ԲՀԿ-ն վարչապետի ու ոստիկանապետի պաշտոնանկության պահանջ չունի

ԲՀԿ-ն վարչապետի ու ոստիկանապետի պաշտոնանկության պահանջ չունի
Այս քառօրյայի Ազգային ժողովի նիստերն ընթանում են սակավաթիվ պատգամավորներով: Խմբակցությունները զբաղված են քարոզարշավով, նիստերի դահլիճում նրանք են, ովքեր պոպուլիստական հայտարարություններով կարողանում են լցնել խորհրդարանական դատարկությունը: Որոշ պատգամավորներ էլ երեկ իրենց արեւին էին տվել` ԱԺ պատերի տակ զրույցի բռնված:



 



Նախկին դաշնակիցներն էին` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը: Թե ինչ  կարեւորագույն հարցեր էին քննարկում ԱԺ ականջներից հեռու, ընդդիմության իդեոլոգ Լեւոն Զուրաբյանը նախընտրեց լռել: Եվ ընդհանրապես, միայն այս հարցի շուրջ չէր լռությունը. չմեկնաբանեց նաեւ  ընդդիմություն-իշխանություն ձախողված ճակատամարտը: Ինչպե՞ս կվարվեին իրենք, եթե իրենց պայքարի ժամանակ ոստիկանապետը նույնկերպ վարվեր: Լեւոն Զուրաբյանը հարցին արձագանքեց իրեն հատուկ ժպիտով` հավելելով, թե նախապես չպայմանավորված հարցազրույցներ չի տալիս: Իսկ ԲՀԿ-ականները հին երգն էին երգում, որը բավականին մեղմ հնչեցնում էր պատգամավոր Էլինար Վարդանյանը:



 



Նա  առանց գոռալու ու ձեռքն ամբիոնին զարկելու դժգոհեց մեր երկրի չլուծված իրավական խնդիրներից` սահուն անցնելով իրենց հանդեպ իշխանության ճնշումներին: Ասաց, թե իշխանությունն այս նախընտրական շրջանում հարկային ու ոստիկանական լծակներն իրենց դեմ է բանեցնում: Թվում էր, թե տիկին պատգամավորը  նոր փաստերով կհիմնավորի ասածը, սակայն պարզվեց՝ խոսքը մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքի մասին է, երբ իրենց կուսակիցներից մեկը բաժին էր հրավիրվել քաղաքացիաիրավական գործի շրջանակներում: Թե ինչպիսի հետապնդումներ են իրականացվում այս կուսակցության նկատմամբ, հետաքրքրվեցինք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից: 



 



- Տիկին Վարդանյան, խոսում եք ԲՀԿ-ի նկատմամբ  իշխանության ճնշումներից, ԲՀԿ-ին  ինչո՞ւ են ճնշում:



 



- Նախընտրական փուլում սովորաբար տարբեր կառույցների` հարկային, ոստիկանություն, ԱԱԾ, իշխանությունն օգտագործում է որպես գործիք եւ ոչ միայն էս ընտրություններին:



 



- Սովորաբար նման ճնշումներ ընդդիմության նկատմամբ են կիրառվում, ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այդ դեպքում ինչո՞ւ է իշխանության թիրախում հայտնվել ոչ ընդդիմադիր ԲՀԿ-ն:



 



- Բայց ԲՀԿ-ն իշխանություն չէ, դա արդեն ամեն ինչի մասին խոսում է:



 



- Սակայն արմատական ընդդիմություն էլ չէ,  այժմ քաղաքական դաշտում «Ժառանգությունն» է, այսպես ասած, վտանգավոր ընդդիմությունը, որն իր հետեւից  ընդվզող ժողովրդի մեծ զանգված է տանում:



 



- Ինչո՞ւ եք միայն արմատական ընդդիմության հանդեպ ճնշում փնտրում, ցանկացած ընտրություններում ցանկացած մրցակցի նկատմամբ կիրառվում են այս կամ այն մեթոդները, եւ ես նորից եմ ասում` տարբեր մարմիններն  օգտագործելով գործիք:



 



- Դուք մտահոգված եք քաղաքացիների ոտնահարված իրավունքներով, ինչո՞ւ նախօրեին չեկաք Բաղրամյան պողոտա, երբ ոստիկանները ծեծում էին քաղաքացիներին եւ ցույցը ցրելու նպատակով նրանց անօրինական բերման ենթարկեցին ոստիկանության բաժիններ:



 



- Ես ի սկզբանե ասել եմ, այն ժամանակ, երբ պարզ կլինի «Ժառանգության» քաղաքական օրակարգը, ԲՀԿ-ն, բնականաբար, կհայտնի իր դիրքորոշումը, բայց քանի դեռ քաղաքականությունը կապվում է եկեղեցական ծեսերի հետ եւ անհասկանալի իրադարձությունների հետ, մեզ դա հասկանալի չէ: Օրակարգը հստակեցնելու դեպքում է, որ հնարավոր է որոշումներ կայացնել:



 



- Բայց, ըստ որոշ մեկնաբանությունների, ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի, ինչպես նաեւ ոստիկանապետի պաշտոնանկությունը: Նման պահանջ  կա՞ օրակարգում:



 



- Գիտեք, ԲՀԿ-ն անհատների վերաբերյալ երբեւէ որեւէ պահանջներ չի ներկայացրել, ԲՀԿ-ի պահանջը վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, այսինքն, երբ խոսվում է կառավարության փոփոխության մասին, խոսքը չի վերաբերում միայն վարչապետին, խոսքն անձնավորված փոփոխությունների մասին չէ, այլ կառուցվածքային փոփոխությունների մասին է:



 



- Բայց Դուք ԱԺ նիստերի ժամանակ Ձեր հարցադրումներն ու քննադատությունները, անկախ ոլորտից, բացառապես ուղղում եք վարչապետին, մինչդեռ ոլորտը կոնկրետ պատասխանատու ունի, ում թույլտվությամբ էլ իրականացվում են անօրինությունները եւ ԲՀԿ-ականների մատնանշած խնդիրները:



 



- Կառավարությունը ներկայացնում է վարչապետը, մենք անձնավորված պայքար կամ պահանջներ չենք ներկայացնում:



 



 - ԲՀԿ-ի թիրախում հայտնվո՞ւմ են արդարադատության նախարարությունը, դատախազությունը եւ այլ կառույցներ:



 



- Դուք ինքներդ պիտի ասեք... Բնականաբար, կախված տարբեր փաստերից ու գործառույթներից, տարբեր մարմիններ կարող են լինել թիրախ, էլի եմ ասում` խոսքն անձնավորված պահանջների մասին չէ: