...Որ չդառնա Մուբարաք

...Որ չդառնա Մուբարաք
«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախարար Սմբատ Այվազյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժման առաջին օրվանից Ազատության հրապարակում է: Եվ մինչ շատերը Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունից հետո քննադատում են վերջինին, Այվազյանը նախօրեին էլ եկել էր հրապարակ՝ լսելու քաղաքացիական ֆորումի հերթական բանախոսներին: Փոքրիկ զրույց ունեցանք նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:



 



 



- Պարոն Այվազյան, ոչ բոլորն են  պարտաճանաչ այցելում Ազատության հրապարակ, ինչո՞ւ, որովհետեւ Ձեր կարծիքով շարժումն արդեն մարո՞ւմ է: Ինչո՞ւ եք Դուք Ազատության հրապարակի բոլոր միջոցառումներին ներկա լինում:



 



- Ես այստեղ եմ, որովհետեւ ժողովուրդն է այստեղ, իսկ մնացած մասն էլ, որոնք տներում են, երեւի փոփոխություն են ուզում: Ես համոզված եմ, որ երկրում լավ փոփոխություն անելը հնարավոր կլինի Ազատության հրապարակով, որովհետեւ այստեղ է ժողովրդի հավաքական կամքը, միտքը: Սա է հիմնական պատճառը, որ ես գալիս եմ այստեղ: Ես ոչ թե գալիս եմ այստեղ որեւէ անհատի եւ խմբի համար, այլ գալիս եմ հանուն մեր երկրի ապագայի:



 



- Շարժման շարժիչ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության, ներկայացրած պահանջների եւ հնչած խոստումների մասին Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:



 



- Անկեղծ ասած, իմ տեսակի մարդու համար, որը մշտապես կողմ է եղել կոշտ պայքարի, հիմա նամակների վերլուծությունը մի քիչ բարդ, կարծես ռեալիստական չէ: Բայց, հաշվի առնելով Րաֆֆու տեսակը, այս շարժման բնույթը, ես կարծում եմ, որ հույս կա, որ գուցե նամակներով էլ ինչ-որ բանի հասնի: Չգիտեմ, հիմա Րաֆֆին այդ ճանապա՞րհն է ընտրել, այդ ճանապարհո՞վ է գնում, եւ ես ինքս սպասում եմ (որովհետեւ ինքն է այսօր առաջնորդում այս քաղաքացիական շարժումը), թե ինչ հանգրվանի կհասնենք:



 



- Պարոն Այվազյան, երկուստեք նամակներում ձեւակերպումներն ըստ էության տանում են փակուղի, որեւէ կողմը զիջման չի պատրաստվում, Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում  է իր պահանջները, Սերժ Սարգսյանն էլ՝ անդրդվելի մնում:



 



- Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ Սերժն իր տեսակով ինչ-որ նամակներով գնա զիջումների, բայց մի բան հստակ է. եթե այսօր նա չփորձի լսել ժողովրդի ձայնը եւ չփորձի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 18-ին մեր երկրում, վաղը ինքը զղջալու է հաստատ եւ փոշմանելու, որ չգնաց զիջման, քանի որ տեսանք, թե իրենից հզոր մարդիկ (ես չեմ ուզում «առաջնորդ» բառն օգտագործել, որովհետեւ Սերժն ինձ համար երբեք առաջնորդ չի եղել) ինչ ճակատագրի արժանացան, հիշենք, օրինակ, Մուբարաքին:



 



- Պարոն Այվազյան, հանուն արդարության չենք կարող չասել, որ Ազատության հրապարակն այս շարժման ընթացքում անգամ լեփ-լեցուն չի եղել, գնալով էլ շարքերը նոսրանում են, ուրեմն ի՞նչը պետք է զիջումների պատճառը դառնա:



 



- Գիտեք, երկրում փոփոխության մեջ պահանջ կա, քանի գնում՝ ավելանում է այդ պահանջը, շատ լավ կլինի, որ այդ մարդիկ գան Ազատության հրապարակ, բայց եթե չեն գալիս, չի նշանակում, որ երկիրը փոփոխությունների շեմին կանգնած չէ: Երկիրը դրա կարիքն ունի, երկիրը պարտադրված է գնալ փոփոխությունների: Սա ամենագլխավորն է, որ պետք է ընկալեն թե ընդդիմության լիդերները եւ իշխանության գլուխ կանգնած մարդիկ:



 



- Լավ, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ ոչ Սերժ Սարգսյանն է նահանջում, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչեւ ե՞րբ կարող է այսպես շարունակվել: Գուցե այս վիճակը շարունակվի մինչեւ ապրիլի 9-ը, բայց հետո՞:



 



- Ես այս շարժման պլանավորմանը եւ քայլերին չեմ մասնակցում, մասնակցում եմ միայն հարցազրույցների միջոցով, հետեւաբար, չեմ կարող ոչինչ ասել: Ես իմ պատկերացումներն ունեմ, բայց չեմ ուզում դրանք բարձրաձայնել, որովհետեւ սպասում եմ, թե մարդիկ ինչ կառաջարկեն: Եթե հիշում եք, ես առաջարկում էի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հավաքվել եւ միասնաբար քննարկել, թե ինչ անել, որպեսզի մեր երկիրը չդատարկվի, որպեսզի սահմանամերձ դատարկ գոտի չունենանք, որ մեր անվտանգությունն այսքան վտանգված  չլինի, երկիրը զարգանա եւ այլն, եւ այլն, բայց չեղավ:



 



- Շատերն այսօրվա շարժման մեջ չեն տեսնում  2008-ին սկսված շարժման էներգետիկան, երբ փողոց էին դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ, բայց Սերժ Սարգսյանը կրկին անդրդվելի մնաց: Ո՞րն է այսօրվա շարժման առանձնահատկությունը, որը կարող է ճնշում գործադրել իշխանության վրա:



 



- Էապես տարբերվում է այսօրվա շարժումը նախորդից: 2008-ին եթե ընդդիմությունը չկորցներ այն տեմպը, որով սկսել էր, հաստատ երկրում փոփոխություններ կլինեին: Հիմա Րաֆֆու շարժումը մի քիչ այլ կերպ է: Բոլոր շարժումներն ընտրություններից հետո ծավալվել են միայն հրապարակում, բայց մենք տեսանք, որ Րաֆֆին այցելեց մարզեր եւ ինչպիսի ընդունելության արժանացավ: Իմ կարծիքով, եթե այդպես շարունակվեր, ապա մարդաշատության առումով հրապարակն այլ տեսք կունենար: Բայց չարվեց, հիմա սպասենք, տեսնենք, թե ինչ է ծրագրել Րաֆֆին:



 



- Բայց այսօր քիչ չեն մարդիկ, որոնք Րաֆֆուն են քննադատում, նամակագրությունից հետո՝  հատկապես, ասում են, որ նա էլ կվերցի որոշ պաշտոններ եւ կգնա Գեղամյանի ու մյուսների ճանապարհով:



 



- Դեռ նման բան չի երեւում: Ինձ համար ցավալի կլինի, եթե այդպես լինի, բայց մի բան հստակ է, որ ես եւ իմ ընկերները պայքարը շարունակելու ենք հանուն լավ ապագա ունենալու համար: