Աշտարակի քաղաքապետը կաշառո՞ւմ է ավագանուն

Աշտարակի  քաղաքապետը  կաշառո՞ւմ է ավագանուն
Երեկ ներկայացրել էինք, որ երկուշաբթի օրը Աշտարակի ավագանին դեմ էր քվեարկել ավագանու նիստին  ներկայացված բոլոր 14 հարցերին: Ինչպես նշում է քաղաքապետարանի մեր աղբյուրը, քաղաքապետ Արմեն Անտոնյանը հայտնվել է ցայտնոտի մեջ:



 



Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նախօրեին նա հրավիրել է ավագանու անդամներին եւ մինչեւ կեսգիշեր փորձել համոզել, որ նրանք քվեարկությանը չխոչընդոտեն: Ավագանու անդամները միաձայն պնդել են, որ իրենք քվեարկելու են այնպես, ինչպես պահանջում է ընտրողը: Իսկ Աշտարակում Արմեն Անտոնյանից դժգոհողների թիվն աննախադեպ աճում է: Ընդամենը վեց ամիս պաշտոնավարելով` Ա. Անտոնյանը կարողացել է ապացուցել, որ ինքը փակուղի է տանում քաղաքի զարգացումը:



 



Ծայրահեղ վիճակից դուրս գալու համար նա քաղաքապետարանի բաժնի պետերին հրահանգել է, որ կատարեն  ավագանու անդամների անձնական ցանկությունները, ընդառաջեն նրանց, լուծեն  բոլոր հնարավոր լուծվող խնդիրները: Սակայն, ինչպես նշեց մեր աղբյուրը, ավագանին անդրդվելի է եւ քվեարկելու է միայն այն ծրագրերի օգտին,  որոնք հարյուր տոկոսով միտված են քաղաքի զարգացմանն ու աշտարակցիների բարօրությանը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ