Տրամաբանությունից դուրս

Տրամաբանությունից դուրս
Հետաքրքիր ժամանակներ են. հացադուլ ու նստացույց, ստվերային կառավարություն ու հրապարակային քննարկումներ, այլընտրանքային ինաուգուրացիա, գաղտագողի ասուլիս: Կարծես թե քաղաքակիրթ ու քաղաքական գործընթացներից դուրս ենք մնացել: Ամեն ինչ վերածվել է խեղկատակության:



 



Ապաքաղաքական ու անիմաստ պրոցեսները միահյուսվել են, կորցրել տարրական տրամաբանությունը: Եվ ամենատարօրինակն այն է, որ բնականոն շավղից դուրս է ընկել ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ասենք՝ մեծ հաշվով  կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում, ի՞նչ ակնկալիքներ ունի այդ հացադուլից եւ ինչպե՞ս է պատրաստվում դադարեցնել այն՝ առանց սեփական վարկը վտանգելու եւ հասարակական ապատիայի հերթական ալիքը բարձրացնելու: Կամ՝ ինչո՞ւ է երկրի նախագահը հասարակության կողմից իրեն առաջադրված հարցերին պատասխան տալու փոխարեն իր կողմից կառավարելի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանում: Եվ այդ ասուլիսից ժամեր անց ոչ մի տեսանյութ չի հեռարձակվում՝ հավանաբար նախագահականում նյութը մշակելը ժամանակ է պահանջում:



 



Հնարավոր չէ հարց չտալ նաեւ Ազատության հրապարակում անուններ հնչեցնող, առաջարկներ անող անձանց եւ Սերժ Սարգսյանի ձեւակերպումով չասել՝ դա անում եք, որ ի՞նչ լինի: Մեր հասարակությունն առանց այն էլ շատ է բեւեռացած՝ ինչ-որ անձանց առանձնացնելը, մյուսներին չհիշատակելն ավելի է խորացնելու մարդկանց միջեւ եղած անջրպետը, նոր թիրախներ է նշմարելու, նեղացողների, մերժողների նոր բանակ է ձեւավորելու: Եվ վերջապես, ապրիլի 9-ի արարողությունը, որի հետ այնքան հույսեր է կապում ընդդիմությունը: Իսկ եթե ձեր ծրագրած սցենարը տապալվի, ի՞նչ եք անելու, ի՞նչ պատասխան եք տալու րոպեական արդյունք ակնկալող ժողովրդին: