Ժողովրդի մեծ մասը խոհանոցում նստած է բողոքում

Ժողովրդի մեծ մասը խոհանոցում նստած է բողոքում
Հարցազրույց դերասան Աշոտ Ադամյանի հետ.



-Պարոն Ադամյան, Դուք առաջին օրերից «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության շարքերում եք եւ ականատեսն եք այս օրերի բոլոր զարգացումներին, ինչպե՞ս կբնութագրեք համաժողովրդական այս ցասումը:



- Ես դեռ չեմ ասի, որ սա համաժողովրդական ցասում է, որովհետեւ մեր ժողովրդի մեծ մասը, ցավոք սրտի, միայն խոհանոցներում նստած է բողոքում, ինչը ողբերգություն է եւ հետեւանքն է այն բանի, որ հենց ինքը՝ ժողովուրդը, կարող է իր պահվածքով վտանգել մյուս քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը: Ժողովրդի մեղքը հենց դրանում է, որ ինքը հիմնականում խոհանոցային ֆորմատում է նստած բողոքում:



Այս վերջին ընդվզումը վկայում է ընդամենը այն մասին, որ կոտրվում են պատնեշները, եւ վերջապես մարդիկ հասկանում են, որ խոհանոցներից դուրս գալ է պետք, եւ միայն այդ եղանակով կարելի է սաստել բանդիտիզմը, որը համատարած թեւածում է մեր երկրում: Եթե մեղավորները պատժվեին, այսօր ոչ մեկը ռիսկ չէր անի ինչ-որ մեկի վրա զենք, ձեռք, ոտք կամ քար բարձրացնել:



- Ցավալիորեն մի օրինաչափություն է նկատվում, որ խոհանոցներից մեզ հանում է միայն մեր հայրենակցի մահը, սպանությունը. գաղափարներին կարծես էլ ոչ ոք չի հավատում:



- Ուրեմն պատկերացրեք ինչ ուժեղ է այն ներծծված վախը, որ դու ոչինչ ես քո երկրում, որ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, որ քեզանից ոչինչ կախված չէ, անես-չանես՝ մեկ է.... չէ՞ որ այդ բառերը մենք օրական լսում ենք տարբեր մարդկանց բերանից: Այս գիտակցությունն այնքան է զրկել մեր ժողովրդի մի ստվար զանգվածին արժանապատվությունից, որ միայն երկրաշարժը կարող է ոտքի հանել: Դրա համար մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում, չգիտես ինչու, միայն Ավարայրին է ոտքի կանգնում, Սարդարապատին, այնինչ նման անբարենպաստ երկրներում ամեն օր պետք է պայքարել ներքին թշնամու դեմ, արտաքինի դեմը կառնենք, հանգիստ եղեք. եթե ներքինի դեմն առնենք, դրսի թշնամին ռիսկ չի անի մեր վրա գալ:



- Պարոն Ադամյան, իմ զրուցակից շատ մտավորականներ ասում են, որ իրենք անընդհատ խոսում են, բայց ոչինչ չի փոխվում: Նման դիրքորոշումը հատկապես մտավորականների դեպքում որքանո՞վ է արդարացված:



- Արդարացված չէ, որովհետեւ եթե ես մենակ էլ մնամ, միեւնույնն է, բարձրաձայնելու եմ, եթե ես էլ լռեմ, ուրեմն ընդհանրապես կարծիք չպետք է հայտնեմ, եթե ես ինքս քայլ չեմ անում, ուրեմն պետք է լռեմ եւ մյուսի արած քայլն իրավունք չունեմ քննել. եթե ես նստած եմ իմ տանը, ուրեմն ինձ հասնում է միայն իմ տունը եւ այն տարածքը, որը որպես իր ինձ կտրամադրեն: Իսկ նրա համար, որ դատողություն անեմ, ես պետք է լինեմ իմ երկրում պահանջատեր, այ, երբ կլինենք պահանջատեր, այդ դեպքում միասին կմտածենք, թե մեր պահանջը ոնց ենք իրականություն դարձնում:



- Այսինքն այնպես չէ, որ ժողովրդի կամ մտավորականության ձայնը տեղ չի հասնում, լինի դա տասը, հարյուր թե հազար մարդ:



- Ես մի քիչ հեռու եմ այդ մտքից, տեղ չի հասնում, ինչո՞ւ, որովհետեւ դեռեւս ոչինչ տեղի չի ունեցել, էս ի՞նչ խրախճանք է, ի՞նչ է տեղի ունեցել:



- Շատերն օրինակ առաջին, փոքրիկ հաղթանակ համարեցին Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու փաստը:



- Ես չեմ համարում դա հաղթանակ, գիտե՞ք երբ կհամարեմ փոքրիկ հաղթանակ, երբ մեղավորները՝ բանդիտները, իրենց պարագլխի՝ Նեմեց Ռուբոյի հետ նստած լինեն բանտում, գնա հետաքննություն, եւ, իհարկե, պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր հովանավորել են նրանց, այսինքն՝ ոչ բարենպաստ իշխանությանը: Ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենը հայտարարություն է, եւ թող հեքիաթներով ինձ չխաբեն:



- Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում. Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու փաստը հասարակական ճնշման արդյո՞ւնք էր, թե՞ ուղղակի նախագահի հանձնարարական:



- Դա նման է շատ անտաղանդ ու անշնորհք կազմակերպված ներկայացման, որովհետեւ դեպքը վաղուց տեղի էր ունեցել, եւ օրենքն ու ժողովուրդը միանշանակ որակել էին այդ հանցագործությունը, ի՞նչ ասել է այդ պայմաններում գնալ ֆուտբոլ նայելու, այդքան լա՞վ է ամեն ինչ երկրում, ընդ որում միասին են գնում ֆուտբոլ նայելու եւ հետո գալիս են ու հանկարծ...., այս բեմադրությունն ինձ դուր չի գալիս:



- Բեմադրության անբաժանելի մասն էր նաեւ նամակը...



- Նամակը, որը գրված էր նրա փոխարեն, դա նրա ոճը չէ, դուք ինձ անգրագետի տե՞ղ եք դրել, ես հայոց լեզու էլ գիտեմ, շարահյուսություն էլ, ու քանի որ դա նրա ոճը չէ, նրա փոխարեն գրված նամակն ինձ ոչինչ չի ասում, ի՞նչ զղջման մասին է խոսքը... եթե ես ամեն օր գնամ-հանցագործություններ անեմ, հետո զղջամ, դուք ինձ կներե՞ք, իսկ օրենքն ո՞ւր է, այնպես որ զղջալ պետք չէ, պատասխանել է պետք օրենքի առաջ:



- Ի՞նչ եք կարծում՝ ԱԺ-ում «Հարսնաքարի» գործով արտահերթ նիստ անելու համար այդ 44 ստորագրությունները պատգամավորների կողմից կդրվե՞ն:



- Ասում են՝ ձին որ ընկնում է, նալեր քաշողները շատանում են: Ես կարծում եմ՝ կլինի, չնայած որ մենք բոլորս գիտենք, թե այս ԱԺ-ն ոնց է կազմավորվել, բայց եթե այդ 44 ստորագրությունը լինի, հավատացեք՝ ես հոգուս խորքում մի քիչ կուրախանամ: Հեշտ է, իրական պատճառը թողած, վերամբարձ բաներից խոսել, հեշտ է հայրենասիրության մասին խոսել, երբ պետք է, ասենք, քար վերցնել ու խփել թշնամուն:



- «Change.org» կայքում ստորագրահավաք էր գնում Ռուբեն Հայրապետյանին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնից զրկելու համար, բայց ՈւԵՖԱ-ն պատասխանել է, որ չի կարող միջամտել ազգային ֆեդերացիաների ներքին գործերին, այսինքն՝ ստորագրահավաքը դեռ ոչինչ չի նշանակում:



- Նրանք, ովքեր կազմակերպել են այդ ստորագրահավաքը, շատ ճիշտ են արել, որովհետեւ անբարոյական մարդը չպետք է որեւէ տեղ ղեկավար լինի, ու եթե ՈւԵՖԱ-ն այդպես է վերաբերվում իր կազմում գտնվող ղեկավարներին, ես սկսում եմ ՈւԵՖԱ-ին մի քիչ թերահավատորեն վերաբերվել, ուրեմն այնտեղ էլ ամեն ինչ լավ չէ: Ես ամեն դեպքում գտնում եմ, որ դա արձագանք պետք է գտնի, եթե չգտնի, ապա ես միանշանակ մինուս կդնեմ ՈւԵՖԱ-ի առաջ: