Համազգայինին՝ արժանի տեղ, Հանրությանը՝ հանրային տարածք

Համազգայինին՝ արժանի տեղ, Հանրությանը՝ հանրային տարածք

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.



 «Երեւանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության եւ համերաշխության խորհրդանիշներ



Թատերական ինստիտուտի տարածքում տարիներ ի վեր «ապաստանած»  Համազգային թատրոնը մոտ է սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծմանը: Սակայն այս ողջունելի իրադարձությունը խորապես ստվերվում է Համազգային թատրոնի շենքի համար առաջարկվող տեղի՝ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի  ընտրությամբ:



Երեւանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, եւ մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը: Անվերապահորեն աջակցելով Համազգային թատրոնին` սեփական շինություն ունենալու գաղափարին եւ գնահատելով այն որպես կարեւոր իրադարձություն հանրության մշակութային կյանքում` մենք պահանջում ենք հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին չիրականացնել Համազգային թատրոնի շենքի շինարարություն:



Հարկ ենք համարում հղում կատարել այն փաստին, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը մի քանի անգամ արդեն մերժել է այդ վայրում շինարարության առաջարկը: Հեղինակավոր ճարտարապետներն արդեն իսկ իրենց ծանրակշիռ փաստարկներն են բերել՝ խիստ բացասական գնահատելով պուրակի կառուցապատումը: Չնայած մասնագիտական շրջանակների մերժմանը՝ նախագիծը փորձ է արվում դնել հանրային քննարկման:



Մենք ապավինում ենք Համազգային թատրոնի ղեկավար՝ Սոս Սարգսյանի քաղաքացիական գիտակցությանը եւ համոզված ենք, որ նա, որպես «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ, այլընտրանքային վայր կպահանջի թատրոնի համար եւ պատրաստ ենք անվերապահորեն աջակցել նրան այդ հարցում: Մենք մտադիր ենք հանդիպումներ ունենալ Սոս Սարգսյանի եւ թատրոնի ճակատագրով մտահոգ բոլոր մշակույթի գործիչների հետ բոլոր տեսակետները եւ հնարավոր այլընտրանքները քննարկելու համար:



Մենք կարծում ենք նաեւ, որ սա լավ առիթ է քաղաքացիների, մտավորականների եւ քաղաքային իշխանությունների հետ նոր հանրային մեծ քննարկում սկսել՝ վերաիմաստավորելու Երեւանի ազատ հանրային տարածքների՝ որպես ազատության եւ համերաշխության խորհրդանիշների դերի ընկալման շուրջ:



Մենք համոզված ենք, որ Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքաշինական օրենքների պահպանման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վերաիմաստավորեն իրենց մոտեցումը մասնավոր եւ հանրային սեփականություն հանդիսացող տարածքների հանդեպ եւ անհրաժեշտ կամքի առկայության դեպքում կարող են թատրոնին արժանի տեղ տրամադրել:



Նման տարբերակ կարող է լինել այլընտրանքային չօգտագործվող տարածքների տրամադրումը կամ մասնավոր ընկերությունների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելու եւ էլիտար շենքերի շինարարությունը չավարտելու, քաղաքացիներից միջոցները խաբեությամբ առգրավելու դեպքերում այդ տարածքների համար պայմանագրերի խզումը եւ տրամադրումը Համազգային թատրոնին:



Միաժամանակ մենք պահանջում ենք քաղաքային իշխանություններից, օրակարգից հանելով Գլխավոր պողոտայի կառուցապատման հարցը, բացառել կապիտալ շինարարություն ենթադրող ցանկացած նախագծի քննարկում` Երեւանի Գլխավոր պողոտայում գտնվող Մաշտոցի պուրակում եւ ամբողջությամբ այն բարեկարգել: Սա նաեւ պետք է վերաբերվի Երեւանի բոլոր հանրային ազատ ու կանաչ տարածքներին:



Մենք պահանջում ենք պետական կառավարման մնացյալ կառույցներին` մնալ ՀՀ սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներում, չճնշել եւ չմիջամտել քաղաքային իշխանությունների գործունեությանը:



Մենք հաստատակամ ենք եւ սկզբունքային Երեւանի Գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակում կապիտալ շինարարություն թույլ չտալու եւ Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքի պահանջներին հետամուտ լինելու հարցում»:



Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն