ՀՀԿ-ին դուր չի եկել ԲՀԿ առաջարկը

ՀՀԿ-ին դուր չի եկել ԲՀԿ առաջարկը
Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի երկիմաստ ու լղոզված պատասխան է հղել ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը նախօրեին հանդես էր եկել առաջարկով՝ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման: ՀՀԿ խոսնակը գրել էր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»: Մենք լրացուցիչ ճշտեցինք, որ Հանրապետականը վատ է ընդունել ԲՀԿ առաջարկը: Մասնավորապես՝ նրանց դուր չի եկել համամասնական ընտրակարգին անցնելու պահը: