«Ժառանգությունը» չի վստահում ընտրական հանձնաժողովների իր անդամներին

«Ժառանգությունը» չի վստահում ընտրական հանձնաժողովների իր անդամներին
Ընտրություններից 10 օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է քննել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչների ներկայացրած դիմումները: Երեկ էլ ԿԸՀ-ն քննեց ու մերժեց «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի համակարգող Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը:



 



Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը վերահաշվարկի մասին դիմումներ էր ներկայացրել, որոնք ԸԸՀ-ի կողմից մերժվել էին՝ ոչ իրավասու անձի կողմից ներկայացված լինելու հիմքով: Եվ հիմա Լուսինե Պետրոսյանը պահանջում էր չեղյալ համարել ԸԸՀ-ի որոշումը: Դիմումի քննության ընթացքում, ինչպես նաեւ դիմումին կից ներկայացված ապացույցից՝ տեսագրությունից պարզ դարձավ, որ թիվ 25 եւ 26 ԸԸՀ-ներ բոլորովին այլ դիմումներ են ուղարկվել: Դիմումներ, որոնք վերահաշվարկի պահանջ չեն պարունակել: Լուսինե Պետրոսյանը նաեւ նշեց, որ որոշ տեղամասեր քաղաքից շատ հեռու են եղել, եւ դիմումներն առձեռն հասցնելը բավական դժվար է եղել: Մուկուչյանի այն դիտարկմանը, որ եթե նշված տեղամասերում իրենց հանձնաժողովի անդամներից, վստահված անձինք ականատես են եղել խախտումների, ինչո՞ւ նրանցից որեւէ մեկը հատուկ կարծիք չի գրել՝ ֆիքսելով բոլոր խախտումները, որը հնարավորություն կտար հաջորդ օրը հենց իրենց կողմից վերահաշվարկի դիմում ներկայացնել, Լուսինեն արձագանքեց. «Այդ հարցը ես էլ եմ տալիս: Հավանաբար, կազմակերպչական թերացման հարց է: Մի ուրիշ անգամ»:



 



Ի դեպ, ինչ վերաբերում է հանձնաժողովներում «Ժառանգության» անդամներին, ապա ընտրություններից հետո շատ է խոսվում, որ նրանցից շատերը, կոպիտ ասած, «ծախվել են» եւ, համաձայնության գալով հանրապետական անդամների հետ, ստորագրել վերջիններիս պատրաստած արձանագրությունների տակ: Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը երեկվա նիստում եւս հայտարարեց, որ եթե իրենք չեն ընդունում վիճարկելի տեղամասերում քվեարկության արդյունքները, դա նշանակում է, որ իրենք չեն վստահում այդ տեղամասի հանձնաժողովին, ներառյալ իրենց անդամներին: Նիստի ավարտից հետո Լուսինե Պետրոսյանը, անդրադառնալով հանձնաժողովների իրենց անդամների «ծախված» լինելուն, ասաց. «Մեր հանձնաժողովի անդամներին ուղղված ոչ մի մեղադրանք, բամբասանք չենք ընդունում: Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովներում մյուս ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են եղել, եւ եթե հանձնաժողովում ակնհայտ կասկածելի արդյունքներ են գրանցվել, միանգամայն հասկանալի է, որ այնպիսի մթնոլորտ է եղել, որ ոչ միայն մեր հանձնաժողովի անդամը, այլեւ մյուս անդամները չեն կարողացել դրան ընդդիմանալ: Այն, ինչ ես գիտեմ մեր հանձնաժողովի անդամներից, չեմ պատրաստվում հրապարակել: Ես կասկածներ չունեմ նրանց ծախվել-չծախվելու վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ ոմանք դիմացել են ճնշումներին, ոմանց հանդեպ ճնշումներ չեն էլ եղել, որոշ դեպքերում եղել են ճնշումներ, եւ ոչ միայն մեր անդամների նկատմամբ, եւ նրանք չեն դիմացել»:



 



Բայց հանձնաժողովի որեւէ անդամ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին չի բարձրաձայնել՝  հակադարձեցինք: «Երբ մենք նայեցինք վերջնական տվյալները, բոլոր այն տեղամասերում, որտեղ մենք կասկածներ ունեինք, այդ տեղամասերից հանձնաժողովականներից որեւէ ահազանգ չէր գալիս, իսկ այն տեղամասերից, որտեղից ահազանգեր էին գալիս, վերջում այդքան էլ վատ արդյունքներ չէին: Դա նշանակում է, որ այն տեղամասում, որտեղ ի սկզբանե պարզ է եղել, որ հանձնաժողովի դեմ խաղ չկա, բոլորը համակերպվել են, որ խաղ չկա, դրա համար էլ չեն ահազանգել: Դա է ամբողջ հարցը»,-ասաց Լուսինե Պետրոսյանը: