ՏԻՄ ընտրությունում կուսակցությունները պասիվ են

ՏԻՄ ընտրությունում կուսակցությունները պասիվ են
Սեպտեմբերի 9-ին եւ 23-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություն է Հայաստանի 912 համայնքների մեծ մասում:  Հերթական նման մեծածավալ վերջին ընտրությունը եղել է 2008-ին: Չորս տարում մոտ 30 տոկոսով աճել է համայնքի ղեկավարի թեկնածու դառնալու ցանկություն ունեցողների քանակը. 2008-ին՝ 1.331, հիմա՝ 1.792: Իսկ ահա ավագանու անդամ դառնալու ցանկությունը մարում է. 7.325 հոգի՝ 2008-ին, իսկ հիմա՝ 7.294: Եվ սա այն դեպքում, երբ համայնքի ավագանին, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, պատկերավոր ասած, «Ազգային ժողովն» է համայնքի մակարդակով: ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ընդամենը 20 կուսակցություն կամ Հայաստանում գրանցված կուսակցությունների մոտ 25 տոկոսը:



Առաջադրված թեկնածուների մեջ կան թե անկուսակցականներ, թե կուսակցականներ, սակայն կուսակցությունները միշտ չէ, որ առաջադրել են իրենց անդամին: «Ազատամարտի վետերանների միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային միաբանություն», «Ժողովրդական», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայաստանի ժողովրդական», «Հանրապետություն» եւ այլ կուսակցությունները թեկնածուներ ունեն, որոնց չեն առաջադրել. քաղաքացիներն ինքնառաջադրվել է:



Ուշագրավ է «Ժառանգություն» կուսակցությունը, որն ունի համայնքի ղեկավարի 2 եւ ավագանու անդամի 12 թեկնածու, սակայն ավագանու միայն մեկ անդամի է, որ առաջադրել է կուսակցությունը:  Ռամկավար ազատական կուսակցությունն ունի համայնքի ղեկավարի մեկ եւ ավագանու անդամի 5 թեկնածու եւ այս վեց թեկնածուներից առաջադրել է 5-ին:



Իսկ ահա ավանդական մեկ այլ կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ունի միայն ավագանու անդամի մեկ թեկնածու, որին առաջադրել է հենց ՍԴՀԿ-ն:



«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ունի համայնքի ղեկավարի 55 եւ ավագանու անդամի 145 թեկնածու, կուսակցությունն առաջադրել է միայն 11 հոգու: Ընդդիմադիր ՀՀՇ-ն ունի 24 թեկնածու, առաջադրել է միայն 3-ին:



«Բարգավաճ Հայաստանն» ունի համայնքի ղեկավարի 154 (2008 թվականին՝ 75) եւ ավագանու անդամի 620 (2008 թվականին՝ 610) թեկնածու: Այս մեծ կազմից միայն 95-ին է առաջադրել ԲՀԿ-ն:



Հանրապետականները ամենաշատն առաջադրված թեկնածուներն են՝ համայնքի ղեկավարի 741 (2008 թվականին՝ 480) եւ ավագանու անդամի 1.892 (2008 թվականին՝ 1.294) թեկնածու: Այս 2.633 հոգուց կուսակցության առաջադրածն են միայն 859-ը:



Իշխանական մյուս կուսակցությունը՝  «Օրինաց երկիրն» ունի 120 թեկնածու, բոլորն էլ ինքնառաջադրված են:



ՀԳ - Վիճակագրական բոլոր տվյալները տրամադրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ