մտնի մոտդ ու ասի, որ բենզինը վերջացել է՝ բենզինի փող տո՞ւր ինձ»: Անշուշտ, դժվար է հասկանալ տղամարդկային տրամաբանությունը. ինչու կարելի է մտնել տուն եւ զայրացած գոռալ. «Որտե՞ղ են հողաթափերս», ու դու սարսափահար վազես հողաթափերը բերելու, եւ դա կնոջ համար շատ ավելի պատվաբեր լինի, քան վարորդին բենզինի փող տալը:



Թեեւ, եթե անկեղծ լինեմ՝ սեփական անձը սիրելի տղամարդուն նվիրաբերելու մեջ ես վատ բան չեմ տեսնում, ավելին՝ դա ցանկացած կնոջ երազանքն է, բայց միայն այն պարագայում, երբ կողքիդ տղամարդը ոչ թե ինքնասիրահարված նարցիս է, այլ քեզ սիրահարված, քո կյանքը գեղեցկացնելու, իմաստավորելու պատրաստ ասպետ: Բայց, ցավոք, մեզ ավելի հաճախ հանդիպում են ոչ թե ասպետներ, այլ հենց նարցիսներ, որոնց յուրաքանչյուր նախադասությունը սկսվում է «ես»-ով:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ