Դեռեւս հիմնավորում են ԲՀԿ-ի ընտրակաշառքները

Դեռեւս հիմնավորում են ԲՀԿ-ի ընտրակաշառքները
Խորհրդարանական ընտրությունների թոհուբոհից շունչ քաշեց նաեւ ոստիկանությունը: Առավել եւս, որ արմատական ընդդիմությունը հաշտվեց ստեղծված վիճակի հետ եւ հետընտրական շրջանում չբորբոքեց պայքարը կեղծված ընտրությունների դեմ՝ զանգվածային միջոցառումների տեսքով: Թերեւս անելիքներն ավարտած համարելով՝ ոստիկանության ընտրական գծով պատասխանատուները  երեկ ամփոփեցին ընտրություններից ստացված ահազանգերն ու դրանց ընթացքը: Նրանց հաշվետվության մեջ ուշագրավը   ընտրակաշառքի 33 դեպքի մասին ահազանգն էր եւ այս ահազանգերի հիմքով հարուցված քրեական գործերը: Պարզվում է՝ հիմնավորվում են միայն ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքները, իսկ մյուս կուսակցությունները ոչ ընտրակաշառք են բաժանել, ոչ էլ որեւէ այլ խախտում կատարել: Իսկ մինչ այդ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, թե ինչպես է ստացվել, որ հատկապես ՀՀԿ-ի մասով ահազանգեր եղել են, բայց ընթացք չի տրվել:



- Պարոն Պողոսյան, մասնավորապես ընտրակաշառքի 33 ահազանգից քանիսի՞ նկատմամբ է քրգործ հարուցվել:



- Այսօրվա դրությամբ վեց դեպք ունենք Շիրակի մարզում: Երեքը կար, վեցը հարուցվել է, ու ինը միասին ուղարկվել է հատուկ քննչական: Այսինքն, ինը դեպք Շիրակի մարզից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ գումարած երկու նախապատրաստված նյութեր առաջին օրը Արաբկիր եւ Շենգավիթ վարչական տարածքներից ուղարկվել են ՀՔԾ, ընդունվել է վարույթ ՀՀ  Քրեական օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասով:



- Ընտրակաշառքների մասով ահազանգերի կտրվածքով ո՞ր կուսակցությունն է գերակշռող:



- Խառը, պատկերացրեք՝ խառն է:



- Օրինակ, Հանրապետական կուսակցության վերաբերյալ ընտրակաշառքի քանի՞ ահազանգ եք ստացել եւ քանիսի՞ն եք ընթացք տվել:



- Ահազանգեր եղել են, բայց քննությամբ հիմնավորում չկա: Մյուսներից էլ, եթե չեմ սխալվում, հարուցված չկա: Հարուցված է հիմնականում….



- ԲՀԿ-ի՞ց…



- Հիմնականում ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են...



- Հատկապես Շիրակի մարզի ահազանգերին ընթացք տալն  արդյո՞ք չի նշանակում, որ ոստիկանությունն ուղղորդված է գործում, եթե հաշվի առնենք, որ այս մարզում մեծամասնականով առաջադրված ԲՀԿ-ական երեք  թեկնածուներ հաղթել են:



- Բացարձակ ոչ: Դա ավելի շուտ կանխարգելիչ աշխատանքի արդյունք է: Թե մենք, թե դատախազության մեր գործընկերները հայտարարությամբ հանդես եկանք, որ ընտրակաշառք վերցնողները կարող են կամավոր հայտնել եւ քրեական պատասխանատվությունից ազատվել, մարդկանց մեջ իրավական գիտակցություն է արթնացել միգուցե: Ոստիկանությունն ընթացք է տալիս բոլոր նյութերին, բոլոր ահազանգերին: Ոստիկանության պետը առաջին իսկ օրն ասել է, որ մեր կուսակցությունը ոստիկանությունն է, եւ մենք վեր ենք կանգնած քաղաքական բոլոր ինտրիգներից: