Սերժ Սարգսյանը ծաղրեց հայաստանցիներին

Սերժ Սարգսյանը ծաղրեց հայաստանցիներին
«Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ:



Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ:



Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ:



Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ»: 



 



Շաբաթ օրը Մարզահամերգային համալիրի բեմահարթակում Սերժ  Սարգսյանը 50 րոպեի ընթացքում կերտեց ահա այսպիսի Հայաստան, որը խորթ էր անգամ ամենավառ երեւակայություն ունեցող հայաստանցու պատկերացումներին: Ահագնացող արտագաղթի, ավելի քան 30 տոկոս աղքատության,  կաշառակերության ու իրավական համակարգի անօրինականությունների մեջ ապրող մոտ երկու հազար ՀՀԿ-ականներ Սարգսյանի այս նկարագրությունից նիրվանայի մեջ էին ընկել: Մոտ մեկ ժամ զոմբիացած լսում  էին գոյություն չունեցող Հայաստանի մասին հեքիաթը: Խոսք, որ հնարավոր է հնչեցնել միայն հանրապետականների շրջապատում: Խոսքը, որը երբեք չի համարձակվի հնչեցնել գյուղացիների, ուսուցիչների, ընդհանրապես՝ շարքային քաղաքացիների միջավայրում, որովհետեւ այն, թե ինչ է իրական Հայաստանը, այս մարդիկ գիտեն իրենց բոլոր բջիջներով:



 



Համագումարը, բնականաբար, առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը թշվառ Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Դրան հաջորդեցին  պատգամավորների իշխանահաճո դիֆերամբներն ու քծնանքը: Առաջինը Հովիկ Արգամիչի մորաքրոջ աղջիկն էր՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Միջոցառումը հիշեցնում էր ՍՄԿԿ համագումարները: Միակ արտառոց բանը դաշնակից ԲՀԿ-ի բացակայությունն էր: Ներկա էին միայն սեփական դեմքը կորցրած ՕԵԿ-ը եւ իշխանության ու ընդդիմության միջեւ տվայտվող ՀՅԴ-ն: