Աներձագը պիտակ չէ

Աներձագը պիտակ չէ
Ավանի թիվ 1 ընտրատարածքից դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած Ռոբերտ Սարգսյանը երկուշաբթի առաջին անգամ եկել էր Ազգային ժողով: Սարգսյանի հիմնական մրցակիցը «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էր, որը վիճարկում է ընտրությունների արդյունքները, դիմել է ՍԴ եւ հայտարարել, որ Եվրադատարան էլ կդիմի: Հիշեցնենք, որ   նորընտիր պատգամավորը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է: Մի քանի հարց տվեցինք ԱԺ նորեկին:



 



 



- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում պատգամավորի կարգավիճակում:



 



- Նորմալ, շատ լավ:



 



- Նախընտրական շրջանում Ձեր հակառակորդ Ստյոպա Սաֆարյանի կողմից Դուք տարբեր բնորոշումներ ստացաք՝ աներձագ, քաղաքական անհասունություն Ձեզ վերագրվեց, եւ կամ՝ կարծեմ Դուք էլ հայտարարում էիք, որ այդ ամենին կանդրադառնաք ընտրություններից հետո եւ պատասխան կտաք:



 



- Ես ի՞նչ պատասխանեմ Ստյոպա Սաֆարյանին, ինքն ինչ բողոքներ ունեցել է մեր քարոզարշավի նկատմամբ, դիմել է ՍԴ, եւ ՍԴ-ն էլ իրեն կպատասխանի:



 



- Ձեր վստահությունը կրկին Ձեր հայտնի կապե՞րն են, թե՞ վստահ եք, որ մաքուրով եք հաղթել:



 



- Միանշանակ վստահ եմ, միանշանակ, որովհետեւ ես արել եմ շատ թափանցիկ եւ արդար ընտրություն: Իսկ ինչ մնում է իրա ասածներին, ապա ՍԴ-ն իրան էլ ավելի լավ պատասխան կտա:



 



- Միայն Ստյոպա Սաֆարյանը չէ, որ բարձրաձայնեց վարչական լծակները Ձեր օգտին կիրառելու մասին, դիտորդները եւս ասացին դա:



 



- Եթե եղել է ընտրակեղծիք, ընտրակաշառք, ապա դրա համար կա իրավապահ մարմիններ, որը պետք է զբաղվեր այդ հարցերով: Թող դիմեն, իրավապահ մարմիններն էլ հստակ ասեն, ես ասում եմ՝ չի եղել, դա անհեթեթություն է:



 



- Պարոն Սարգսյան, Դուք պակաս հայտնի անձնավորություն եք, քան Ստյոպա Սաֆարյանը, որը, պետք է ասել, լավ եւ բարեխիղճ պատգամավոր է եղել, այդ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց համոզել ավանցիներին:



 



- Այո, ես քաղաքականապես հայտնի չեմ եղել, բայց որպես Սարգսյան Ռոբերտ՝ ես հայտնի եմ եղել: Ավան համայնքում ես ապրել եմ 33 տարի, այսինքն՝ երեխա վախտվանից մինչեւ հասուն տարիքս ես միշտ էլ ապրել եմ եւ շփվել: Այո, որպես քաղաքական գործիչ, ես հայտնի չեմ եղել, բայց մեր համար աշխատել է մեր թիմը՝ ՀՀԿ-ն, որի արդյունքում էլ այդ արդյունքը ստացել ենք: Ես 1998 թվականից ՀՀԿ անդամ եմ, միգուցե ինձ չեն ճանաչել, բայց ես քաղաքական-հասարակական ոլորտում վաղուց եմ գործունեություն ծավալում: 2005-2007թթ. եղել եմ ավագանու անդամ, ապա Կադաստրում առաջին կարգի մասնագետ եմ եղել, եղել եմ տեղեկատվության տրամադրման ենթաբաժնի, ապա ընդհանուր բաժնի պետ, Ավան, Մարաշ ստորաբաժանումների ղեկավար, մինչ պատգամավոր ընտրվելս էլ աշխատում էի Երեւանի տարածքային ստորաբաժանումում՝ որպես ղեկավարի տեղակալ: Այսինքն՝ իմ աշխատանքը միշտ էլ եղել է ժողովրդի հետ, եւ ես այն պարկեշտ ու ի շահ ժողովրդի եմ տարել:



 



- Այնուամենայնիվ, Ձեզ կհաջողվի՞ Ձեր վրայից հանել «աներձագի» պիտակը, որը հանրությունը տվեց Ձեզ այս ընթացքում՝ հենց այդ որակումը համարելով Ձեր միակ արժանիքը:



 



- Դա պիտակ չի, դա խնամիական կապ է այսպես ասած, մենք որ շատ ման գանք, կարող է ես ու դու էլ իրար հետ խնամի լինենք: Ես բազմիցս ասել եմ, որ պարոն Մարգարյանն իմ մանկության ընկերն է, իմ կուսակից ընկերն է, իմ ընկերն է, իմ բարեկամն է, իմ փեսեն է: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Մենք բոլորս էլ հայ ազգի մեջ իրար բարեկամներ ենք:



 



- Եթե Տարոն Մարգարյանը, այսինքն Երեւանի քաղաքապետը չլիներ Ձեր փեսան, Դուք այժմ ԱԺ-ում կլինեի՞ք, կդառնայի՞ք պատգամավոր:



 



- Եթե պարոն Մարգարյանը չլիներ իմ փեսան, կլիներ իմ ընկերը, իսկ տվյալ դեպքում ինքն իմ ընկերն ու իմ փեսեն է:



 



- Կրկնում եմ՝ եթե նա չլիներ Ձեր փեսան, Դուք հնարավորություն կունենայի՞ք պատգամավոր դառնալու, արդյոք այդքան հա՞րթ է մեր քաղաքական դաշտը:



 



- Ցույց կտար կյանքը, ես եկել եմ իմ ժողովրդի համար ծառայություն կատարելու, որի մեջ ես վատ բան չեմ տեսնում:



 



- Իսկ ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:



 



- Մի քիչ աշխատեմ, հետո կմտածեմ: