«ԱԺ-ն կառավարության կցորդն է». Լյովա Խաչատրյան

«ԱԺ-ն կառավարության կցորդն է». Լյովա Խաչատրյան
Գլխավոր դատախազից մերժված եւ վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավիճակը դաս է եղել, եւ այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: Մեզ հետ զրույցի ընթացքում ապարանցի Խաչատրյանն այնքան խճճվեց, որ մի շարք աբսուրդային հայտարարություններ արեց: Օրինակ, հորդորեց իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլեւս «գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետեւ քաղաքական հետաքրքրություններ չունենք»: Եթե քաղաքական գործընթացներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել ԱԺ արտահերթ նիստին, ԱԺ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: «ԱԺ-ն կառավարության կցորդն է»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույլատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահկանացուն: «ԲՀԿ-ն կա եւ հավերժ է»,- հոխորտաց նա, եւ լոնք-լոնք գրեթե վազելով ԱԺ միջանցքներով՝ մտավ ԲՀԿ-ի կորպուս՝ ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը եւ փրկվածի պես աղաղակեց. «Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն»: