ՀՀ նախագահն ասուլիս տալ չի սիրում

ՀՀ նախագահն ասուլիս տալ չի սիրում
Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսին սպասում եւ պատրաստվում են ռուսաստանյան եւ օտարազգի լրատվամիջոցները, իսկ Կրեմլի PR մասնագետները լայնորեն գովազդեցին դեկտեմբերի 20-ին կայանալիք այդ իրադարձությունը: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկ օր առաջ հարցազրույց տվեց հարցազրույցի մասին՝ հայտնելով, որ բոլոր ցանկացող լրագրողները կարող են, առանց ժամանակի սահմանափակումների, հարցեր տալ:



 



Նախագահին տեսնելու էին եկել ամենաթշնամաբար տրամադրված լրագրողները՝ ամենասուր հարցերով. պաշտպանության էքսնախարար Սերդյուկովի եւ այդ գերատեսչության շուրջ պայթած կոռուպցիոն սկանդալից մինչեւ թոշակներ, աշխարհի վերջ, ռուսաստանյան երեխաներին որդեգրելու արգելք, որը դրվելու է ամերիկացիների առաջ եւ որն ընդդիմադիր հանրության զայրույթն է առաջացրել: Օրվա սկանդալը կապվեց «Նարոդնոե վեչե» թերթի լրագրող Մարիա Սոլովյենկոյի հետ, որը հարցրեց, թե ինչպես պետք է վերադարձվեն ՊՆ-ում թալանված փողերը: Պուտինն ասաց. «Մաշա, նստեք խնդրում եմ, ես հիմա կպատասխանեմ», ինչին Սոլովյենկոն հակադարձեց. «Շնորհակալություն, Վովա»:



 



Պուտինը շատերին հիասթափեցրեց բազմաթիվ լղոզված եւ անհստակ պատասխաններով, նաեւ «չգիտեմ» կամ «տեղեկություն չունեմ» բառերով: Բայց կարեւորն այն է, որ հերթական անգամ ընդգծվեց ՌԴ նախագահի բացախոսությունը, թափանցիկ աշխատանքը հասարակության հետ: Նա տարին մի քանի անգամ է ընդունում լրագրողների: Ամենաերկար մամուլի ասուլիսը 2008 թվականի փետրվարին էր, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ, երբ ՌԴ նախագահը 78 լրագրողի հարցերի պատասխանեց:  Այդ հանդիպումը ռեկորդային տեւողության էր՝ 4 ժամ 40 րոպե: Ժուռնալիստներն այնքան էլ չեն սիրում ժամանակակից լրագրության մեջ տարածված «նախագահի մամուլի ասուլիս» ժանրը: Նախ, դժվար է մի քանի ժամանոց հարցազրույցը լուսաբանել մեկ-երկու էջում:



 



Երկրորդն էլ՝  մեկ-երկու հարցի շրջանակներում նախագահի ուսը գետնով տալը գրեթե անհնար է, եւ ամենահիշվող հատվածները իմպրովիզից են ծնվում: Ինչպես, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «լավ չես ապրի, Սերգո ջան»-ը կամ Քոչարյանի քաղաքական «մոսկաները», որոնք մեծ «աղմուկ» են հանում փղի առաջ: Բայց այս ժանրն ուղղակի պարտադիր է նախագահի համար, քանի որ կենդանի լրագրող չտեսնելը հասարակության նեգատիվ վերաբերմունքից պաշտպանվելու լավագույն ձեւը չէ: Իհարկե, եթե նախագահը Բրեժնեւ չէ: Նույնիսկ Լեոնիդ Իլյիչն էր ասուլիսներ տալիս, ճիշտ է, ոչ թե սովետական, այլ արտասահմանյան լրագրողների համար, եւ այս մասին անեկդոտներ էին շրջում: Օրինակ, թե ինչպես լրագրողների հարցերը վերջացան, իսկ Բրեժնեւն ասաց. «Ինչպե՞ս թե հարցեր չկան: Ես դեռ երկու պատասխան ունեմ»:



 



Մեր նախագահն իր պաշտոնավարման 5-6 տարիների ընթացքում ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել, կարելի է ասել՝ լրագրողի դեմառդեմ չի տեսել: Նույնիսկ նրա խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես չի գալիս հանրության առաջ, բրիֆինգներ չի անում: Հազիվ թե մեկը հիշի նրա բանավոր խոսքը նախագահի մամուլի քարտուղար աշխատելու տարիներին: Առհասարակ, մեր բոլոր նախագահներն էլ «մամուլատյաց» են եղել: Առավել «բաց» է աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, սակայն, տեղացի լրագրողների հետ շփվել չէր սիրում, նախընտրելով խոսել արտասահմանյան լրատվամիջոցների համար: Իր պաշտոնավարման տարիներին նա երկու-երեք անգամ է մամուլի ասուլիս հրավիրել եւ հիմնականում այն ժամանակ, երբ իրեն է պետք եղել: Ամենահիշվողը 96 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսն էր, որի համար Տեր-Պետրոսյանը «փոշմանեց»՝ իր «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածում գրելով. «Ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ»:



 



Ռոբերտ Քոչարյանը վերացրեց մամուլի ասուլիսների պրակտիկան՝ այն փոխարինելով «հավատարիմ լրատվամիջոցների ներկայացուցիչների» հետ հանդիպումներով: Այդ հարցերը հանդիպումների ժամանակ նախապես համաձայնեցված էին, իսկ «հավատարիմների» աչքերում ավելորդ բառ արտասանելու, նախագահին դուր չգալու վախ կար, որը դժվար է թաքցնել եթերից, քանի որ հայտնի է՝ եթերը լակմուս է եւ վայրկենական ակնհայտ է դարձնում այն, ինչ կադրից դուրս նկատելու համար ժամանակ է պետք: Սերժ Սարգսյանն իսպառ վերացրեց նախագահի ասուլիսի չձեւավորված ավանդույթը: Ոչ տեղացի, ոչ արտասահմանյան լրագրողների հետ նա չի շփվում: Իսկ հանդիպումներն իշխանամետ ԶԼՄ-ների հետ, ինչպես, օրինակ, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմի, սովորաբար ենթակա չեն լուսաբանման: Այժմ, ինչպես սովետական ժամանակ, ասուլիսի դեր են կատարում համագումարները կամ մարզեր այցերը, որոնց ընդմիջումներին նա մի քանի նախապես պայմանավորված հարցերի է պատասխանում: