Ձեզ ո՞վ է թույլ տվել նրանց ինչ-որ տեղ կոխել

Ձեզ ո՞վ է թույլ տվել նրանց ինչ-որ տեղ կոխել
Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստը, երբ քննարկվում էր ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցը, մի քանի ժամ վերածվել էր «բազարի», որտեղ իշխող հանրապետականները, վրեժխնդրությամբ լցված, աջուձախ վիրավորում էին խորհրդարանական ընդդիմադիրներին եւ պնդում ԱԺ կանոնակարգ-օրենքում հանձնաժողովի կազմը հավասարակշռող դարձնելու նպատակով փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը:



 



Այս փոփոխության անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը ՀՅԴ դիմումի հիման վրա որոշեց քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան: Դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում, երբ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովական ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին զրկեց ձայնի իրավունքից, վերջինս հայտարարեց, որ դա հենց այնպես չի թողնի: Այդպես էլ եղավ: Այդ նիստից շատ չանցած՝ Արփինե Հովհաննիսյանի հետ միասին Դ.Հարությունյանը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, որը կարճ ժամանակում կառավարության կողմից ստացավ դրական եզրակացություն եւ, որպես հրատապ հարց, երեկ ընդգրկվել էր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Նույնիսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը չէր հասցրել քննարկել այս նախագիծը, ինչը պարտավոր էր անել ըստ օրենքի:



 



Բանն այն է, որ էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում, քանի որ վերջին շրջանում ԱԺ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները սովորաբար միակարծիք են լինում: ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն առաջարկող հանրապետական պատգամավորները էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու համար առաջարկում են ամրագրել, որ որոշումներն ընդունելու համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն ոչ իշխանական եւ իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:



 



Պատգամավորներն առաջարկում են գործող օրենքում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով:



 



Բայց այս դեպքում, ԲՀԿ խմբակցության մասով, կազմավորվելուց հետո վերջինը ոչ կոալիցիա մտավ, ոչ էլ հայտարարեց, որ ինքն ընդդիմադիր է, այլ ընդամենը այլընտրանք է: Այս փոփոխության արդյունքում ԲՀԿ-ն այլեւս չի կարող համարվել այլընտրանք, այլ ստանում է պաշտոնական կարգավիճակ` «ոչ իշխանական»: Փոփոխությունը հնարավորություն կտա հավասարակշռել ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը: Նախագծի քննարկումը բուռն վիճաբանության տեղիք տվեց: Այն ներկայացնում էր ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:Սա ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար տարօրինակ էր. եթե Արփինե Հովհաննիսյանը չկա այդ հանձնաժողովում, դրա հետ կապ չունի, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ միանալով նախագծին: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ ընդվզեց ՀՀԿ-ի դեմ. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել նրանց (ԲՀԿ-ին՝ Լ. Շ.) ինչ-որ տեղ կոխել, եթե նրանք հայտարարում են, որ այլընտրանք են, սա ի՞նչ մոտեցման ձեւ է: Գուցե նրանց համազգեստ տաք կամ մեջքներին գրեք՝ իշխանական կամ ոչ իշխանական պատգամավոր, այլընտրանք, հապճեպությունն է անհասկանալի, ուզում եք այս մի մարմինն էլ բոյկոտենք, չգործի՞, սա՞ է ձեր ուզածը»: «Իշխանություն չեն՝ ոչ իշխանական պետք է կոչվեն»,- պնդեց օրիորդ Հովհաննիսյանը: «Իշխանություն չեն, ընդդիմություն էլ չեն, իսկ ձեզ ո՞վ է թույլ տալիս հավասար հարթության մեջ դիտարկել այլընտրանքին»,- հակադարձեց Վարդանյանը՝ անզուսպ գոռալով. «Սա ի՞նչ մոտեցում է, ո՞ւր է Դավիթ Հարությունյանը, ի՞նքն է այդպես դասել»: Նշենք, որ Հարությունյանը Հայաստանում չէ: «Տո ձեզ ի՞նչ ուր է»,- վրա տվեց վիրավորված Հովիկ Աբրահամյանը՝ բոլոր պատգամավորներին կոչ անելով իրենց կոռեկտ պահել եւ շատ չմեծամտանալ:



 



Աբրահամյանի միջամտությունից վրդովվեց ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ ԱԺ խոսնակն իրավունք չունի անհարկի միջամտել ելույթներին: Վահան Հովհաննիսյանի մեղադրանքներին ի պատասխան, Աբրահամյանը հայտարարեց. «Ինձ ուզում եք ահաբեկել, մի անգամ ահաբեկեցիք՝ չգիտեմ ուր հայտնվեցիք, հիմա էլ եք ուզում ահաբեկեք»: ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էլ խնդրեց իրենց խմբակցությանն իր անունով կոչել. «Իշխանություն, ընդդիմություն եւ նրանք, մենք նրանք չենք, մենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ենք, բարի եղեք մեզ մեր անունով կոչել»: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պարոն Արսենյան, Ձեր լսողության հետ ինչ-որ բան է կատարվում, ստուգեք ձեր լսողությունը»: «Բա մեր ջանը քա՞ր է, ինչո՞ւ եք այդքան տապակվում, բոլոր տեղերում մեծամասնություն եք, թող այս հանձնաժողովում էլ փոքրամասնություն լինեք»,- նկատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Այստեղ քաղաքական հավասարակշռությունը վերականգնելու խնդիր կա, որպեսզի հնարավոր չլինի հանձնաժողովի աշխատանքը քաղաքականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:



 



Նիկոլ Փաշինյանի համոզմամբ էլ, երկու պատգամավորների նախաձեռնած այս փոփոխությամբ ընդամենը մեկ հարց է լուծվում` ապահովել էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունն իշխանության կողմից: Իրականում սույն հանձնաժողովի որոշումները սիմվոլիկ կիրառում ունեն: Այնպես որ, ՀՀԿ-ն իսկապես իր կամակորություններն էր երեկ ցուցադրում՝ փորձելով այս դեպքում էլ մեծամասնություն կազմել: Բուռն քննարկումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան իր մոտ հրավիրեց ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչների՝ քննարկելու եւ ընդհանուր մոտեցում գտնելու համար: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ օրինագիծը հիմա չի դրվում քվեարկության, ինչը պահանջում է ԱԺ կանոնակարգ-օրենքը:



 



Աբրահամյանը հայտարարեց, թե օրինագիծը քվեարկության կդրվի «հարմար պահի», իսկ քննարկման ավարտին ԱԺ դահլիճում ներկա չէին բավարար քանակով կոալիցիոն պատգամավորներ, ինչը կերաշխավորեր օրինագծի ընդունումը: