Հայրիկյանին հիվանդ երեխաների հետ համեմատելն անբարոյականություն է

Հայրիկյանին հիվանդ երեխաների հետ  համեմատելն անբարոյականություն է
Երեկվա նիստում կառավարությունն անակնկալ մատուցեց հանրությանը` որոշեց 20,5 մլն դրամ տրամադրել նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին` արտերկրում առողջական վիճակը վերականգնելու համար: Բայց հանրությունը սա գնահատեց որպես գումարների վատնում եւ փոխհատուցում Հայրիկյանին նախագահական ընտրությունները չհետաձգելու դիմաց:



 



Ապշեցրեց նախ գումարի չափը` 50 հազար դոլարից ավելի: Սրա կեսով կարելի է տուն գնել արտերկրում կամ 2 սենյականոց բնակարան Երեւանի կենտրոնում, կամ սրտի 5-10 վիրահատություն անել, մի քանի գյուղում խմելու ջրի հարց լուծել: Գումարային համադրությունները կարելի է շարունակել: Երեկ ամբողջ օրը «ֆեյսբուքն» աղմկում էր: Համացանցի ակտիվիստները մտաբերում էին շտապ վիրահատության կարիք ունեցող երեխաների, որոնց փրկելու համար ամիսներով չի հաջողվում միջոցներ հավաքել: Բլոգեր Արմինե Գեւորգյանը կառավարությանը կոչ արեց Հայրիկյանի փոխարեն գումար փոխանցել  Տավուշի մարզի այն մարդուն, ով իր այգում վիրավորվեց ադրբեջանցու գնդակից: Լրագրող Թագուհի Հակոբյանն իր էջում հիշեց, թե ինչ պատմություն դարձավ երջանկահիշատակ բանաստեղծ եւ հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանին արտերկրում բուժվելու համար գումար տրամադրելը: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրեց. «Պարույր Հայրիկյանը մի տեսակ թանկ ա նստում հայ ազգի վրա»:



 



Վերջապես համացանցում Հայրիկյանի նկարով 20 մլն դրամանոց թղթադրամ կախեցին: Կեսօրին իշխանական շրջանակից լուր սպրդեց, թե Հայրիկյանը գումար է պահանջել ընտրությունները չհետաձգելու համար, եւ իրեն այդ գումարը տրվել է կառավարության որոշման տեսքով: Մինչ հանրությունը վրդովվում էր, Հայրիկյանն արդեն հեռու էր: Նրա հավատարիմ ընկեր եւ համակիր Կարո Եղնուկյանից իմացանք, որ առավոտյան, դեռ մինչեւ կառավարության հայտնի նիստը, նա թռել է Հոլանդիա՝ Ռոտերդամ քաղաք, որտեղ եւ պետք է բուժվի: Օդանավի տոմսի գումարը նույնպես կառավարությունն է տրամադրել՝ նույն 20 մլն-ի շրջանակներում: Փաստորեն, նիստից առաջ արդեն գումար էին հատկացրել: Կարո Եղնուկյանի հետ զրուցեցինք 20 մլն-ի շուրջ:



 



 - Սոցցանցերում գրում են, որ Հայրիկյանին կառավարությունը գնել է:



 



- Պարզ չէ՞ր, որ ասողներն էդպես պետք է ասեն: Մոռանում են այդ մարդու անցյալը, որ նա 63 տարեկան է եւ մինչեւ 63 տարեկան ոչ մեկի հետ գործարքի չի գնացել` ոչ Գորբաչովի, ոչ Բրեժնեւի հետ, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե գործարքի գնար, գոնե 500 հազար դոլար առներ, 50 հազարն ի՞նչ է:



 



- Մեր իշխանության գործելակերպն է սա:



 



- Ես արդեն սկսում եմ կասկածել, որ սա դիտմամբ է արված, որ սկսեն մրոտել նրա անունը: Անանուն պետական աշխատողներ հայտարարություններ են անում, որ Հայրիկյանը գումար է պահանջել, եւ նրան գումար են տվել: Իրականում նա ոչ գումար է պահանջել, ոչ էլ նրան գումար են տվել:



 



- Այդ գումարն ո՞ւմ են փոխանցելու` Հայրիկյանի՞ն, թե՞ հիվանդանոցին:



 



- Նախ, հիվանդանոցը պետք է ասի, թե որքան է անհրաժեշտ բուժման համար: Հոլանդիան Հայաստան չէ: Կամ քթի օպերացիա չէ սա, որ ասեն` քիթ փոքրացնելը 5 հազար է, կուրծք մեծացնելը` 20 հազար է: Ստեղ պրոբլեմ է, որը նախ պետք է հասկանալ, հետո որոշեն` կլինի վիրահատություն, չի լինի, քանի հոգի կմասնակցի: Գումարային տեսակետից դեռ պարզ չէ, թե 50 հազար է, 500 հազար է:



 



- Գումարի պահանջ չի՞ եղել Հայրիկյանի կողմից:



 



- Ոչ, պահանջ չի եղել: Երկու հիվանդանոցներում չկարողացան բուժել Հայրիկյանին, երկուսին էլ փող էր փոխանցվել: Իրենք արեցին այն, ինչ կարողացան, ոչ այն, ինչ կարելի էր անել: Դժբախտաբար, մեր բժիշկների ու առողջապահության նախարարության համար հեշտ չէր ասել, որ իրենք չեն կարողանում բուժել Հայրիկյանին: Առաջին օրից նա բողոքում էր ձեռքից, իրենք ասում էին` բան չկա, մի շաբաթից կանցնի, հետո ասեցին` 2 շաբաթից, հետո` 6 ամսից: 2 ամսից 10-ից ավելի բժիշկներ գլուխ գլխի հավաքվեցին եւ իրենք որոշեցին, որ պետք է մի այնպիսի վիրահատություն, որի տեխնիկական պայմանները Հայաստանում չկան, եւ մասնագետներ չկան:



 



- Գումարի չափը մեծ չէ՞ ձեռքի վիրահատության համար` 50 հազար դոլար:



 



- Դուք Եվրոպայի առողջապահության ծախսերից տեղյակ չեք: Ես արդեն ասացի, որ գումարի չափը հայտնի չէ: Հայրիկյանի ձեռքը փող չեն դրել: Նա ոչ պահանջ է դրել, որ իրեն արտերկրում բուժեն, ոչ էլ, որ իրեն գումար տան, հակառակը՝ նա նախընտրում էր, որ իրեն Հայաստանում բուժեն: Երկու ամիս չարչարվելու պատճառը դա էր:



 



- Նա չունե՞ր գումար: Կարծիքներ կան, որ բուժման կարոտ շատ երեխաներ կան, որոնց պետությունը չի բուժում, եւ նրանք մահանում են:



 



- Սա տգեղ շահարկում է: Երեխաների հարցը կապ չունի Հայրիկյանի բուժման հետ:  Հավասարության նշան դնելն այս երկուսի արանքում անբարոյական է: 18 տարի բանտերում նստելուց հետո նա ոչ մեկից ոչ մի բան չպահանջեց: Հակառակը, պետությունն իրեն փոխհատուցում տվեց, որն ինքը չվերցրեց, դա առողջության հետ կապ չուներ: Իսկ այստեղ նրա աջ ձեռքի հարցն է: Աջլիկ, աշխատող, գրող մարդու աջ ձեռքի, որը հիմա չի կարողանում օգտվել համակարգչից: Ոչ ոք չի իմանում, թե ինչ ցավեր է նա ունենում: Մի օր մոտը նստեն, տեսնեն, թե էդ մարդն ինչ գոռոցներ է դնում: Պատկերացրեք, ձեր ատամի ներվն առանց անզգայացման ամեն օր տասնապատիկ ուժեղ ցավի: Երեխաների հարցը պետք է լուծվի բյուջեի շրջանակներում, իսկ բյուջեն պետք է լրացվի մեր այսօրվա օլիգարխների «Բենթլիներով», կղզիներով, որ իրենք գնել են, հանքերով: Թող «Բենթլիները» ծախեն՝ գումարները տան երեխաների բուժման համար: Թող Քոչարյանն իր կղզիները ծախի՝ բուժի երեխաներին: