Օդում մնացած կրիմինալը պատից կախված հրացան է

Օդում մնացած կրիմինալը պատից կախված հրացան է
Գյումրիի նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ հրապարակային վիճաբանությունը սպառնում է վերաճել արյունահեղության՝ դրա մասին է խոսում Վարդան Ղուկասյանի հայտարարության մեջ «մի տեղ հանդիպելու» եզրույթը, ինչպես նաեւ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում արած արտահայտությունը, թե մենք պատրաստ ենք 10-20 տարի նստելու: Սրանից անմիջապես հետո սոցիալական կայքերը հեղեղվեցին ԱԱԾ-ին ուղղված պահանջներով՝ կանխելու արյունահեղությունը:



 



Իհարկե, իրավապահ համակարգը պետք է հոգ տանի այն մասին, որ այդ սպառնալիքները շանս չունենան իրականանալու, սակայն սխալ է ամեն ինչ հանգեցնել Ղուկասյանին ձերբակալել-չձերբակալելուն, քանի որ այդպիսով անպատասխան է մնում այս հակամարտության խորքային պատճառների մասին հարցը:



 



Ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Ղուկասյանն ու Սամվել Բալասանյանն իրենց քաղաքական կենսագրությունները զարգացրել են զուգահեռ, չեն ունեցել կոնֆլիկտներ, չեն եղել բիզնես մրցակիցներ եւ այժմ էլ այդպիսին չեն, իսկ Գյումրիի քաղաքապետի պաշտոնից Ղուկասյանը հեռացել է կենտրոնական իշխանությունների պահանջով, ուրեմն ո՞րն է նման սուր հակամարտության պատճառը: Պատճառը դուրս է Բալասանյան-Ղուկասյան հարաբերությունների շրջանակից, այն ավելի խորքային է եւ կապ ունի Հայաստանի իշխանական ուղղահայացի դեֆորմացիայի եւ ինտերնետի տարածումով պայմանավորված մարդկանց մտածելակերպի փոփոխությունների հետ:



 



Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա կհանգենք իշխանության կառուցվածքի կազմակերպման հետեւյալ տրամաբանությանը՝  Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ բիզնեսները եւ պաշտոնի տեսքով քվոտաները բաշխվում էին շարժմանը եւ պատերազմին ունեցած մասնակցության չափանիշով, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եւ ներկայիս նախագահի առաջին ժամկետի ընթացքում չափանիշ էր ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուներին եւ կուսակցություններին ձայն բերելը, չհաշված հարակից ֆունկցիաները՝ ընդդիմության միտինգների ժամանակ մանր կեղտոտություններ անելը եւ այլն, իսկ ձայն բերելու ֆունկցիան լավագույնս կարող էր իրականացնել կրիմինալը, ընդ որում ոչ թե դասական, այլ բիզնես կրիմինալը:



 



Հիմա, երբ նախագահական ընտրություններում պարզ դարձավ, որ ձայն բերելու համակարգն այլեւս չի գործում, եւ դա առաջին հերթին երեւաց Գյումրիում, իշխանությունը պետք է փորձի եւ փորձում է ձեւավորել նոր էլիտա, որի հիմնական չափանիշը լինելու է կրիմինալին մաս չկազմելը, իսկ հիմնական ակնկալիքը իշխանության համար նորից «ձայներ բերելն» է , սակայն այս անգամ ոչ թե 4-5 տարին մեկ, այլ ամեն օր, ինչը ենթադրում է մի կողմից աղմկոտ պատմությունների մեջ չընկնելու կենսաձեւ, մյուս կողմից՝ առօրյա աշխատանք հասարակության հետ: Առաջին պահանջը Բալասանյանը կկարողանա բավարարել, երկրորդի մասով նույն վստահությունը ձեւավորելու համար Գյումրիի քաղաքապետը դեռ հսկայական աշխատանք ունի անելու:



 



Այսպիսով, լուսանցքում է հայտնվում մի ուժ, որը տիրապետում է, մի կողմից, զգալի նյութական ռեսուրսների, մյուս կողմից՝ հսկայական ներհամակարգային ինֆորմացիայի, եւ այդ ուժը լուսանցք մղվելով քաղաքականության մեջ, փորձում է հասկանալ իր տեղն ու դերը նոր քաղաքական համակարգում: Եվ Վարդան Ղուկասյանի սպառնալիքները հենց անկյուն քշվածի վարք են բնութագրում ու ավելին չեն, քան ինքնապաշտպանության հուսահատ փորձ, չնայած վստահ եմ, որ Գյումրիի նախկին քաղաքապետը հոյակապ հասկանում է, որ նման տեքստերը, առավել եւս նման քայլերը որեւէ ընկալում չեն կարող գտնել նոր քաղաքական իրականության պայմաններում, սակայն անկյուն քշվածից ամեն բան սպասելի է: Ուստի, իշխանությունները պետք է լրջորեն մտածեն քաղաքականությունից դուրս հանվող կրիմինալի «աշխատանքի տեղավորման» մասին: Բնական է՝ դա պետք է լինի ոչ Ազգային ժողովը, ոչ էլ ՏԻՄ-ը, սակայն ակնհայտ է, որ օդում մնացած կրիմինալը նման է պատից կախված հրացանի, որը մի օր կրակելու է:



 



Մհեր ՎԱՐԴԱՆՅԱՆ