Թերթերին կտուգանե՞ն

Թերթերին կտուգանե՞ն
Մայիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը օրենքով արգելված քարոզչություն իրականացնելու համար այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվում է երկու վարչական վարույթ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» եւ «ժամանակ» օրաթերթերի նկատմամբ: Ավելի կոնկրետ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, «Չորրորդ ինքնիշխանության» նկատմամբ վարչական վարույթն արդեն իրականացվել է: Նույն օրը՝ մայիսի 5-ին (հարցը պետք է քննարկվեր մինչեւ ընտրության օրը), այս խնդրի հետ կապված վարչական լսումներ պետք է կազմակերպվեին «Ժամանակ» օրաթերթի մասով, սակայն թերթի ներկայացուցիչը չէր ներկայացել: «Ու քանի որ նման վարույթների ժամանակ կողմերի ներկայությունն ունի պարտադիր նշանակություն, առաջիկայում մենք  համապատասխան ծանուցումը կկրկնենք եւս մեկ անգամ, համապատասխան վարչական լսումներ կկազմակերպենք, որից հետո կկազմվի համապատասխան արձանագրություն եւ հայց կներկայացվի դատարան»,-ասաց Մուկուչյանը: Լռության օրը թերթերի մոնիտորինգն իրականացրել է հենց ԿԸՀ-ն, սակայն միայն մեկ՝ «Չորրորդ ինքնիշխանության» դեպքում է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել, իսկ «Ժամանակի» դեպքում համապատասխան դիմում է ներկայացվել: «Դեպքերը կուսումնասիրվեն, արձանագրությունները կկազմվեն, եւ եթե դրանցում առկա լինեն վարչական իրավախախտումների փաստեր, վերջնականապես գնահատվեն այդ փաստերը, ապա կներկայացվի համապատասխան հայցադիմում»,-ասաց Մուկուչյանը:



Ի դեպ, լռության օրվանից մեկ օր առաջ ԿԸՀ անդամներից մեկը մեկնաբանություն էր տվել՝ ասելով, որ  թերթերը, լրատվամիջոցները կարող են գրել մարզական, մշակութային, գիտական եւ այլ թեմաներով, սակայն ոչ ներքաղաքական: Եվ եթե նյութերում շոշափվեր անգամ որեւէ կուսակցության անուն, ապա դա կարող էր դիտվել քարոզչություն կամ հակաքարոզչություն: Հավանաբար հենց դա էր պատճառը, որ որոշ թերթեր, այդ թվում «Հրապարակը», գերադասեցին լույս չտեսնել, քանի որ պարզապես հնարավոր չէր թերթի 8 էջը համապատասխանեցնել ԸՕ-ի պահանջներին:



«Ժամանակի» դեպքում վիճարկվող նյութը եղել է վերլուծական մի հոդված, իսկ «Չորրորդ ինքնիշխանության» դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի կազմակերպած հանրահավաք-համերգի ընթացքում տեղի ունեցած պայթյունի լուսաբանմանը, այլեւ մի քանի այլ նյութերի: Հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում, թե տվյալ նյութը քարոզչություն կամ հակաքարոզչություն է պարունակում, Մուկուչյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր նյութ գնահատվում է որպես առանձին գնահատողական նյութ, այսինքն՝ որքանով է հրապարակված, տպագրված նյութը իրենում բացառում քարոզչական էլեմենտներ, որովհետեւ շատ հաճախ նույն լրատվությունն ամենատարբեր մեկնաբանմամբ կարող է ունենալ ամենատարբեր ընկալման թե էֆեկտ, թե նպատակ»:



Ի դեպ, երեկ լրատվամիջոցներով շրջանառվում էր նաեւ «Հայացք» օրաթերթի անունը, սակայն այս թերթի հետ կապված, Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ն ոչ դիմում է ստացել, ոչ էլ իրենց  ուսումնասիրությունների արդյունքում է խախտում հայտնաբերվել: Ի դեպ, լռության օրը արգելված քարոզչությամբ զբաղվելը լրատվամիջոցների համար «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 40-րդ հոդվածը սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով: