Մարզպետն արտասվում էր մեզ հետ միասին

Մարզպետն արտասվում էր մեզ հետ միասին
Մենք հայաստանյան սովորական գյուղական համայնքի ներկայացուցիչներ ենք, համայնքի, որ հազարավոր  ուրիշների  թվում ապրում է գյուղի ու ողջ երկրի դեմ ծառացած փոքր ու մեծ հոգսերով: Մեր գյուղում տեղի ունեցած դժբախտ միջադեպը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան լրատվամիջոցների կողմից:



 



Հիշեցնենք. փետրվարի 18-ին, ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի Խաչփար համայնքի բնակիչ, 13-ամյա Արսեն Բալայանցն ընկել էր Հրազդան գետն ու խեղդվել: Երեխայի դիակը հաջողվել էր հայտնաբերել միայն 9 օր անց եւ համապատասխան փորձաքննություն անցկացնելուց  հետո հանձնել հողին: Ավելորդ է նշել, թե ինչպիսի վշտով էր համակված մանկան ընտանիքը, սակայն, ի պատիվ Արսենի հարազատների,  պետք է խոստովանել, որ նրանք հոգու մեծ տոկունությամբ տարան իրենց բաժին ընկած դժբախտությունը: Դրանում նրանց օգնեց նախեւառաջ Խաչփար գյուղի ողջ համայնքը՝ Բալայանցների  կորուստն ընկալելով որպես սեփական ողբերգություն եւ հոգեբանորեն ու ֆիզիկապես սատար կանգնելով վշտահար ընտանիքին:



 



  Դրվատանքի խոսքի են արժանի նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր 9 օր շարունակ գործադրելով իրենց ամբողջ հմտությունն ու փորձը, որոնում էին  երեխայի դին կիլոմետրեր ձգվող Հրազդան գետի հունի հատվածում: Այդ աշխատանքներին անգնահատելի օժանդակություն ցուցաբերեցին նաեւ առանձին անձինք՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը եվ հատկապես Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ պետական այր, ում համար պաշտոնական գործառույթը վերածվել էր բարոյական պարտքի, իսկ Բալայանցների վիշտը՝ անձնական ողբերգության: Դժբախտ պատահարի օրը, երբ ամբողջ երկրում տեղի էին ունենում ՀՀ նախագահական ընտրություններ, եւ ինքնին հասկանալի է, թե աշխատանքային ինչպիսի ծանրաբեռնված օրակարգ պիտի ունենա պատասխանատու պաշտոնյան, մանավանդ մարզպետը, սակայն, ի պատիվ պրն Բարսեղյանի, պետք է ասել, որ լուրը լսելուն պես նա անմիջապես արձագանքեց կատարվածին, եւ Արսենի ճակատագիրն ամբողջությամբ կլանեց նրա ուշադրությունը՝ մի կողմ մղելով մնացյալ ամեն ինչ:



 



Մինչեւ որոնողական աշխատանքների ավարտը նա բազմիցս այցելեց դեպքի վայր՝ անձամբ վերահսկելու միջոցառումներն ու  հնարավորինս սփոփելու մանկան հարազատներին: Մնացյալ ժամանակ պրն Բարսեղյանն իր ցուցումներն ու խորհրդատվություններն իրականացնում էր հեռախոսակապով, այնպես որ, նրա ներկայությունն աշխատանքների վայրում զգացվում էր անընդհատ: Գործի դնելով իր տրամադրության տակ ունեցած ողջ ադմինիստրատիվ ներուժը, անձնական կապերը եւ չխնայելով անգամ սեփական միջոցները, մարզպետը սատար եղավ Խաչփար համայնքին՝ մեզ համար հույժ դժվարին օրերին: Ի վերջո, հնարավոր եղավ ծանր տեխնիկայի օգնությամբ մի զգալի հատվածում շրջել Հրազդան գետի հունը, ինչի արդյունքում փետրվարի 26-ին՝ պատահարից 9 օր անց, խեղդված երեխայի մարմինը հայտնաբերվեց: Վշտաբեկ ծնողների համար դա գոնե որոշ իմաստով սփոփանք էր: Էդիկ Բարսեղյանը նյութապես նույնպես օգնեց սոցիալական ծանր պայմաններում ապրող Բալայանցների ընտանիքին եւ մասնակցեց Արսենի հուղարկավորության արարողությանը՝ այդ քայլով իսկ հավաստելով համայնքի անդամներին, որ իր գործողություններում առաջնորդվել է ոչ միայն իբրեւ մարզի համար պատասխանատու պաշտոնյա, այլ նախեւառաջ որպես մարդ, ում համար սրտացավությունն ու կարեկցանքը գերակա սկզբունքներ են:



 



Մենք՝ Խաչփար համայնքի անդամներս, հուղարկավորության ժամանակ նկատեցինք, թե ինչպես էին արցունքները հոսում մարզպետի աչքերից: Այդ ցնցող տեսարանի ազդեցությամբ էր, որ վճռեցինք սույն բաց նամակով մեր երախտիքի խոսքը հնչեցնելու մարզպետի հասցեին: Գուցե  երբեւէ չդիմեինք նման եղանակով մեր երախտապարտությունը հայտնելու քայլին՝ քաջ իմանալով, որ ինքը՝ Էդիկ Բարսեղյանը, ամենեւին կարիք չունի հրապարակավ իր արժանիքները հնչեցնելու, բայց այդ կարիքն ունենք մենք:



 



Մենք՝ Խաչփարի բնակիչներս, որ Ադրբեջանում ենք թողել սրբավայր դարձած մեր նախնիների շիրիմները, լավ գիտենք մահացած հարազատի աճյունը մայր հողում ամփոփելու վերջին փափագի գինը եւ կարծում ենք, որ անարժանների քննադատության հետ մեկտեղ նաեւ հարկավոր է նկատել ու գնահատել արժանավորների արած թեկուզ մեկ փոքրիկ բարի գործը: Մեր տողերում քաղաքականության նշույլ անգամ չկա, մեր պատվիրատուն մեր խիղճն է, եւ մեր շարադրած այս մտքերի համար հաշվետու ենք միայն ու միայն մեր սրտին:



 



Խաչփար համայնքի  անունից`  ավագանու անդամներ



Ա. Ալեքսանյան



Ս. Գեւորգյան



Տ. Եսայան



Ս. Խաչատուրյան



Տ. Մարտիրոսյան



Է. Նաղդալյան  



 



համայնքի ղեկավար Ղ. Մարտիրոսյան