Մարզպետներն էլի առաջին գծում են

Մարզպետներն էլի առաջին գծում են
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին մեղադրում էին, որ խորհրդարանական ընտրություններում իր մարզում ընտրվող պատգամավորների գերակշիռ մասը ԲՀԿ-ականներ էին, ինչպես նաեւ ԲՀԿ-ի օգտին «տակից» աշխատելու մեջ: Անգամ լուրեր էին տարածվում, թե նրան պաշտոնանկ են անելու:



 



Շաբաթ օրը համագումարի եկած Գիզիրյանը նկատելիորեն ուրախ էր: Հարցրինք՝ ԲՀԿ-ի նահանջով այս ընտրություններին իրենց գործը հեշտացե՞լ է, արդարացավ, թե ինքն անկուսակցական է. «Ոչ, էն ժամանակ էլ ես մտահոգություն չունեի եւ խնդրում եմ տարբերեք՝ էն ժամանակ ԱԺ ընտրություններ էին, իսկ հիմա՝ երկրի նախագահի, տարբեր մոտեցումներ են, հիմա ընտրում են գլխավոր գերագույն հրամանատար»: Մեր հարցին, թե այս ընտրություններում քանի տոկոս կկարողանա ապահովել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, ասաց. «Վա՛յ, դեռ շուտ է ասել, բայց գիտեմ միանշանակ՝ հաղթանակը մերն է լինելու…»: Եթե անկուսակցական է, ապա ի՞նչ նկատի ունի «մեր» ասելով: Այդպես էլ չհնչեց բացատրություն: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, թերեւս հրահանգված էր բերանը կողպել՝ էս խառը ժամանակներում «կիքսերից» զերծ մնալու համար: Ի հեճուկս նախկին ժամանակների, նա այդպես էլ չհրապարակեց, թե այս անգամ քանի տոկոս է խոստացել գերագույն հրամանատարին: