Դրամահավա՞ք, թե՞ ընտրակաշառք

Դրամահավա՞ք, թե՞ ընտրակաշառք
Ընտրակաշառքն ու նախընտրական դրամահավաքը տրամագծորեն հակառակ, իրարամերժ երեւույթներ են։ Մի դեպքում քաղաքացին-ընտրողը գումար է նվիրում թեկնածուին, մյուս դեպքում՝ ակնկալում։ Քաղաքացիական հասարակությունների ձեւավորման փուլում աշխարհի մի շարք երկրներում ձեւավորվել է նախընտրական դրամահավաքի քաղաքական ավանդույթը։



 



Ժուժկալությունն ու նյութական կախվածություններից զերծ մնալու նորմն ուղղորդել է մարդկանց՝ իրենց եկամուտների մի մասը նվիրել ընդհանուր նպատակների եւ խնդիրների լուծմանը` ստեղծվելով հիմնադրամներ։ Իսկ երբ ծագել է հրատապ խնդիր, նվիրատվություններն ու ավանդները դարձել են կոնկրետ, հասցեական։ Ամերիկյան գերտերության համապետական եւ նահանգային ընտրություններից առաջ դրամ են հավաքում։ Այդ գործում ներգրավվում են ոչ միայն հզոր կուսակցությունները, այլեւ գործարարները, մտավորականները, դերասանները, երգիչները, երիտասարդ կամավորները։ ԱՄՆ-ում է անցկացվում նաեւ համահայկական ամենամյա դրամահավաքը: Այդ միջոցառման կազմակերպիչները, մասնակիցներն ու նվիրատուները հասկանում են, որ դրամ հավաքելուց զատ կարեւոր է նաեւ հայկական միասնականության եւ միասնաբար ընդհանուր խնդիրներ լուծելու գաղափարը: Այս օրինակը ցույց է տալիս, որ դրամահավաքը հայ մարդու մտածողությանը խորթ երեւույթ չէ, եւ այն կարելի է տեղայնացնել նաեւ ընտրական գործընթացներում:



 



1990-ից անցկացվող ընտրություններում որոշ վտանգավոր ավանդույթներ են ձեւավորվել, որոնցից ամենախայտառակը ընտրակաշառքն է: Սկզբում այն բաշխվում էր բնամթերքի տեսքով, իսկ պատերազմից հետո լայն տարածում գտավ կանխիկ դրամական կաշառքը: Այսօր էլ, նախընտրական կանխատեսումներ անելիս, ոմանք գնահատում են ոչ թե թեկնածուի ազնվությունը, ծրագրերը, խարիզման, այլ ընտրակաշառք բաժանելու պաշարները: Ընտրակաշառքը քրեական հանցագործությունների շարքին դասելը եւ պատիժ սահմանելն ամենեւին չի զսպում կաշառք առաջարկողին ու վերցնողին, այլ՝ 5 հազարը դարձնում է 10 կամ 15:



 



Կա մեկ չօգտագործված գործիք, որի կիրառման պարագայում հնարավոր է վերացնել կամ նվազեցնել ընտրակաշառք-չարիքը: Այդ գործիքի անունն է նախընտրական դրամահավաք: Տրամաբանությունը շատ պարզ է. մարդը, ով դրամային նվիրատվություն է կատարել, բնականաբար, ընտրակաշառք չի ակնկալի: Դրա համար լավ կլինի, որ դրամահավաքին ներգրավվեն մեծ թվով մարդիկ, եւ դրամահավաքն ընթանա բաց, թափանցիկ, հրապարակային: Դրամահավաքի կազմակերպման ձեւերը, որպես կանոն, կարելի է ամրագրել Ընտրական օրենսգրքում եւ դարձնել պարտադիր նորմ բոլոր կուսակցությունների, թեկնածուների համար: Եվ ամենակարեւորը. նախընտրական դրամահավաքը հնարավորություն է ընձեռում նվիրատու քաղաքացիներին ապացուցելու, որ իրապես լուրջ հետաքրքրված են արդյունավետ կառավարմամբ, քաղաքական ծրագրերով, իրենց երկրի ներկայով ու ապագայով: Դրամահավաքը նաեւ յուրատեսակ ավանդ է, որը թեկնածուին պարտավորեցնում է պատասխանատվությամբ մոտենալ քաղաքական գործունեությանը, իրականացնել նախընտրական խոստումները, ինչպես նաեւ ընտրող-նվիրատուների պատգամները: Դրամահավաքի ավանդույթի արմատավորման պարագայում հարուստներից բացի, ընտրություններին կարող են մասնակցել նաեւ կիրթ, խելացի, ազնիվ, քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ, որոնց մեծ մասը խաղից դուրս է, որովհետեւ այդքան փող չունի:



 



Նախընտրական դրամահավաքի դեմ են արտահայտվում 2 խումբ մարդիկ. ընտրակաշառք ակնկալող ողորմելիները, ովքեր, իրենց կարծիքով, հիմարեցնում են թեկնածուներին, ինչպես նաեւ ընտրակաշառք բաժանող տգետները, ովքեր կամենում են կաշառքով գնել մանդատներն ու պաշտոնները: Չարացած մարդիկ ասում են, թե նախընտրական դրամահավաքի ոչ մի նախաձեռնություն չի իրականանա, քանի որ ժողովուրդը բաղկացած է ողորմելիներից ու տգետներից: Ռոմանտիկները կարծում են, որ հեղափոխության արդյունքում միայն հնարավոր կլինի վերացնել արատավոր ավանդույթները, այդ թվում՝ ընտրակաշառքը:



 



Այնպես որ, ընտրակաշառքի ավանդույթի վերացման եւ նախընտրական դրամահավաքի ավանդույթի արմատավորման գործում հստակ կամք է պահանջվում: Ինչպես համահայկական ամենամյա դրամահավաքի ժամանակ, այնպես էլ նախընտրական դրամահավաքի ավանդույթի արմատավորման գործում մեծ դեր ունեն հասարակական դիրք ու ճանաչում ունեցողները՝ հարուստները, մտավորականները, արտիստները, գիտնականները, քաղաքացիական ակտիվիստները: Մի խոսքով, այս խնդիրը պետք է լուծվի ազգովի, հակառակ դեպքում դուռը բացելու է հեղափոխությունը։



 



Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ



Պահպանողական կուսակցության քարտուղար