Կոմպլեքսավորվում են մեքենա վարող կնոջ կողքին նստելիս

Կոմպլեքսավորվում են մեքենա վարող կնոջ կողքին նստելիս
Ընկերուհուս կյանքը կտրուկ փոխվեց այն պահից, երբ նա նստեց ավտոմեքենայի ղեկին: Չէ, անշուշտ, մեքենան լավ բան է եւ կարող է շատ հեշտացնել կնոջ կյանքը, մանավանդ եթե նա միայնակ մայր է, եւ ինքն է հոգում իր ու իր զավակի կարիքները: Բայց փոփոխությունները, որ հաջորդեցին ավտոմեքենայի գնման ակտին, էական էին եւ բոլորիս համար անսպասելի: Առաջին փոփոխությունն այն էր, որ շրջապատում նրա նկատմամբ վերաբերմունքը կամաց, բայց անվերադարձ փոխվեց:



Նրան սկսեցին վերաբերվել որպես վարորդի, որը կարող է օգնել այս ընկերուհուն խանութից գնված հեռուստացույցի տակդիրը տուն տեղափոխելու հարցում, մյուս ընկերուհուն՝ մորաքրոջն օդանավակայանից դիմավորելիս, երրորդին՝ Ծաղկաձոր կոնֆերանսի տանել: Սա դեռ ոչինչ: Երբ նրան սկսեցին որպես վարորդ վերաբերվել նաեւ շրջապատի տղամարդիկ, դա արդեն առաջացրեց մեր բոլորի անկեղծ վրդովմունքը:



Պատկերացնո՞ւմ եք՝ նրան հրավիրում են խնջույքի, տղամարդիկ ուզածի պես խմում են, քեֆ են անում, եւ ուշ գիշերով նա ստիպված է անմեքենա ու խմած մի քանի տղամարդկանց բաժանել տներով: Համաձայնեք, որ սա արդեն ոչ մի բանի մեջ չի տեղավորվում: Հասկացանք՝ ընկերուհիների համար վարորդ աշխատելը՝ դեռ ոչինչ, բայց երբ նրա կողքի տղամարդը խնդրում է իր աշխատանքային ընկերոջը տանել տուն, դա արդեն կնոջը կարող է կատաղության հասցնել:



Եւ նման մի կատաղության նոպայի պահին նա գրողի ծոցն ուղարկեց իր կողքի տղամարդուն եւ փորձեց նոր զուգընկեր գտնել: Այդ ժամանակ մենք հասկացանք, թե ինչ կատաստրոֆիկ փոփոխություններ կարող է առաջացնել այդ չարաբաստիկ ավտոմեքենան, որի հայտնվելն այդքան ոգեւորություն էր պատճառել մեզ բոլորիս:



Տղամարդկանց մի ճնշող զանգված ղեկին նստած կնոջը պարզապես որպես կին չի դիտում: Սրանք լրջորեն կոմպլեքսավորվում են մեքենա վարող կնոջ կողքին նստելիս, իրենց մեջ եղած բոլոր թերարժեքության բարդույթները գլուխ են բարձրացնում ու խանգարում հարաբերություններին: Տղամարդկանց այն հատվածի մեջ էլ, որոնք սրան նորմալ են վերաբերվում, մեծ թիվ են կազմում Ալֆոնսները՝ կնոջ հաշվին ապրելու հակված տղամարդիկ: Սրանց էլ ոչ մի նորմալ կին չի կարող հանդուրժել:



Մենք հասկացանք, որ հասուն կնոջ համար կայացած, ինքնավստահ, կնոջ ինտելեկտից ու կայացածությունից, երեխայից ու ավտոմեքենայից չվախեցող, կնոջ հաշվին ապրել չպատրաստվող տղամարդ գտնելը մեզանում ամենաբարդ գործն է: Եւ լրջորեն սկսեցինք կարեկցել մեր ընկերուհուն: «Գրողի ծոցն ուղարկիր այդ մեքենան ու ոտքով ման արի»,- խորհուրդ տվեց նրա ընկերներից մեկը: Բայց մեքենան արդեն նրա կյանքի բաղկացուցիչն էր դարձել, նրա սիրելին ու ընկերը՝ ավելի հավատարիմ ու նվիրված, քան շատ տղամարդիկ, ավելի անպրոբլեմ ու անմուննաթ, քան շատ ամուսիններ: Եւ մենք հասկացանք, որ նա ավելի շուտ կհրաժարվի տղամարդուց, սեքսից, ընտանիքից ու ամուսնությունից, քան ավտոմեքենայից:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ