Ինչո՞ւ է սխալ «Սա Հայաստանն է ու վերջ» տերմինն օգտագործելը

Ինչո՞ւ է սխալ «Սա Հայաստանն է ու վերջ» տերմինն օգտագործելը
Վերջին շրջանում շատերն են  վերլուծում ՀՀ նախագահի ելույթի «Սա Հայաստանն է ու վերջ» պարբերությունը: Հետմահու ՀՀ եւ ԼՂՀ  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների արժանացած հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կողմից այս արտահայտության օգտագործումը միանգամայն տեղին է եղել, բայց այն տեղադրելը նախագահի ելույթի մեջ, մեղմ ասած, կոպիտ սխալ էր:



 



Բավական չէ, որ մամուլում ու սոցիալական ցանցերում այս պարբերությունը հումորի է վերածվել, հիմա էլ մեկնաբաններն ու վերլուծաբանները փորձում են այն կապել Հայաստանի վերջի հետ: Ասել, որ արտահայտությունն իր տեղում չի դրվել, ու չբացատրել ինչու, չարակամություն է նշանակում: Կփորձեմ բացատրել: Այն ճշգրիտ մեկնաբանելու համար անպայման պետք է հասկանալ, թե ինչ էր կամեցել ասել Լեոնիդ Ազգալդյանը: Հերոսի մտերիմ ընկեր Նորիկ Գալստյանի խոսքերն եմ մեջբերում. «Լեոնիդ Ազգալդյանը առաջիններից մեկը հասկացավ, որ Արցախի հարցը լոկ մի բուռ Արցախի հարցը չէ, այլ հայկական դատի մի մասը, եւ նա կանգնեց Արցախի հողի վրա եւ պնդեց. «Սա Հայաստանն է եւ վերջ: Ոչ ոք այս հողն աճուրդի դնելու եւ ուրիշին հանձնելու իրավունք չունի»:



 



Սա առաջին հերթին ուղղված էր թշնամուն եւ հող հանձնելու հարցում մանեւրող իշխանություններին ու «եվրաձյաձյաներին»: Սա հերոս մարդու «հայրենիքը չհանձնելու» խոսք էր, որի պաշտպանությունը հանձնվում էր ողջ հայ ժողովրդին, մարտական ընկերներին: Վերջնական խոսք էր՝ անվիճելի, անառարկելի: Խոսք էր, որն ապացուցել էր իր կյանքով, նվիրվածությամբ, անձնազոհությամբ:  Հերոսի խոսքն ուժ ուներ, քանի որ հավատում, սիրում, աստվածացնում էին նրան: Սերժ Սարգսյանի կողմից «Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը հնչում է առանց հիմքի: Ժողովուրդը գոհ չէ այդ Նոր Հայաստանից, ժողովուրդը գոհ չէ վարած քաղաքականությունից, իր հրամանատարից, ժողովուրդը վաղվա ակնկալիք չունի, ծայրահեղ աղքատության մեջ է, փախչում է երկրից... Եթե փորձենք կողք-կողքի դնել Ազգալդյանի ու գործող նախագահի նույն կոչը եւ եթե ժողովրդին համարենք նախագահի բանակը, կհասկանանք, թե ինչու այդ հուսալքված բանակը չի ընդունում հրամանատարի խոսքը: Երբ հրամանատարը սեփական օրինակով չի զորացնում, ամրապնդում իր խոսքը, այն դառնում է անիմաստ...



 



Ազգալդյանը ողջ ժողովրդինն էր, հերոսին բոլորն են սիրում եւ ոչ թե միայն իր կուսակցությունը՝ այն էլ, ելնելով սեփական շահախնդրությունից: Նրա մարտական ընկեր Նորիկը պատմում է. «Նա զինվոր չէր փնտրում, այլ մագնիսի նման ձգում էր զինվորին, նրա զինվորներից շատերն էլ հերոսներ էին, առյուծի նման ուս-ուսի տված: Լեոնիդը նրանց վերաբերվում էր՝ ինչպես հայրն իր տղաներին: Նրա զինվորները, բոլորն անխտիր, մինչեւ հիմա պաշտում են Լ. Ազգալդյանին, եւ նրա գերեզմանը սրբատեղի է դարձել նրանց համար»: Ովքե՞ր են մեր նախագահի զինվորները:  Հանրապետականնե՞րը... որոնք արյուն են տալիս՝ հարստություն դիզելու, ժողովրդին քամելու համար... Այն մարդիկ, որոնք մի կտոր հացից չզրկվելու համար հանրապետական են դառնում ու հաց մուրում... Ոչ, դա կուռ բանակ չէ, դա մարտունակ բանակ չէ եւ... վերջ, ավարտ իմաստը քաղաքական առումով ընկալվում է որպես կանգ կամ  գաղափարական բախումների ավարտ: Դա մահվան է նման, որը կյանքի հետ ոչ մի կապ չունի:



 



Լեոնիդ Ազգալդյանը իր մարտահրավերը քողարկված ձեւով թշնամուն ու ազգադավներին է ուղղում՝ սա Հայաստանն է ու վերջ: Ճանաչեք տարածքը ու համարեք այն վերջնական: Մարտական ընկերներից պատմում են. «Նա շատ հեռատես էր, տաղանդավոր բոլոր հարցերում: Ռազմական տեսակետից նա առաջինն էր, հիմք դրեց կանոնավոր բանակին, երիտասարդներին առանց մեկ-երկու, անգամ ավելի ամիս մարզելու դիրքեր չեն հանում: Եվ նրա շնորհիվ էր, որ թուրքաթափվեց Մարտակերտի շրջանում 23 գյուղ»: Նման հերոսը, ով որդիների արյամբ տարածք է ցողել, իրավունք ունի թշնամուն ասելու՝ սա Հայաստանն է ու վերջ: Դա նշանակում է, որ թշնամին այլ բան չպետք է պատկերացնի, պատկերացնելու դեպքում կհասցվի մռութին: Գործող նախագահի խոսքերն անհասկանալի են դառնում, թե ում մռութին խփելուն է ուղղված.



 



Սա նո՛ր Հայաստան է եւ վերջ:



 



Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է եւ վերջ:



 



Սա օրենքի գերակայության եւ իրավունքի Հայաստան է եւ վերջ:



 



Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ:



 



Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ:



 



Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է եւ վերջ:



 



Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաեւ հնոտիքն իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է եւ վերջ:



 



Կեցցե՛ Հայաստանը:



 



Առաջ դեպի ապահո՛վ Հայաստան:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ