Ինչպես են Բալասանյանին քաղաքապետ դարձնում

Ինչպես են Բալասանյանին քաղաքապետ դարձնում
Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որեւէ արտահոսք այլեւս եւ երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. «Իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է»: ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի՝ նախագահական «մուտքից» վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը` սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սեւանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ:  Ի դեպ, Սեւանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է եւ ՕԵԿ արխիվում, եւ   Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա եւս կանչվել է նախագահական` տեղեկացվելու ԳՄ որոշման մասին:



Մնալո՞ւ է Վարդան Ղուկասյանը Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար եւ կատարելու ԳՄ որոշումը` պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, մեր աղբյուրները լռում են: Ինքը` Վարդան Ղուկասյանը, երեկ անկումային տրամադրության մեջ էր եւ մեզ հետ զրույցում ժխտեց, որ քիչ հետո հանդիպելու է նախագահի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Սամվել Բալասանյանից դժգոհությանը, ապա խնդիրն այն է, որ Բալասանյանը, ճիշտ է, հաղթել է մեծամասնականով, սակայն նրա ընտրատարածքի` Ախուրյանի գյուղերում համամասնականով հաղթել է ՀՀԿ-ն, ինչն էլ շարժել է Գագիկ Ծառուկյանի զայրույթը, ուստի ընտրություններից անմիջապես հետո կանչելով Մարտուն Գրիգորյանին՝ նա ասել էր, որ Մարտունն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու: Սակայն Ծառուկյանին շատ նուրբ ձեւով խնամի Հովիկը հասկացրել է, որ՝ Գագո ջան, եթե դու չհամաձայնես Բալասանյանի թեկնածությանը, ՀՀԿ-ն միեւնույն է, պաշտպանելու է նրան, բայց արդեն՝ որպես անկուսակցական թեկնածուի: Ուստի ավելի լավ է Սամվելը դուրս չգա ԲՀԿ-ից, միասին Սամվելին դարձնենք քաղաքապետ՝ համ քեզ լավ կլինի, համ՝ մեզ: Եվ խորհուրդը հարգվել է: