Հայ մշակույթի մերօրյա նվիրյալը

Հայ մշակույթի մերօրյա նվիրյալը

Երբ կարդում ես ռուսահայ համայնքի պատմության մասին ու հիանում «Հյուսիսափայլի» հրատարակիչ Ստեփանոս Նազարյանի տարած գործունեությամբ, ուրախալի է գիտակցել, որ մեր օրերում էլ Ռուսաստանում հայ մշակույթն իր արժանավոր տարածողն ու քարոզիչն ունի: Բազնաբեղուն արվեստագետ Լեւոն Օսեպյանի անվանը առաջին անգամ հանդիպեցի 1990-ականներին… Բեյրութում հրատարակվող “Սփյուռք” հանդեսի էջերում: Լեւոնի կողմից հրատարակվող “Արմյանսկի պերեուլոկ” հանդեսի եւ նրա տպագրած “Հեռախոսային զանգ” պատմվածքների ժողովածուի արձագանքները Լիբանան էլ էին հասել…







Լեւոն Օսեպյանը գրող է, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, հրատարակիչ, լուսանկարիչ եւ մշակույթի տարածող: Երկարամյա գլխավոր խմբագիրն ու հրատարակիչն է «Մեցենատ ի միր» եւ «Առագաստ» հանդեսների: Ռուսաստանյան գրողների միության վարչության անդամ է, գործուն մասնակիցը «Ղարաբաղի բարեկամներ» (Մոսկվա) ակումբի:





Ծնվել է 1952 ին՝ Երեւանում, ավարտել է նավթի ու քիմիայի ինստիտուտը Բաքվում:





Առաջին գիրքը՝ «Այցելություն երկիր», հրատարակվել է 1989 թ. (համանուն պատմվածքը թարգմանվել է նաեւ արեւմտահայերեն): Հետագայում տպագրած գրքերն են՝ «Ճիչ» (1994), «Պիեսներ» (1995), «Հեռախոսային զանգ» (1996), «Իմ Գողգոթան» (2000) եւ այլն: Օսեպյանի գործերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն եւ ուրիշ լեզուներով: Արժանացել է մի շարք երկրների պարգեւների:





Լեւոնի պատմվածքների հերոսը ժամանակակից մարդն է՝ միայնակ ու խոցելի, իր առօրյա ապրումներով, երկվություններով ու հոգեկան տառապանքով: «Լեւոն Օսեպ­յան ար­ձա­կագ­րի ձեռ­քե­րում գրի­չը նույն­քան հմուտ ու զգա­յուն գոր­ծիք է, ինչ­պես «Քե­նոն» ֆո­տո­ա­պա­րա­տը լու­սան­կա­րիչ Օսեպ­յա­նի հա­մար: Նրա պատմ­ված­քում յու­րա­քանչ­յուր բառ, լի­նի «հե­ռագ­րա­յին» մե­նա­խո­սու­թյուն «Հե­ծան­վոր­դից» թե հա­մա­չափ, վս­տա­հե­լի պա­տում «Վե­րա­դար­ձից», հա­մա­հունչ է տեքս­տին, ասես բարձ­րո­րակ հղկ­ված քար, որ սի­րով հայ­րե­նի տան պա­տին են դրել իր հե­ռա­վոր նախ­նի­նե­րը Արեւմտ­յան Հա­յաս­տա­նից»,- գրում է Ալեքսանդր Բոժկոն:





«Դուռը բացելիս նա առաջին անգամ էր, որ չտեսավ մեծ, կեղտոտ հետքը հարեւանների կաշվե դռան վրա:





Վազեց սենյակ, միացրեց որմնալամպը եւ առանց հանվելու նետվեց օթոցի վրա:





Հեռախոսը լռում էր:





Նա սպասում էր, ձգվում էին րոպեները:





Ոչ ոք չէր զանգում:





Եվ նա աննկատ քնեց:





Մազերն առատորեն ցրվեցին երկնագույնի վրա:





Դատարկ բնակարանում ոչ մի ձայն: Մութ է: Եվ միայն որմնալամպն է լուսավորում նրա երջանիկ դեմքը:





Դեմքն առանց գրիմի…» (Լ. Օսեպյան, «Հեռախոսային զանգ»)





Եթե «Մեցենատ ի միր» գրական-գեղարվեստական եւ մշակութաբանական հանդեսը կոչված է նոր նկարիչների, բանաստեղծների, գրողների, արվեստաբանների եւ ստեղծագործական պրոյեկտների բացահայտմանը, ապա «Առագաստը» նվիրված է բացառապես հայ (մասնավորապես, ռուսահայ) մշակույթի տարածմանը: Եվ այս ամենը Օսեպյանի եւ իր շուրջ հավաքված մի խումբ մտավորականների՝ Սեդա Վերմիշեւայի, Բորիս Աթայանցի, Գրիգորի Գաբրիելյանցի, Ելենա Շիրոկովա-Տամբովցեւայի, Կարլեն Միկոյանի եւ մյուսների ջանքերով: Օսեպյանը նաեւ ճանաչված լուսանկարիչ է, ցուցահանդեսների մասնակից ու զարմանալ կարելի է, թե այս մարդը, որ իսկի Մոսկվայում էլ չի ապրում, ինչպես է հասցնում ներկա լինել ամենատարբեր միջոցառումների՝ Ցվետաեւայի թանգարանի մշակութային երեկոներից մինչեւ Յուրի Լյուբիմովի կազմակերպած հանդիպում-համերգը կամ ամերիկաբնակ հեղինակի գրքի շնորհանդեսը:





Ի դեպ, Լեւոնի դուստրը՝ Մարգարիտա Օսեպյանը, բնակվում է Լոնդոնում եւ ի թիվս այլ հետաքրքրական ծրագրերի՝ իրականացնողն է Սերգեյ Փարաջանովի փառատոնի:





Լրանում է Լեւոն Օսեպյանի հոբելյանը: Սրտանց շնորհավորում ենք նվիրյալ հային ու ցանկանում նորանոր հաջողություններ:





Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ