Մի անգամ աշխարհում

Մի անգամ աշխարհում




"Կեսար" պատմվածաշարից



Ճակատին բացված անարյուն վերքի թռիչքից շագանակագույն կեղեւ էր կախվել: Ծառի քնքուշ բույրը դաղում էր մաշկը: Չէր տեսնում, բայց գիտեր կեղեւի մասին: Ճակատին տրոփող ծառի քնքուշ բույրը ապստամբում էր ցավի դեմ եւ ուզում էր տեւի: Գլխարկը վաղուց էր կորցրել ու քայլում էր մերթ փակ, մերթ բաց աչքերով` խփվելով ծառաբներին, ընկնելով խայթող դալարիքների մեջ: Աչքից հոսած ցեխաջուրը կարծրացել էր այտին, ձգվել մինչեւ բերանը: Բղավում էր, ճանկռում թշերը: Եղունգների տակից արյան գծեր էին հոսում: Ցավն անակնկալ էր սաստկանում, ասես գանգի մեջ տարբեր դիրքերից երկաթե կեռեր էին խրում, ձգում վեր ու անխնա թափահարում: Երկու ձեռքը սեղմած ատամի կողմը՝ փլվում էր գետնին ու սկսում թպրտալ, մի քանի անգամ գոռում էր, հետո տնքում՝ ուշադրություն դարձնելով ատամների արանքից դուրս պրծնող ձայնին: Սկզբում ձայնը խռպոտություն ուներ, հետո գնալով դեֆորմացվում էր, վերածվում սուլոցի, վերջում հնչում էր երկար ու աղերսոտ: Երկու ժամ դիտախորշում: Շնագայլի ձագ էր: Բարուրի մեջ փաթաթված երեխա: Մառախուղի մեջ երեխա կա: Չէ, շնագայլի ձագ էր: Պիտի տարբերել: Կրակահերթ էր թողնում, ու փամփուշտները խրվում էին ձագի բերանը: Ձագը ատամ չի ունենում: Հենակետում դեղատուփի մեջ ցավազրկող չկար. յոդ, վիրակապեր, նշտար, անտիսեպտիկներ ու վերջ: Շաքարավազը անձրեւի պես մաղվում է ծխախոտի գլխին: Խորը ծուխ: Չես լիզում թոքերին նստող շարբաթի բարակ շերտը: Ձայնը լռում էր: Փամփուշտները հալվում էին ստամոքսի ջերմությունից: Էլ ե՞րբ պիտի կրակեր մառախուղի մեջ ու ե՞րբ պիտի տեսներ լուսատտիկ փամփուշտների հալոցքը: Խաղաղվելով՝ գլուխը խրում էր փխուր ու դուրեկան ցեխի մեջ: Մառախուղը ծվծվում էր: Ցեխը սեղմում էր ձգանը:



Պուլպիտ էր:



Գումարտակի բժիշկը, առանց ցավազրկելու, փորձեց ատամը քաշել: Հետին պատը ղրճտոցով փլվեց, անսարք իծոտնուկը խրվեց ներվի մեջ: Ուշքը գնաց: Մինչեւ մարտական հենակետ բարձրանալը ողջ օրը ատամի փշուրներով շաղախված մածուցիկ արյուն էր թքում, բերանը ողողում սոդայաջրով ու բոլորից մեկառմեկ ցավազրկող խնդրում: Պաղ օդի շոյանքից բորբոքված ներվը հանդարտվեց: Ճաշելու ու զենքը մաքրելու ընթացքում էլ ատամը լուռ էր, բայց դիտախորշում հերթապահելիս հանկարծ մանկան սուր լաց լսվեց, ու թվաց, թե աշխարհը սրընթաց հետ-հետ գնաց` իր հետ տանելով մտքի ուղիղ կեսը: Հետո տեսավ զենքի փողն ու փողի պռնկին նստած տեսավ խորշի մեջ կծկվող ու բացվող շերեփուկ մարմինը: Ցավը ծովի պես հետ էր քաշվում ու խփում ահռելի թափով: Երկու ձեռքով բռնվելով ծառի ճյուղից՝ գոռում էր ու հառաչանքներ թողնում: Սպազմները հրավառության նման ճարճատում էին բերանում:



Հեռվում, ատամնաբույժի աթոռին նստած, սեւեռուն նայում էր տատիկի բարի ու խոնավ աչքերին: Բռի մեջ սեղմել էր նրա նվերը: Կավե ձուկ էր, երեք թեփուկով, պոչին գրված էր՝ «Յո-Յո»: Տատիկը մատները հպել էր շրթունքներին ու համբույրներ էր հղում: Բժիշկը փորում էր ատամը, իսկ ինքը նայում էր տատիկին: Տատիկն էր ասել, որ աչքերը ուրիշ ոչ մի տեղ չտանի, միայն իրեն նայի ու սեղմի ափի մեջ դրված ձկանը: Նրա բարակ թեւերի ու ոտքերի վրա «յոյոներ» կային: Հանկարծ մինչեւ կոկորդը հասնող սուր ծակոց զգաց: Ճչացին միասին: Հետո, երբ բացեց աչքերը, տատիկը չոքել էր դիմացը ու համբուրում էր թաթիկը: Զորակոչից առաջ, ատամնաբուժարանում, նույն բռի մեջ ընկերուհու սպիտակ թաշկինակն էր ու նուրբ ժպիտը: Ատամնաբույժի աթոռից տեսնում էր աղջկա երկար վարսերը, քթիկն ու ներքեւի շրթունքը: Ասեղը մտավ պուլպայի մեջ, քերթելով պոկեց ու դուրս բերեց: Բժիշկը հաղթական ժպիտով աչքի առջեւ պահեց փքված նյարդաթելը, ասես սոված նախամարդու պես ցցով լճից ձուկ էր որսել: Աղջկա ներքեւի շրթունքը համբուրել ուզեց:



Վաղուց անտառից դուրս էր եկել ու կունձոտ բլուրն էր հաղթահարում: Հիմա ատամն անընդհատ էր ցավում: Կտրտվող ցավի ժամանակ ուժերը մի փոքր վերականգնվում էին, բայց անընդհատ ցավը վերջնականապես ջախջախեց կամքը: Թվում էր՝ մեկը փորի մեջ մկրատով ներքին օրգաններից նախշեր է կտրատում: Գլուխն ափերի մեջ էր առնում ու կենդանական ձայներ արձակելով՝ վազում: Ցավը վազում էր, երբ վազում էր: Կանգնում էր՝ կանգնում էր: Քայլում էր՝ քայլում էր: Նա լայն բացում էր բերանը, երկու մատով բռնում ատամը ու ինչքան ուժ ուներ՝ սեղմում: Զենքի փողը դնելով ոսկորին` փորձում էր կամացուկ կտկտացնել: Մտածում էր՝ տեղաշարժումից գուցե մեղմվի: Զառիթափին ոտքը դիպավ հողի մակերեսին տարածված արմատի: Երբ սթափվեց, դեմքն ու բերանը եռում էին: Ձեռքը տարավ քթին` լխկվել էր:  Նույն պահին ատամի մեջ սրեր խլրտացին: Ճչաց:



Շուտով բլուրից ներքեւ բացվեցին դաշտերը: Զենքն ուսից նետեց, հանեց խեբեն ու սկսեց դանդաղ իջնել: Հառաչանքներ, գոռոցներ, ճիչեր այլեւս չէին լսում: Հեռու եւ հնացած ձայներ էին: Գիտեր, որ ծնվել ու ապրում են հետը, սիրում են իրեն, ուզում են սիրվել, եկել են ինչ-որ բանի համար, ինչ-որ խոսք ասելու, ուզում են ցուցադրվել, զգուշացնել, զրուցել: Բայց տրամադրություն չուներ, շփման եզրերը սպառված էին, մենակ բթացած ցավն էր ուղեկցում` ձեռքն ուսին դրած հավատարիմ ընկերոջ պես, ով երբեք իրեն ավելորդություններ թույլ չի տալիս, չի շատախոսում, չի հեգնում, չի կեղծում, պարզապես առանց խանգարելու քայլում է` հարգելով որոշումները, հարգելով արյունն ու հիշողությունը:



Դիմացը անվերջանալի տարածություն էր, ասես աշխարհը սկսում ու ավարտում էր սփռված գարու դաշտը, որ բաց կանաչ կյանքը սկսող լուսաբացի գույն ուներ, եւ հասկերը ծփում էին արեւի ցոլքերից, եւ դաշտը փոխում էր երանգը` խայտալով ու ցնծալով արեւի խոր համբույրների տակ: Գլխիկոր քայլում էր դաշտի միջով ու մտածում երջանկության մասին, որ կար, այստեղ էր` ջինջ տարածության մեջ, ուր բացակա էր մահը, հնարած երանգը, հնարած աշխարհը: Միայն զմայլող շրշյուն էր, մենակության մեջ զվարթ վեհության հասնող հպանցիկ կատարելություն ու հասկեր, հասկեր, հասկեր, հասկեր:



Բժշկի տան տեղը մանրամասն բացատրել էին: Կարմիր տանիքով ու մոշուտով շրջապատված ցանկապատի դիմաց կանգնել-ցնցվում էր: Սառը քրտինքը պսպղում էր մաշկին: Կոտրված քիթը փակել էր ձախ աչքի տեսադաշտը: Բերանը բաց էր, շրթունքներին` լերդացած արյուն ու հող: Մի քանի անգամ պտտվեց տան շուրջը: Դարպասը չգտավ: Մոշուտն այնքան խիտ էր, որ ոչ մի ճիգով ցանկապատի որեւէ բացվածք չերեւաց: Որոշեց փշրելով ճեղքել: Հետ-հետ գնաց ու թափով խփվեց մոշուտին: Նորից ու նորից, նորից ու նորից: Մարմնից մաշկի կտորներ էին թռչում:



Փշերը խրվում էին ճակատը, կոպերը, դեմքը, ուսերը, փորը: Ընձյուղները ջարդելով՝ փոքր անցք բացեց ու սողոսկեց բակ: Տան դուռը կիսաբաց էր: Ճոճվելով՝ մտավ հյուրասենյակ: Ժամացույց էր տկտկում: Սենյակի մեջտեղում սեղան կար, որի վրա՝ սուրճի բաժակ, մոխրաման ու մի տուփ «Նոյ» ծխախոտ: Ստվերի մեջ դուռ նկատեց ու շարժվեց առաջ: Կիսակոշիկի քիթը կոշտ իրի կպավ: Նայեց ոտքերի տակ` բաց դեղատուփ էր: Դողդողալով կքվեց, բարձրացրեց տուփն ու մատներով սկսեց քչփորել: Յոդի մի սրվակ գտավ, տարբեր չափերի ներարկիչներ, ռետինե ձեռնոցներ, գլխարկներ, վիրակապ: Ցավազրկող չկար: Ձեռքից գցեց տուփը ու սենյակի դռնից ներս մտավ:



Պատուհանի դիմաց մեջքով դեպի դուռը մարդ էր նստած: Ճերմակ, երկար մազերը թափվում էին աթոռի ճաղերին: Քայլելով մոտեցավ, շրջանցեց աթոռն ու կանգնեց դիմացը: Բժշկական ճղրտված խալաթը հագին, աչքերը փակ, կապտավուն մորուքով նիհար պապիկ էր: Նա ձեռքը տարավ պապիկի զարկերակին, հետո դանդաղ ծնկեց, ցավող ատամի կողմով այտը դրեց նրա վտիտ ծնկին ու հեկեկաց: