Հուսով եմ` չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի

Հուսով եմ` չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ, շատերի պես, մինչեւ նախագահական ընտրություններում իր առաջադրվել-չառաջադրվելու որոշում կայացնելը ուղեւորվեց Արեւմուտք՝  իր թեկնածության հետ կապված արեւմտյան տրամադրությունները շոշափելու: Կարծիքներ կան, որ իր չառաջադրվելու հետ կապված երեկվա հայտարարությունը հենց արեւմտյան վերաբերմունքի արտացոլումն էր:







Սակայն Զավենիչը մեզ հետ զրույցում ասաց, որ իր որոշումը բացարձակապես կապ չուներ Եվրոպա եւ ԱՄՆ կատարած այցի հետ: Ինչեւէ, անկախ ամեն ինչից, երեկ մեր հասարակությունը հերթական հիասթափությունն ապրեց՝ իմանալով, որ եւս մեկ ընդդիմադիր գործիչ նահանջի ճամփան է բռնել: Արամ Սարգսյանը,  համագումարի դահլիճում կոշտ քննդատության ենթարկելով Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ առաջնորդվելով հետեւյալ կարգախոսով՝ «Ընտրություններում պետք է հաղթես մինչեւ քվեարկություն, իսկ քվեարկության պետք է գնաս արդեն իսկ քաղաքական հաղթանակդ ամրագրելու», հրաժարվեց առաջադրվելուց: «ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահն ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից, բայց շահե՞ցին արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը: Անկասկած` ոչ: Ավելի դեգրադացվեց` ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության եւ իշխանության հասնելու ճանապարհին մեծ հաշվով տաբուներ չունի: Այս ամենի մեջ «Հանրապետություն» կուսակցությունն էլ մեղքի իր բաժինն ունի: Ունենալով լուրջ գաղափարական հիմքեր եւ ծրագրային դրույթներ, դրանք մի կողմ է թողել` համախմբվելով բացարձակ հակառակ գաղափարախոսություն եւ աշխարհընկալում ունեցող ուժերի հետ, ունենալով ընդամենը մեկ գերխնդիր` իշխանափոխություն…. Հետեւություններ անելով ներքաղաքական դաշտում եւ հասարակության մեջ ձեւավորված իրավիճակից, մեր ծրագրերի եւ նպատակների իրագործումը վտանգի տակ չդնելու պատասխանատվությունից` ես որոշեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Հուսով եմ` չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ այս ընտրությունները եւ դրանց հետեւանքներն օգտագործելու է իրական, ազատական ուժերի համախմբման համար, իսկ փետրվարի 19-ից հետո հակված են լինելու հաղթելու մղումով մասնակցել երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի` հերթական թե արտահերթ:



 



Պարզվում է՝ նախընտրական պայքարից նահանջելու պատճառը հաղթանակի ցածր հավանականությունն է: Եթե չկա պայքար, բնականաբար, չի լինի նաեւ հաղթանակ: Եվ արդյո՞ք  այս կանխորոշումն ու դրան հետեւած նահանջը չի նշանակում, որ հենց ընդդիմադիր գործիչներն էլ նպաստում են նրան, ինչից դժգոհում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը: Ի վերջո, հաղթանակը պայքարի արդյունքում է լինում:  «Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ հասարակության մեջ կլինեն նաեւ այսպիսի տեսակետներ, կլինեն մարդիկ, ովքեր իմ այս քայլը կգնահատեն ձեր ասած տեսանկյունից, բայց ես չեմ համարում, որ առաջիկա նախագահական ընտրություններն աշխարհի վերջն են, ինչպես տեսաք՝ էսօր էլ աշխարհի վերջ տեղի չունեցավ… Ես երբեք ամբիցիաներով չեմ տառապել, ես երբեք իմ թեկնածությունը չեմ առաջադրել, ես խնդիր եմ դրել՝ եթե դրա պահանջարկը կլինի, եւ Դուք էլ կասեիք՝ այ, եթե դու դնեիր, կփոխեիր, ես կդնեի, բայց լրացնել պարտվողների մի ամբողջ շարք, էդ իմը չի, ես հաղթող եմ»: Իսկ ո՞րն է լինելու «հաղթող» ուժի հաջորդ քայլը, Արամ Զավենիչը մանեւրեց. «Ես նորից եմ խնդրում, ես իսկապես հինգ օր աշխատել եմ իմ ելույթի վրա, իմ կարծիքով, էդտեղ ամեն բառի վրա ես մտածել եմ, հարգեք իմ աշխատանքը նաեւ ու հետեւություններ արեք»:



 



ԴԱՐՁՅԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ



 



«Ես չեմ համարում, անկեղծ ասած, որ սա  նահանջ է»,-Արամ Սարգսյանի չառաջադրվելու մասին մեզ հետ զրույցում ասաց նրա կուսակից Սմբատ Այվազյանը, ով հայտնի է, որ սառեցրել էր իր հարաբերությունները «Հանրապետության» հետ, բայց եկել էր համագումարին: Նա դեռ պաշտոնապես չի լքել կուսակցության շարքերը, բայց կարծես դուրս գալուն մոտ է: Սմբատ Այվազյանը Արամ Սարգսյանի քայլն իրավիճակի ճիշտ գնահատական է համարում: «Իհարկե, անելանելի վիճակներ չկան ընդհանրապես, սակայն ստեղծված իրավիճակում անիմաստ է դառնում առաջադրվելը որեւէ մեկի կողմից, որովհետեւ իշխանություններին հաջողվեց բզկտել ամբողջ ընդդիմադիր դաշտը»: Այսինքն, ընդդիմությունը պարտվելո՞ւց է խուսափում, առաջնորդվում է միայն հաղթելո՞ւ նախապայմանով:   «Իհարկե, պարտվել չի կարելի, ես ինքս անձամբ որոշել եմ պարտվող պրոցեսի չմասնակցել: Եթե մասնակցում ես, ուրեմն գնում ես հաղթելու, պետք է համոզված լինես, որ հաղթանակի շանսը շատ մեծ է: Ստեղծված իրավիճակում ռեժիմը կարծես թե ընդդիմությանը շանս չի տվել: Այսինքն, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է: Իշխանությունների հանցավոր բնույթը հնարավորություն չի տալիս, որպեսզի մասնակցենք»,-եզրահանգում է քաղաքական գործիչը:



 



Ստացվում է՝ ուզում են, որ Սերժ Սարգսյանը կամովի, առանց պայքարի իշխանությունը հանձնի իրենց: Մինչդեռ իրականում հասարակությանը զրկել են այլընտրանքից, եւ մարդիկ անորոշության մեջ չգիտեն, թե առաջիկա ընտրություններում ում են տալու իրենց քվեն: «Բայց ո՞վ ասեց, որ ընդդիմությունը հրաժարվել է առաջադրվել:  Արամ Սարգսյանը հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցում իր թեկնածուով, սակայն այլ մասնակցության ձեւերը չբացառեցին, օրինակ՝ այլ թեկնածուի պաշտպանելը»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Ալիկ Արզումանյանը՝ ընդգծելով, որ արդեն հայտնի է մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի՝ Հրանտ Բագրատյանի առաջադրման մասին, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը կա: Հարցրինք՝ ո՞ւմ կսատարեն ազատ դեմոկրատները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, ում կազմած ցուցակով մտել են խորհրդարան, թե՞ հին ընկեր Հրանտ Բագրատյանին: «Մենք ինչով հանդես կգանք, պարզ կլինի մոտ օրերս: Հրանտ Բագրատյանը եւս լիբերալ գործիչ է, ում հետ ես պատիվ եմ ունեցել աշխատելու, կարծում եմ՝ շատ ավելի հոգեհարազատ կարող է դիտարկվել «Ազատ դեմոկրատների» համար, բայց, քանի որ մենք ինքներս չենք որոշել մեր մասնակցության ձեւաչափը, խորհուրդ եմ տալիս մի քանի օրով սպասել  եւ բոլոր հարցերի պատասխանը ստանալ»:



 



Նկատենք, որ այս համագումարին բավականին հետաքրքիր կազմ էր հավաքվել՝ Հայ ազգային կոնգրեսից անջատված առանցքային դեմքերը, որոնք 2007 թվականից մեկնարկած պայքարին առանձին հնչեղություն էին հաղորդում՝ Դավիթ  Շահնազարյան, Ալիկ Արզումանյան, Հրանտ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Արամ Կարապետյան, Սասուն Միքայելյան, Աշոտ Զաքարյան եւ այլք: Կարելի է ասել՝  արմատական ընդդիմության նոր կորիզ է ձեւավորվում: