Շարմազանով. «Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել»

Շարմազանով. «Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել»
Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է. «Չնայած բազմաթիվ խնդիրներին` Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում. գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում:



Ավելին` աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:



Սա միան Հանրապետականի գնահատականը չէ: Տեղեկացնեմ, որ այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները:



Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ  կան ուժեր եւ գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը եւ անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:



Եզրափակելով խոսքս` նշեմ, որ ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական` ուժեղ, ազգային եւ  ժողովրդավարական: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա»: