Հերթական խայտառակ նախագիծը մայրաքաղաքի կենտրոնո՞ւմ

Հերթական խայտառակ նախագիծը մայրաքաղաքի կենտրոնո՞ւմ
20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը: Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը՝ «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի ունեցավ հանրային քննարկում, որին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ինչպես նաեւ մի շարք մտավորականներ, թատերական աշխարհի գործիչներ: Հնարավոր է, որ Համազգայինի նոր շենքը  կառուցվի Մաշտոցի պուրակի եւ Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում: Ինչ խոսք, թատրոնի շենք ունենալու գաղափարը ոգեւորել էր բոլորին, բայց ճարտարապետների կարծիքը թատրոնի շենքի կառուցման հարցում կիսվել է. եւ եթե Նարեկ Սարգսյանի կարծիքով շենքի կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, ապա ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ տարածքը քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում:



«Հիմնական խնդիրն այն է, որ առաջին գլխավոր հատակագծից մինչեւ այսօր դա եղել է որպես պուրակ, բայց պուրակը պետք է շարունակություն ունենա եւ դուրս գա դեպի Հրազդանի կիրճ, պետք է ոչ թե այդ ճանապարհները փակել, այլ ավելի լայն դարձնել, իսկ ժողովրդի այցը դեպի Հրազդանի կիրճ ավելի մատչելի դարձնել: Սա փաստարկներից մեկն է, երկրորդ՝ դա հանրային տարածք է, բացի այդ, նման մասշտաբի թատրոնն իր մասշտաբներով չի կարող ներգրավվել այդ միջավայրի մեջ: Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ այդտեղով անցնում է մետրոպոլիտենի ուղղություններից մեկը: Դրա համար գլխավոր պողոտայի մեջտեղի մասը ազատ է թողնվել»,- մեզ հետ զրույցում նշեց Մուշեղյանը՝ ընդգծելով, որ շենքի կառուցման հարցում այդ կարծիքն ունեն նաեւ շատ այլ ճարտարապետներ:



Նա նաեւ բնական համարեց թատերական գործիչների արձագանքն իր ներկայացրած հակափաստարկներին. «Կա խմբակային հետաքրքրություն, որտեղ մարդկանց ավելի քիչ են հետաքրքրում Երեւանում գոյություն ունեցող քաղաքաշինական խնդիրները, բայց դա պետք է համապատասխանի բոլորի շահերին եւ, ամենակարեւորը՝ քաղաքաշինական շահերին»: Մուշեղյանի դիտարկմամբ, քաղաքում շատ տեղեր կան, որոնք ավելի նպատակահարմար են թատրոններ կառուցելու համար, բայց քանի որ վերջին տարիներին հանրային շատ տարածքներ սեփականաշնորհվեցին-վաճառվեցին, ապա հիմա, որպես ազատ տեղեր, մնացել են ընդհանուր օգտագործման տարածքները:



Մուշեղյանը հիշեց, որ 96թ.-ին այդ տարածքում ցանկանում էին կառուցել սուպերմարկետ, հետո՝ հյուրանոցային համալիր, բայց այդ ժամանակ իրենց ջանքերով «մի կերպ» փակվեց այդ հարցը: ճարտարապետն իր խոսքում շեշտեց, որ դեմ է ոչ թե թատրոն կառուցելուն, այլ ընտրված տարածքին: Թե որտեղ կկառուցվի Համազգային թատրոնի շենքը, կորոշվի առաջիկայում. թատրոնի տարածքը հաստատելու է քաղաքապետարանը:



ՀԳ - Մի բան պարզ է, որ թատրոնի անվան տակ մայրաքաղաքի բնակիչներին ուզում են զրկել մի կտոր կանաչ տարածք ունենալու հեռանկարից: Նշված տարածքը միակ տեղանքն է, որտեղ կարելի էր եւ պետք էր պուրակ ստեղծել, քանի որ առանց այն էլ մայրաքաղաքի կենտրոնը սարսափելի ծանրաբեռնված է շինություններով, եւ կարիք չկա մի նոր շինություն կառուցել այնտեղ, որտեղ դեռ կառուցապատված չէ: