Ժողովը շատ բան կորոշի

Ժողովը շատ  բան կորոշի
Այսօր մեկնարկող ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի երեք օր: Ժողովը հիմնականում ունենում է քառասուն պատվիրակ ու նույնքան էլ հրավիրյալ: Հրավիրյալ ՀՅԴ անդամները քվեարկելու իրավունք չունեն: ԳՄ ընտրությունները բավականին հետաքրքիր կարգով են ընթանում. երբ որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվում է, պատվիրակներից ինչ-որ մեկը պետք է այն երկրորդի, այլապես թեկնածությունն անվավեր կհամարվի: ԳՄ-ում անչափ կարեւոր է նաեւ ստացած ձայների քանակը. ԳՄ անդամ է ընտրվում ոչ թե կեսից ավելի ձայներ ստացած պատվիրակը, այլ առաջին քվեարկության ժամանակ երկու երրորդով անցած թեկնածուն:



Ստացած ձայների քանակն էլ ավելի կարեւոր է ԳՄ ներկայացուցիչ ընտրելու հարցում. ձայները վերջինիս համար հզոր քարտ բլանշ են բոլոր կարգի հարցեր լուծելիս: Այս անգամ ավելի, քան երբեւէ, ԳՄ ընտրությունները կընթանան անչափ թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն իսկ ՀՅԴ-ում անհամաձայնություններն իրենց պիկին էին հասել ՀՅԴ ֆրակցիայի կազմի եւ ղեկավարի հարցում: Նախ մանդատից հրաժարվեց Արտյուշա Շահբազյանը, եւ «Գրանդ քենդիի» ներկայացուցիչը պատգամավոր դարձավ, ինչն էլ առաջացրեց շատերի դժգոհությունը:



Ինչ վերաբերում է ֆրակցիայի ղեկավարի խնդրին, ապա ՀՅԴ երկու թեւերը մի կերպ հանգեցին կոնսենսուսի. Հրանտ Մարգարյանի թեւն առաջադրել էր Աղվան Վարդանյանին, իսկ հակընդդեմ թեւը չկարողացավ անցկացնել Վահան Հովհաննիսյանին, կոմպրոմիսի արդյունքում ֆրակցիայի ղեկավար դարձավ Արմեն Ռուստամյանը: