Վարպետը լովելաս է, կանանց սիրելի եւ կանանց սիրահար

Վարպետը լովելաս է, կանանց սիրելի եւ կանանց սիրահար
Դա ոչ թե արվեստանոց է, այլ սրճարան-ռեստորան, ընկերների հավաքատեղի, սիրահարների հանդիպման վայր, անտունների օթեւան: Լավորակ երաժշտություն, վատորակ խմիչք, ցածրաճաշակ նկարներ ու բոհեմական մթնոլորտ: Աղքատ արվեստագետների կյանքը հենց այսպիսին է: Այստեղ հնարավոր է շատ փող չծախսել, բայց արվեստագետին բնորոշ թեթեւ ու ստեղծագործական կյանքով ապրել: Կանանց մի հսկա բազմություն է անցել այս արվեստանոցով՝ ոչ միայն իր՝ տանտիրոջ, այլեւ նրա ընկերների ընկերուհիներն ու կանայք, բնորդուհիներ ու մուսաներ, պատահական այցելուներ ու գնորդներ...:



Ամեն ինչ այստեղ մտածված է, որպեսզի անմիջական ու տրամադրող մթնոլորտ ապահովվի: Հնամենի ռոյալն ու կիթառը, հազվագյուտ դիսկերն ու բիլիարդը, մոլբերտն ու անգամ գազի վառարանը, որ անցյալում փայտի վառարան է եղել: Բոհեմական միջավայրին բնորոշ մշտական ստեղծագործական թափթփվածություն, որի մեջ տեղավորվում են անգամ կեղտոտ ափսեների հսկա կույտն ու դատարկ շշերի ծով բազմությունը: Ինչքան մտնես այս արվեստանոց, նկարչի հերթական ընկերուհին գոգնոցը կապած՝ աման է լվանում:



Իսկ ինքն արվեստագետ է եւ համարում է, որ ամաններ լվանալու գործառույթը շատ կենցաղային է եւ ոչ միայն տղամարդուն սազական չէ, այլեւ արվեստի մեջ չի տեղավորվում, այն կարող է վարպետի ստեղծագործական վերելքին խանգարել, ուստի երբեք անձամբ չի լվանում ընկերների արշավից հետո մնացած ամանները: Երբեմն կեղտոտ ամանների կույտը հասնում է առաստաղին, այդ ժամանակ նա նոր հավաքույթ է կազմակերպում, որի ժամանակ մի կերպ մաքրվում են նախորդ հավաքույթի հետքերը, բայց առաջանում նորերը:



Կանայք, որպես կանոն, չեն տրտնջում՝ ամանների լվացման պրոցեսից հետո սպասվող հաճույքը կոմպենսացնում է այդ մանր-մունր տհաճությունները: Չէ որ վարպետը լովելաս է, կանանց սիրելի եւ կանանց սիրահար: Նրա իմպոզանտ արտաքինը, սիրահետելու կերպը, ջենտլմենական պահվածքը բավարարում են ցանկացած ճաշակի ու բնույթի կնոջ: Նա բուռն ու սիրուն ուրախանալ գիտի, երգ ու պարն էլ նրան խորթ չեն, թեեւ իր հիմնական փեշակը նկարչությունն է, բայց արվեստագետ է՝ բառիս լայն իմաստով: Իսկ երբ վրձինը ձեռքին ստեղծագործում է, ուղղակի աչք շոյող տեսարան է, եւ ցանկացած կին կերազի նրա կողքին լինել: Նա աշխատում է ոչ մեկին չզրկել այդ հաճույքից:



Եթե կինն ուզում է՝ ինչպե՞ս մերժես,- մոտավորապես մտածում է նա ու փորձում չնեղացնել ոչ մեկին: Եւ կանայք հերթագայում են նրա կյանքում: Նա ծերանում է եւ ակնհայտորեն շտապում՝ ոչ մեկին բաց չթողնելու, ոչինչ չանտեսելու սկզբունքով: Կանայք, բնականաբար, խանդում են իրար, դժվար են տանում միմյանց ներկայությունը: Երբեմն տեսարաններ են սարքում: Բայց ի վերջո՝ բոլորին հասնում է, ուստի հաշտվում են մաեստրոյի՝ իրենց բաժին հանած երջանկության չափաքանակի հետ:



Բայց, ինչպես բոլոր մելոդրամաներում, մի օր մաեստրոյի կյանքում հայտնվեց այն կինը, որին նա երազում էր: Եւ որը չհամաձայնեց հաշտվել հարեմի անդամը լինելու կարգավիճակի հետ: Նրա համար անհասկանալի էր տղամարդու կյանքը, նա կարծում էր, որ եթե անգամ շատ տաղանդավոր ու անկրկնելի տղամարդ է իրեն հանդիպել, միեւնույն է՝ ինքն ավելի անկրկնելի ու անփոխարինելի է: Իր հետ, իրեն զուգահեռ չի կարող աման լվացող կանանց բազմություն լինել: Չի կարող հոգոց հանող, մաեստրոյին երազող կանանց շունչն իր թիկունքին զգալ: Այս փորձությանը մաեստրոն չդիմացավ, նա չէր կարող հասուն տարիքում իր կենցաղը փոխել: Եւ կին-երազն այդպես էլ իրականություն չդարձավ:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ



նկարը` Բորիս Կազակովի