«Գրական երկեր» Գարեգին Նժդեհից

«Գրական երկեր» Գարեգին Նժդեհից
Լույս է տեսել Գարեգին Նժդեհի գրական երկերի ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ, Երեւանի պետական համալսարանում: Գարեգին Նժդեհի «Գրական երկեր» գիրքը ներառում է Նժդեհի չափածո եւ արձակ ստեղծագործությունները, որոնք տարբեր տարիներին տպագրվել են այսրկովկասյան մամուլի էջերում, ինչպես նաեւ Նժդեհից մոտ 450 ասույթներ, էպիգրամներ եւ 40 նորահայտ գործեր, որոնք այս ընթացքում պահվում էին Սբ. Ղազար կղզում:



 



Գիրքն իրենից ներկայացնում է Նժդեհի 1903-1919 թվականների գրական ժառանգության ամբողջական ժողովածուն: Գրքում տեղ են գտել Նժդեհի մի շարք անտիպ գործեր, ինչպես նաեւ օգտագործվել են գործչի ու նրա ընտանիքի արխիվային լուսանկարները: Պատմական գիտությունների թեկնածու, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանի կարծիքով, ում կողմից էլ հավաքագրվել եւ մեկ ժողովածուի մեջ են ամփոփվել Նժդեհի ստեղծագործությունները, առանձնահատուկ են հատկապես Նժդեհի արձակ բանաստեղծությունները. «Նա գրել էր, որ ունի բանաստեղծություններ, բայց թե որտեղ էին դրանք, մենք 20-30 տարի չգիտեինք (ի վերջո, մեզ օգնեց Մխիթարյան միաբանությունը): Նա այնպիսի մի գրականություն է ստեղծել, որը մինչ այդ չկար: Նրա գրվածքները ես համարում եմ հայրենասիրական գրականություն: Հետագայում դա մեծ ազդեցություն թողեց Շիրազի, Սեւակի եւ այլոց վրա»,- նշել է Ռաֆայել Համբարձումյանը: