Ես ձեզ ժամադրում եմ՝ Կապան, երկուշաբթի, ժամը տասին

Ես ձեզ ժամադրում եմ՝ Կապան, երկուշաբթի, ժամը տասին
Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կիրակի, Սուրբ պատարագից հետո, ավարտելու է հացադուլը, ինչպես ինքն է ասում՝ «ծոմը», եւ «առանց ընդմիջման ու կազդուրման, համայն հայության, Արցախի եւ Սփյուռքի հետ միասին» պատրաստվելու է ապրիլի 9-ին, երբ, ըստ Րաֆֆու, Նոր Հայաստանի երդմնակալությունն է լինելու:



 



Թե կոնկրետ ինչ ասել է «Նոր Հայաստանի երդմնակալություն», մարդիկ լավ չեն պատկերացնում, գիտի միայն ինքը՝ Րաֆֆին, բայց երեկ չբացատրեց: Անհասկանալի էր նաեւ, թե, ի վերջո, ինչի հասավ նա իր «ծոմով»՝ ինքնամաքրմա՞ն, թե՞ քաղաքական նպատակի էր ձգտում, բայց հրապարակում հավաքված ժողովրդին, կարծես, բացատրություններ պետք էլ չէին, այլ պետք էր տեսնել մեկին, ով պայքարում է, ում կողքին կկանգնեն, ու ով իր պես ատում է իշխանությանը: Երբ Րաֆֆին հայտարարեց, որ դադարեցնում է ծոմը, մարդիկ սրտանց ուրախացան եւ ցնծագին ծափահարեցին: Երեկ մարդիկ սպասում էին, որ առաջնորդը պետք է հայտարարի իրենց առաջիկա անելիքը, եւ Րաֆֆին արեց դա. «Վաղը, ժամը 18-ին, «Բամբիռի» եւ Լիլիթ Պիպոյանի համերգից հետո, Տեր-Գրիգորը, որը եղել է իմ հոգեւոր ուղեկիցն այս տարիներին, կգա եւ պատարագից հաղորդություն կբերի ինձ»: «Ապրես»,- գոչեցին կանայք: «Ավետիսի առավոտը, ժամը 10-ին, ես երկու խոսք կասեմ երախտագիտության, խոնարհումի եւ միասնության եւ նոր ընտանիքիս հետ կգնամ եկեղեցի եւ եկեղեցուց հետո կգնամ ընտանիքիս հետ այդ կիրակի օրը»:



 



Երկար ծափահարություններից հետո Րաֆֆին շարունակեց. «Իսկ երկուշաբթի՝ ապրիլի մեկին, թե մեռելոց է, թե ծիծաղի տոն է, եւ հայ ժողովուրդը վաղուց սովորել է մահվան երեսի վրա պարել, ցավի դեմ պայքարել եւ հաղթահարել: Մենք պետք է հիշենք մեր մեծերին, ազատամարտիկներին, ննջեցյալներին, պետք է ծիծաղենք եւ ուժեղանանք եւ ապրիլի մեկից գործի ենք անցնելու Հայաստանում՝ սահմանից սահման բոլոր մարզերում քաղաքացիական մեծ բանակը հավաքելու ապրիլի 9-ի համար»: «Բարեւ»-ի մարզային երթուղին հետեւյալն է լինելու. ապրիլի 1՝ Կապան, Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ, Գոռավան, Արտաշատ: Ապրիլի 2՝ Եղվարդ, Ուջան, Թալին, Արթիկ, Գյումրի, Արմավիր, Էջմիածին: Ապրիլի 3՝ Աբովյան, Նոր Հաճն, Մարտունի, Սեւան, Իջեւան, Բերդ: Ապրիլի 4՝ Նոյեմբերյան, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ապարան, Աշտարակ: Կապանը հիշատակելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պահի տակ հիշեց «Հայկական ժամանակում» երեկ տպագրված հարցազրույցը Սյունիքի մարզպետի հետ, որը նա անվանեց պարոն մարզպետի միգուցե վերջին հարցազրույցը:



 



Հարցազրույցում, պատասխանելով Րաֆֆու մի քանի անգամ հնչեցրած պահանջներին, որ ինքը հրաժարական տա, Խաչատրյանը վարկաբեկել էր Հովհաննիսյանների ընտանիքին՝ ասելով, թե նրանցից ոչ մեկը որեւէ մասնակցություն չի ունեցել Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանության գործում, որ Րաֆֆու գլուխը ջարդելու է, եւ տեսանյութ էր ցուցադրել, որում Րաֆֆու հայրը՝ անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացվում էր որպես կեղծ գիտնական: Ահա Րաֆֆու պատասխանը Լիսկային. «Թող ոչ մեկը մտավորական կեղծ մտավարժանքներ չանի: Համակարգը պետք է փոխվի վերեւից ներքեւ՝ առանց բացառության: Հերիք է այդ մարզպետներն այդ մարզերը համարեն իրենց սեփականություն, որտեղ կարող են բռնանալ, կեղծել, ստորացնել: Այլեւս այդ ժամանակներն անցել են: Ես կարդացի, որ պարոն Խաչատրյանի մականունը Լիսկա է, ես նրան պարոն Լիսկա եմ ասում: Ինքը մի տեղ գրել է, որ դա հպարտության մականուն է, բայց եթե ես իրեն վիրավորել եմ, սրանից հետո ես իրեն կասեմ պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես խոցել եմ Ձեր փխրուն հոգին: Կարող է իսկապես ինքը գնացել է եւ Արցախյան ազատամարտում որոշ ծառայություններ տվել է: Եթե արել է, իր կյանքի այդ հատվածի վրա ստվեր ոչ ոք թող չգցի, բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության եւ իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, սուտ, կեղծավոր բաներ է ասում (այստեղ մարդիկ վանկարկեցին՝ «ամոթ», իսկ տարեց տղամարդիկ թունդ հայհոյանքներ տեղացին), որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ ստոր արարածը, որ խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, ոչնչություն է: Այն մարդը, ով կյանքն է նվիրել Հայ դատի, պատմության ճշմարտության, մեր իրավունքների, հայկական բարձրավանդակի եւ ոչ երբեք Անատոլիայի համար, բացարձակ արժեք են: Ես ոչ մի բան եմ նրա նկատմամբ, իսկ Դուք, պարոն Խաչատրյան, զրոյից էլ պակաս եք: Եթե Դուք սպառնում եք՝ ոնց որ օձի գլուխն են ջարդում, որ իմ գլուխը պետք է ջարդեք ժողովրդի առաջ, ես Ձեզ ժամադրում եմ՝ Կապան, երկուշաբթի, ժամը տասին»: «Մենք էլ քո հետ ենք գալու»,- գոչեց հրապարակը:



 



Սփյուռքի թեման երեկ արդիական էր նաեւ Արմեն Մարտիրոսյանի ելույթում: Նա կարդաց լեհաստանահայերի՝ «Ժառանգությանն» ուղղված նամակից մի կտոր. «Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում եւ բողոքի ձայնը բարձրացնում, պահանջում ենք հարգել մեր ձայնի իրավունքը: Հայտարարում ենք, որ մենք՝ լեհաստանաբնակ հայերս, հայ ժողովրդի ընտրյալ նախագահ ենք համարում եւ սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, ազնիվ եւ հայրենասեր քաղաքացուն, ով պատրաստ է իր կյանքի գնով ստեղծել իրավական պետություն»: Այսպիսի նամակներ եւ զանգեր «Ժառանգությունը» ստանում է հայկական սփյուռքի տարբեր պետություններից եւ Ռուսաստանից: Սա նշանակում է, որ, կոտրելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը, իշխանությունները կորցնելու են Հայաստանի վերջին հարստությունը, որը մեր «նավթն ու գազն է»՝ հայկական սփյուռքը, որպես ռեսուրս եւ կապիտալ: