Քաղաքացիական անհնազանդությունը՝ ռեժիմի տապալման լավագույն ձեւ

Քաղաքացիական անհնազանդությունը՝ ռեժիմի տապալման լավագույն ձեւ
Իշխող ռեժիմի տապալման ամենահավանական սցենարներից մեկը վերջին շրջանում համարվում է քաղաքացիական անհնազանդությունը: Քաղաքացիական անհնազանդության կոչով հանրությանը դիմեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ինչպես նաեւ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ:



 



Անդրիաս Ղուկասյանը, օրինակ, առաջարկում է բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն շինծու ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կսահմանափակեն Սերժ Սարգսյանի իրավունքներն օգտագործելու պետական իշխանությունը: «Մասնավորապես գտնում եմ, որ քաղաքացիները չպետք է համագործակցեն կոռուպցիոն իշխանությունների հետ, չպետք է ենթարկվեն անօրինական որոշումներին, կարող են անել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, այլ համակարգված գործողություններ, որոնք սահմանափակելու են իշխող կուսակցության հնարավորությունները՝ օգտագործելու պետական իշխանությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Նա նաեւ շատ կարեւոր է համարում այն հանգամանքը, որ այլ պետությունների ղեկավարներ իրազեկվեն, որ Սերժ Սարգսյանն իրավասու չէ ներկայացնել Հայաստանը միջազգային հարաբերություններում, եւ իր կողմից կնքված, ստորագրված ցանկացած փաստաթուղթ այդ երկրի համար որեւէ իրավական հետեւանք ունենալ չի կարող:



 



Ղուկասյանը, որպես անհնազանդության դրսեւորման հաջորդ քայլ, կարծում է, որ քաղաքացիները պետք է միավորվեն եւ պահանջեն, որ պատգամավորները կազմակերպված հրաժարական տան: «Քաղաքացիները պետք է պատշաճ իրազեկված լինեն, որ Սերժ Սարգսյանն իրավասու չէ որեւէ մեկին նշանակել պետական պաշտոններում, ուստի նա, ով նրա կողմից նշանակվել է որեւէ պաշտոնի, պետք է իրազեկված լինի, որ իր քայլերը հետագայում դիտվելու են որպես հանցագործություն»,- ավելացրեց նախագահի նախկին թեկնածուն: Նա այս սցենարը լիովին իրատեսական է համարում, բայց «դա պահանջում է մեծ աշխատանք եւ ուժերի միավորում»: «Այն չի կարող ինքնակազմակերպվել, անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի, ստեղծվեն քաղաքացիների կոմիտեներ, որոնք մի կողմից համակարգ ձեւավորեն, մյուս կողմից ապահովեն քաղաքացիական անհնազանդություն դրսեւորած քաղաքացիների ապահովությունը՝ ի շնորհիվ միասնական գործողությունների»,-կարծում է Ղուկասյանը:



 



Քաղաքացիական անհնազանդություն դրսեւորած զանգվածը, նախագահի նախկին թեկնածուի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ չի կարող համախմբվել, քանի որ վերջինս տանում է քաղաքական պայքար, ինչն էականորեն տարբերվում է քաղաքացիական պայքարից: «Քաղաքացիական շարժումն ավելի լայն ուժերի միավորվելու հարց է: Եթե մարդիկ միավորվում են «Ռեժիմի դեմ» կարգախոսի տակ, սա իրավունքի համար մղվող քաղաքացիական պայքար է, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործչին կողմ կարգախոսի տակ, ինչը քաղաքական ֆորմատ է»:



 



Ակտիվիստ Կարեն Հարությունյանի խոսքով էլ քաղաքացիական անհնազանդությունը պայքարի հզոր գործիք է, ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դրա զանգվածային կիրառումը մեծապես կախված է մարդկանց գիտակցությունից: «Երբ քաղաքացիները հասկանան դրա իմաստն ու գիտակցեն ուժը,  այն կիրագործվի, իսկ դա այդքան էլ բարդ չէ: Մեր գործն է՝ բացատրել, ցույց տալ քաղաքացիներին եւ բերել այդ գիտակցության»,-կարծում է ակտիվիստը: Անկախ նրանից, որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական պայքարից տարբերվում է, սակայն այդ պայքարը եւս առաջնորդ է ենթադրում, այսինքն մարդ, ով կկազմակերպի, կհամակարգի քայլերը: Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է ձեւավորելու քաղաքացիական շարժումը, նույնիսկ դա իր պարտականությունն է համարում, իսկ ապրիլի ինը՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ըստ նրա, անհնազանդության դրսեւորման ամենապատեհ առիթն է: «Այդ օրը հանրությունը կանգնած է ընտրության առաջ՝ ենթարկվե՞լ շինծու ընտրությունների արդյունքում ընտրված նախագահին, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ այս ռեժիմը կարող է երկար դիմակայել քաղաքացիական պայքարին: Չէ: Ես կարծում եմ՝ 2013 թվականին համատեղ ուժերով մենք կարող ենք Հայաստանում նոր քաղաքական համակարգի հիմք դնել»,-հավատացած է նա:



 



Հետաքրքիր էր, թե ինչ են մտածում քաղաքացիական անհնազանդության մասին իշխող ուժի ներկայացուցիչները: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով, քաղաքացիական անհնազանդության ալիք չի բարձրանա, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավիճակը սթափ է գնահատում, եւ այդ շարժումը, ինչպես նաեւ քաղաքացիական անհնազանդության կոչերով հանդես եկողները կշարժվեն Հովհաննիսյանի տրամադրությանը եւ գործելաոճին համահունչ: «Չեմ կարծում, որ արկածախնդիրներ կգտնվեն եւ կգնան իշխանությունները բռնի զավթելու ճանապարհով»,-ասաց Սահակյանը: Նա դժվարացավ ասել, թե ինչ քայլեր կձեռնարկի իշխանությունը նման դրսեւորումները կանխելու ուղղությամբ: «Այս պահին գուշակությամբ չզբաղվենք: Մինչեւ ապրիլի ինը  սպասենք, եթե նման դրսեւորում կարձանագրվի, այն ժամանակ էլ կխոսենք»: