Ամեն ինչ իր ժամանակն ունի

Ամեն ինչ իր ժամանակն ունի
Հարցազրույց 2000-2001 թվականների հայաստանյան ընդդիմադիր շարժման լիդեր, գործարար, քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ, որն առաջին օրվանից աջակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժմանը եւ մասնակցում հանրահավաքներին:



 



 



Նա հույս ունի, որ մինչեւ ապրիլի 9-ը՝  երդմնակալության օրը ստեղծված «ճգնաժամը» կհանգուցալուծվի, որովհետեւ Սերժ Սարգսյանն իսկապես բարդ վիճակում է, ճնշման տակ, եւ նա ինքնակամ կհեռանա:



 



- Ես հույս եմ փայփայում, որ մինչեւ ապրիլի ինը այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել, որովհետեւ երբ փորձում ես ինքդ քեզ դնել Սերժ Սարգսյանի վիճակում, խնդիրների առջեւ ես դու հանդես գալիս, ապա ստացվում է, որ նրա շուրջ կուտակված խնդիրները բոլորն անլուծելի են, ոչ տնտեսական խնդիր կարող է նա լուծել, ոչ արտաքին քաղաքական, ոչ ներքաղաքական, բարոյահոգեբանական եւ այլն: Չի կարող լուծել ոչ թե այն պատճառով, որ հիմար է կամ խելքը չի հասնում, կամ չի ուզում, ուղղակի օբյեկտիվ այպիսին է վիճակը: Նա բոլոր տեղերից հիմա ճնշման տակ է՝ եւ իր շրջապատի, եւ արտաքին ուժերի, եւ տնտեսական: Նա իր մեջ ողջամտություն պետք է գտնի, քաղաքական կամքի մասին չեմ խոսում, որովհետեւ այստեղ արդեն քաղաքական կամքը չի աշխատում, եւ պետք է հեռանա: Հիմա այն պահն է հասունացել, որ ինքը կարող է հանգիստ թողնի եւ գնա, ժողովուրդը ձեռքերի վրա նրան կտանի: Չեն թողնի, որ ոչ Լֆիկն իրեն խփի, ոչ Թոխմախի Մհերը, ժողովուրդը կլինի իր թիկնապահը:



 



- Ի՞նչ ճնշման մասին եք ակնարկում: Պաշտոնական տվյալներով, Րաֆֆի Հովհաննիսյանը 500 հազարից ավելի ձայն է ստացել, բայց այսօր նույնիսկ 100 հազար մարդ չի գալիս Ազատության հրապարակ: Չե՞ք կարծում, որ ինչ-որ բան այնպես չի կազմակերպվում, եւ պետք է ոչ թե երկիրը լքելու կոչեր անել, այլ քայլերով դրան հասնել: Ի՞նչ է պետք դրա համար անել:



 



- Մարդկանց քանակությունը չէ, որ որոշում է ստեղծված իրավիճակի աստիճանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ավելի մեծացնելու է այդ աստիճանը, եւ դուք կտեսնեք, որ ուրբաթ օրվա (այսօրվա) հանրահավաքին այստեղ ասեղ գցելու տեղ չի լինի: Ես դրանում խորապես համոզված եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործն արեց, եւ հիմա նա համարվում է «Բարեւի հեղափոխության» սիմվոլ, մնացածը մենք ինքներս պետք է անենք՝ այս հրապարակում կանգնելով: Եվ հետո, պաշտոնական տվյալներին ոչ ոք չի հավատում, երբ հայտարարվեց, որ գոյություն ունի ընտրության իրավունք ունեցող 2 մլն 5 հազար քաղաքացի, արդեն կեղծվեց, որովհետեւ նույնիսկ այդքան քաղաքացի այսօր չկա երկրում: Ինչ է, համախմբվածությունն այդքան դժվա՞ր բան է: Պետք է  հիշել 88-ը: Այդ ժամանակ մենակ բաբոներն էին տանը մնում, որ երեխաներին պահեին, իսկ ի՞նչն է խանգարում, որ այսօր նույնը կրկնվի: Բան չի մնացել անելու:



 



- Իսկ գուցե խանգարողը փափուկ մարտավարությո՞ւնն է, հնարավո՞ր է, այս հանրահավաքից սկսած, մարտավարության փոփոխություն լինի:



 



- Ես, ճիշտն ասած, ընդգրկված չեմ Րաֆֆի Հովհաննիսյանի մտերիմ թիմի եւ քաղաքական որոշումներ կայացնող խմբի մեջ, սակայն կարծում եմ, որ ամեն ինչի ժամանակը կգա: Րաֆֆին ինքը վերջին հանրահավաքի ժամանակ ասաց, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Հետեւաբար, եթե այս պայքարը նույնպես ունի իր տրամաբանությունը, ապա կարծում եմ, որ կոշտ միջոցների ժամանակը եւս պետք է գա, եթե այսօրվա «իշխանությունը» չգիտակցի հեռանալ: Քանի ժողովուրդը չի կատաղել (շատ կներեք արտահայտությանս համար), որովհետեւ կարող է կատաղել, երբ բաժակը լցվի, եւ այն ժամանակ շարժումը կդառնա անկանխատեսելի եւ անղեկավարելի, կվալտները, քարերը վերցնեն, գնան ջարդեն-փշրեն: Այդպիսի բան իհարկե, մենք ոչ մեկս չենք ուզում: Նրանք էլ են խորապես գիտակցում, որ դա հնարավոր է: Վերջին հաշվով, սոված մարդուն ուզում ես քարով խփի-ջարդի, ինքը, մեկ է՝ սոված է մնում: Իսկ մեր ժողովուրդը ոչ միայն հացի պակասից է այսօր սոված, այլ ամենակարեւորը՝ արդարության, օրինականության պակասից: Ես կարծում եմ, որ ամենակոշտ քայլը, որ կլինի, դա այն է, որ այս հրապարակում մի օվկիանոս ժողովուրդ լինի, ասեղ գցելու տեղ չլինի, եւ դա կլինի ամենակոշտ քայլը: Այսօր քանակը մեծ նշանակություն ունի, քանակը որակ է ստեղծում:



 



- 2008-ին էլ էր Ազատության  հրապարակը, Հյուսիսային պողոտան, Մատենադարանի հարակից տարածքը ծփում բազմամարդությունից, բայց իշխանությունները չփախան:



 



- Լավ է, որ այդ օրինակը բերեցիք, այն ժամանակ ընդդիմության ղեկավարները ժողովրդին անամոթաբար խաբեցին: Ես արտասահմանում էի, երբ շատ մարդաշատ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոնը ստիպեց ամբողջ բազմությանը վանկարկել՝ «Ման-վել, Ման-վել» (խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է): Ես այդ ժամանակ հասկացա, որ սրանք սուտ մարդիկ են, ո՞նց կարելի է  ստիպել, որ ժողովուրդը վանկարկի մարդակերի անունը, ո՞նց կարելի է: Ո՞ւր է այդ Մանվելը, չի երեւում այսօր, ինչո՞ւ ժողովրդի հետ չի, ժողովրդի մեջ չի:



 



- Րաֆֆի Հովհաննիսյանի «Հայաստան» կոչերն էլ համախմբման չեն բերում:



 



- Այդ կոչը շատ բան է պարունակում՝ եւ մեր բարոյականությունը, եւ մեր վճռականությունը, եւ, առաջին հերթին, մեր արժանապատվությունը, որովհետեւ մեր արժանապատվությունն այնքան են ոտնահարել, այնքան նսեմացրել, որ տեղ ու դադար չկա: Իսկ ժողովուրդը դա ենթագիտակցաբար զգում է եւ ուզում է դրա վերջը տալ:



 



- Պարոն Վարդանյան, Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում միավորվել ընդդիմադիր ուժերին՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցելու համար:



 



- Ես կարծում եմ, որ մեր անկախության առաջին իսկ օրերից մենք ոչ ընդդիմություն ենք ունեցել եւ ոչ էլ քաղաքականություն՝ բառիս բուն իմաստով, ոչ էլ ունեցել ենք քաղաքական կուսակցություններ: Ես չեմ պատկերացնում ընդդիմությունը որն է, որն է ընդդիմադիր դաշտը: Ինձ կասե՞ք՝ որո՞նք են այն կուսակցությունները, որոնք առաջնորդվում են իրենց գաղափարախոսությամբ, կամ ո՞րն է այդ գաղափարախոսությունը: Դուք կարո՞ղ եք տարբերել, օրինակ, որն է ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ԲՀԿ-ի գաղափարախոսությունից, ես չեմ կարող, որովհետեւ ծանոթ չեմ ոչ մեկին, ոչ էլ մյուսին, որովհետեւ դրանք չկան, եւ այդ սկզբունքներով չէ, որ առաջնորդվում են, ուրեմն գաղափարներ չկան, եւ չկա նաեւ ժողովրդի մասին մտածելու հավես: Այդ կուսակցությունները միայն ընդհանուր տորթի կողքը լինելու եւ տորթից կմճտելու համար են ամբողջ իրենց կյանքում գործում: