Կադրերն են որոշում ամեն ինչ

Կադրերն են որոշում ամեն ինչ
Մի կողմից մեր կադրային ռեսուրսն այնքան աղքատ է, որ ամենուր, ցանկացած ասպարեզում լավ մասնագետների, փորձառու աշխատողների պակաս կա: Մյուս կողմից մենք այնքան անփույթ ենք մարդկանց նկատմամբ, որ որակյալ մասնագետին, հանրօգուտ աշխատանք կատարելու ունակ մարդուն չենք գնահատում: Իսկ երբ մարդը գնահատված չէ, նա ոչ միայն ամեն վայրկյան պատրաստ է լքել իրեն չգնահատող երկիրը, այլեւ պարզապես ազատ մարդ չէ՝ կախված է իր պաշտոնից եւ ունեցած փոքրիկ կամ մեծ բարեկեցությունից: Ասենք, ինչո՞վ են զբաղվելու խորհրդարանից դուրս մնացած անձինք՝ սկսած Անահիտ Բախշյանից, վերջացրած Վիկտոր Դալլաքյանով: Որքան էլ ասենք, որ ընտրություն է, եւ հասարակությունն է որոշում՝ ով գնա խորհրդարան, իսկ ով ավարտի իր պառլամենտական գործունեությունը, անկեղծորեն կարելի է ափսոսալ, որ հինգերորդ գումարման խորհրդարանում չեն լինելու Արմեն Մարտիրոսյանն ու Լարիսա Ալավերդյանը, Վարդան Բոստանջյանն ու Լիլիթ Գալստյանը, Արա Նռանյանն ու Ռուզան Առաքելյանը: Մարդիկ, ովքեր օգտակար էին խորհրդարանում: Անշուշտ, ոչ մի ողբերգական բան չի եղել, որ նրանք այլեւս Ազգային ժողովի պատգամավորներ չեն լինելու, բայց այս մարդիկ ունեն գիտելիքներ ու փորձ, որը կարող էր ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Ինչո՞վ են զբաղվելու նրանք, որտե՞ղ են կիրառելու իրենց կուտակած գիտելիքները: Ահա այստեղ է ողբերգությունը: Երբ ետ ես նայում մեր երկրի անցած ճանապարհին, տեսնում ես, թե ինչքան մարդիկ են եկել ու անցել պառլամենտական բովով: Եվ դուրս մնալով մեծ քաղաքականությունից, այլեւս չեն գտել իրենց տեղը՝ դարձել են չպահանջված ու չիրացված: Բայց չէ՞ որ մենք այնքան հարուստ չենք, որ այս մարդկանց գիտելիքները չօգտագործելու շռայլություն թույլ տանք մեզ: