Սրճեփները գրպանում պահելու ժամանակն է

Սրճեփները գրպանում պահելու ժամանակն է
Զուրաբյան-Օսկանյան կիրակնօրյա սկանդալը, մարմանդ ձյանը խառնվելով, թելադրեց շաբաթվա եղանակը, որն առեղծվածային գաղտնալսումների պես պղտոր է: Թե որտեղ է տեղի ունեցել զրույցը, հայտնի չէ: Կարծիք կա, որ հանդիպման վայրը եղել է Օպերայի շրջակայքի սրճարաններից մեկը:



 



Նաեւ, որ խոսակցությունը ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջեւ ոչ թե Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո էր, այլ ավելի շուտ, եւ որ Կոնգրեսում հայտնի է եղել ձայնագրության մասին, բայց այնտեղ հույս են ունեցել, որ այն ՀԱԿ պատերից դուրս չի գա: Սրանք, սակայն, ենթադրություններ են:



 



Թե ինչ է առաջարկում Զուրաբյանն Օսկանյանին, ինչ շարունակություն է ունեցել զրույցը, ինչու է հենց այս հատվածը հրապարակվել, նույնպես անհասկանալի է: «Դուք կհայտնվեք 2 ֆրոնտի մեջ»,- ասում է Զուրաբյանն Օսկանյանին՝ զգուշացնելով, որ եթե Լեւոնը չառաջադրվի, ապա Բագրատյանը, Նիկոլը, Կոնգրեսից հեռացած գործիչները սկսելու են քարկոծել ԲՀԿ-ին: Բայց ցանցերում եւ ԶԼՄ-ներում պայթյուն առաջացրեց նախ գաղտնալսման փաստը եւ ապա ՀԱԿ համակարգողի շուրթերից լսված բացահայտումները, որ Կոնգրեսի ներսում կան հակասություններ, «գծեր՝ «մեր գիծ», որի մեջ Ջհանգիրյանն է, եւ «երկու վառ անհատականություններ՝ Հրանտն ու Նիկոլը», որոնք «պատրաստվել են լրիվ ոչնչացնել» ԲՀԿ-ն, նաեւ ամոթ է, որ Լեւոնը 7-10 տոկոս հավաքի, որ Տեր-Պետրոսյանը «քաղաքացիական հասարակությունը պահում էր ոչ հակառուսական հատվածում ու կարողանում էր ինչ-որ ձեւով ասել, որ՝ «դե, մարտավարություն է, ԲՀԿ-ի հետ մենք կարանք գնանք սդելկաների, չնայած Մարտի մեկ, չգիտեմ ինչ-բան, հարցեր կան, ավելի լավ ա ռեժիմից պոկենք»»:



 



ՀԱԿ-ում վստահեցնում են, որ երկու պատգամավորների միջեւ սովորական քաղաքական բանակցություն է, եւ ոչ մի սկանդալ չկա, սակայն կարծիքներն ու դրանք հայտնողների անունները խնդրվում է չհրապարակել: Մինչեւ ժամը երեքը ՀԱԿ անդամները խորհրդակցում են, բայց այդպես էլ զրույցի բովանդակությունը չի մեկնաբանվում: Անգամ այն կոնգրեսականները, ովքեր ՖԲ-ում կիրակի համարձակ «ստատուսներ» էին գրում ընդդեմ Լյովիկ Զուրաբյանի, ինչպես Երջանիկ Աբգարյանը, այսօր հրաժարվում են խոսել թեմայի շուրջ, եւ սա եւս «մարտավարություն է»: Հրապարակային հայտարարություններն ընդդեմ գաղտնալսումների էին. Օսկանյանը ՖԲ-ի իր էջում գրեց. «Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար», եւ կոչ արեց հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել զրույցը ձայնագրողներին եւ տարածողներին: «Եթե հանցագործներն անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները»,- եզրակացրեց Զուրաբյանն իր տարածած երկարաշունչ հայտարարության մեջ, որում, սակայն, չանդրադարձավ զրույցի բովանդակությանը:



 



Նիկոլ Փաշինյանը եւս դատապարտեց «ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորումը»: Միակ «օրիգինալ» կետը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման պահանջն էր՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ԱԱԾ-ն բոլորին հակադարձեց, որ անմեղ է: Փաստ է, սակայն, որ գաղտնալսումները նախորդել են բոլոր նախագահական ընտրություններին եւ բոլոր իշխանությունների օրոք: Սկսած 96 թվականից: Նույնիսկ ավելի շուտ, երբ Մոսկվայի ռեստորաններից մեկում գաղտնի նկարահանել էին եւ «Լրաբերով» ցույց տվեցին, թե ինչպես է  հայտնի գործարար եւ բարեգործ Սերժ Ջիլավյանը պարում սեղանի վրա: 96 թվականի նախագահական ընտրություններից առաջ գաղտնալսվեց եւ եթեր հեռարձակվեց Վազգեն Մանուկյանի զրույցն իր թիկնապահների հետ: 2007 թվականի գարնանը իշխանամետ «Գոլոս Արմենիի»-ն տպագրեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Արթուր Բաղդասարյանի զրույցը «Մարկո Պոլո» սրճարանում, որից հետո Քոչարյանը վերջինիս դավաճան անվանեց, «քանի որ նա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան»:



 



Մարտի մեկին եւ դրանից առաջ գաղտնալսվեցին եւ տարածվեցին Ալիկ Արզումանյանի եւ նրա կնոջ՝ Մելիսա Բրաունի, Նիկոլ Փաշինյանի, այլոց հետ զրույցները: Հետագայում նախկին ԱԳ նախարարի մարտիմեկյան զրույցները ՀՔԾ-ն փորձում էր որպես ապացույց ներկայացնել «զանգվածային անկարգությունները» կազմակերպելու եւ ֆինանսավորելու մեղադրանքում: Բոլոր այս դեպքերում, սակայն, իշխանությունն ընդդիմությանը վարկաբեկելու խնդիր ուներ: Օսկանյան-Զուրաբյան դեպքը թերեւս այլ է եւ հավասարապես վարկաբեկում է թե ՀԱԿ-ին, որի համար, պարզվում է, Մարտի մեկը մարտավարության խնդիր է, եւ Օսկանյանին, որն անհասկանալի հարցաքննություն է կատարում՝ ՀԱԿ հայտնի գործիչների անուններ մեջբերելով, այն աստիճանի անհասկանալի, որ շատերը ենթադրեցին, թե ձայնագրողը հենց ինքն է եղել: «Իսկ ի՞նչ գիտեք: Իսկ միգուցե նաեւ նրանք, ովքեր կազմակերպել են գաղտնալսումները, հենց դա են կանխատեսել»,- ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, այս սկանդալը հավասարապես վնասեց եւ Օսկանյանին, եւ Զուրաբյանին, որոնք երկուսն էլ խնդիրներ ունեին ԱԱԾ-ի հետ. «Օսկանյանը գտնվում է քննության տակ, նա հարցաքննություններին լուռ է մնում: Որքան լսել եմ, ՀԱԿ-ում կա կարծիք, որ եթե Լեւոնը չառաջադրվի, ապա կան այլ մարդիկ, եւ գուցե խնդիր է լուծվում, որ կոնկրետ Զուրաբյանը չառաջադրվի»:



 



Այս հրապարակումը ձեռնտու չէ նաեւ Սերժ Սարգսյանին, որն իր «Սա Հայաստանն է եւ վերջ» ելույթում հավաստիացնում էր, որ արդարադատության ժամանակներն են գալիս, եւ բոլոր անօրինականությունները մնացին ավագ սերնդի հուշերում:  ՀՀ նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ պատահական չէր զրույցի հրապարակումն անմիջապես նախագահի ելույթից հետո. «Ինձ համար նույնիսկ էական չէ, թե ով է արել: Սա քայլ է, արված ՀՀ նախագահի դեմ, ելույթից անմիջապես հետո, որում նա դնում էր խնդիրներ ազգային անվտանգության մարմինների, մարդու իրավունքներին առնչվող, եւ այդ համատեքստում հանկարծ հայտնվում է այս ձայնագրությունը»:



 



Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն է սկանդալի կազմակերպիչը, բայց հարցն այն է, թե ինչ բացվեց արդյունքում. «Չեմ ուզում համեմատել «Վիքիլիքսի» դեպքի հետ մասշտաբներով, բայց որակական առումով մենք ունեցանք նույն էֆեկտը: Սա եղավ իրեղեն ապացույցն այն շշուկների եւ մասնավոր խոսակցությունների, վերլուծությունների: Փաստորեն, ՀԱԿ-ը խոստովանում է, որ քաղաքացիական հասարակությանը կարողանում էր պահել ոչ հակառուսական դաշտում, այսինքն, որ իրենք սպասարկում են պուտինյան ռեժիմի շահերը Հայաստանում: «Մարտի մեկ ա, ինչ ա», այս ռեպլիկից մենք հասկացանք, որ այս մարդիկ կարող են այդ մարդկանց արյան վրա թղթախաղ խաղալ ամենալպիրշ ձեւով: Այս առումով Մարտի մեկը պաշտպանող Օսկանյանն ավելի ազնիվ  է երեւում, քան Զուրաբյանը, որը մինչ այդ կոկորդ էր պատռում հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ»:



 



Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ կարծում է, որ զազրելի է, երբ երկու մարդու, առավել եւս քաղաքական գործիչների ոչ հրապարակային հանդիպումը գաղտնալսվում է, սա բնորոշ է սովետական ԿԳԲ-ին: «Եթե հատուկ ծառայությունները չեն արել սա, ապա նրանք կարող են արագ բացահայտել, պատժել մեղավորներին: Բայց, անկախ ձայնագրության ապօրինի լինելուց, խնդիրն ունի նաեւ քաղաքական կողմ: Ինձ համար տհաճ է, որ ներքաղաքական մշակույթի նշաձողն այնքան է իջել, որ Հայաստանի մասշտաբով երկու քաղաքական գործիչ հանդիպում են սրճարանում եւ քննարկում ոչ թե ՀՀ-ի առաջ ծառացած լուրջ խնդիրները, այլ այդ զրույցը վերածում են բամբասանքի: Այս ամենը հետեւանք է նրան, որ վերջին մեկ տարում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրապարակային քաղաքականությունը դրել էին մի կողմ եւ զբաղվում էին  անդրկուլիսյան շփումներով, սիլիբիլիներով, գաղտնի հանդիպումներով եւ հասարակությանը հաշվետու չէին», - եզրակացնում է Սուրենյանցը:



 



Իսկ հասարակ քաղաքացիները որոշեցին, որ սրճարաններից հրաժարվելու ժամանակն է: Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը «ստատուս» գրեց սրճեփները գրպանում ման տալու, փողոցում սուրճ պատրաստելու եւ այն լուռ ըմպելու մասին: