Խախտողների ցանկը գնալով մեծանում է

Խախտողների ցանկը գնալով մեծանում է
Սեպտեմբերի 4-ի համարում ««Մուլտի ագրո»-ում խախտումներ կան» հոդվածում հղում անելով մեր աղբյուրներին` գրել էինք, որ Սննդի անվտանգության տեսչությունը դիտարկումների արդյունքում խախտումներ է բացահայտել կաթնամթերքի որոշ արտադրություններում: Մասնավորապես, խախտումները վերաբերում են կաթի մեջ սոդա խառնելուն, նաեւ կաթի փոշու օգտագործմանը: Ընդ որում, առաջինը չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ միայն այն դեպքում, երբ ապրանքատեսակի մակնշման մեջ կա համապատասխան գրառում:



Գրել էինք. «….«Հրապարակին» հասած տեղեկություններով, կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել «Մուլտի ագրո» եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ  մեր տեղեկությունների, պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): «Մուլտի ագրո»-ում նաեւ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում: Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման մեջ:



«Հրապարակի» այս տեղեկությունները հաստատել են նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում: Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը թերթին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու, նախօրեին համապատասխան արձանագրություն է կազմվել, ու մեկնարկել են տեսչական ստուգումները»: Այս հրապարակումն աղմուկ էր առաջացրել, եւ, բնականաբար, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները վրդովված էին:



Մեր խմբագրություն այցելած տիկին Ռոզա Ծառուկյանը՝ «Մուլտի ագրո» ընկերության գլխավոր տնօրենը, պնդում էր, որ իրենց մոտ ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի բացահայտվել, եւ ընդհանրապես՝ «Մուլտի ագրո»-ում երբեւէ սոդա չի օգտագործվել: Միայն մի դեպք է եղել, որ ստուգումների արդյունքում 150 հազար դրամի չափով «Մուլտի ագրո»-ն տուգանվել է, եւ դա կապված է եղել ոտնագորգերի ախտահանման համար անհրաժեշտ հեղուկի պակաս օգտագործման հետ:



Սակայն երեկ կառավարության նիստում ելույթ ունենալով՝ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը  ներկայացրել է այն արտադրամասերի ցանկը, որտեղ բացահայտվել են մեր մատնանշած խախտումները: Բախչագուլյանի եւ Տիգրան Սարգսյանի զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.



«Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, երրորդ հարցը սննդի անվտանգության եւ որակի խնդիրն է: Հիշում եք` մենք այս դահլիճում մեկ անգամ քննարկեցինք այդ հարցը, մասնավորապես, վարչապետի վերահսկողության ծառայությունը ստուգումներ էր իրականացրել սննդամթերքի ոլորտում եւ բացահայտել էր այնպիսի թերություններ, որոնք ուղղակի անհանդուրժելի էին: Տրվել են համապատասխան հանձնարարականներ Սննդի անվտանգության ծառայությանը, որպեսզի այն ձեռնարկությունները, որոնք մատակարարում են մեր սպառողներին վտանգավոր սնունդ, պատժվեն: Եվ այդ բացահայտումները մենք իրականացնում ենք լաբորատոր ստուգումներ իրականացնելով: Եվ մենք տվեցինք ժամանակ տնտեսվարող սուբյեկտներին, հայտարարելով, որ այն լրանալուց հետո` 2012-ի սեպտեմբերի 1-ից, հրապարակելու ենք սննդամթերքի տեսակները եւ այն ձեռնարկություններին, որոնք մեր սպառողների համար վտանգավոր սննդամթերք են մատակարարում: Համեցեք, պարոն Բախչագուլյան…



Աբրամ Բախչագուլյան - Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է կաթի եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրողների մոտ ուսումնասիրություն թե իրացման ցանցում, թե բուն արտադրական գործընթացի ընթացքում: Հում կաթի եւ պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ եւ խնդրել իրականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի եւ կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹԽՏ», «Աշտարակկաթ», «Մուլտի ագրո» եւ «Թամարա» ընկերությունները:



Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ իմ կողմից թվարկված բոլոր ընկերություններում` պարզելու համար, թե սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցել, քանի որ տնտեսվարողները նաեւ փաստում են, որ դա իրականացնում են ոչ թե իրենք, այլ այն կազմակերպությունները, ովքեր մթերում են իրենց հում կաթը: Սակայն մենք նաեւ իրականացրել ենք նմուշառում հում կաթից մինչեւ տեխնոլոգիական գործընթաց անցնելու փուլը, եւ հում կաթում սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել: Ասեմ, որ կաթի եւ կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգով պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում, քանի որ սոդան, որպես այդպիսին, իջեցնում է կաթի թթվայնությունը եւ հնարավորություն չի տալիս կաթին այն ժամանակահատվածում, որը նախատեսված է կաթի պահպանման համար, փչանա: Այսինքն` դրանով փորձում են թույլ չտալ, որպեսզի այս ամառվա շոգերին թթվի:



Իրականացրել ենք նաեւ նմուշառում թթվասերի եւ կաթի փոշու նկատմամբ, լաբորատոր փորձաքննություն: Թվով 3 ընկերություններում հայտնաբերվել է կաթի փոշի, բայց պետք է նշեմ, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործում թթվասերի մեջ, սակայն պարտադրում է, որպեսզի տնտեսվարողները մակնշեն դրա առկայության վերաբերյալ: Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի Թամարայում» եւ «Դուստր Մարիաննայում», նաեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակնշումը համապատասխանում է իրականությանը, եւ կաթի փոշու վերաբերյալ մակնշում տվյալ ընկերության կողմից արտադրված արտադրանքում առկա է: Կաթի փոշի հայտնաբերվել է նաեւ «Մուլտի ագրոյում», որտեղ մակնշումը բացակայում է»:



ՀԳ - Անշուշտ, չի բացառվում, որ այս ստուգումների ու բացահայտումների մեջ կա նաեւ քաղաքական ենթատեքստ: Սակայն հակառակը պնդողները պետք է դրա վերաբերյալ ապացույցներ ներկայացնեն եւ համոզեն, որ լաբորատոր ստուգումներն ու այս մեղադրանքներն անհիմն են: