Գյումրիի հրապարակում Վարդան Ղուկասյանին ոչ ոք չի տեսել

Գյումրիի հրապարակում Վարդան Ղուկասյանին ոչ ոք չի տեսել
Նախօրեին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ  Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումը, որին մասնակցում էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաեւը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ, բազմաթիվ հյուրեր:



 



Ծրագրի շրջանակներում ացկացվելու է 45 միջոցառում, իսկ ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ, միջոցառումը բացարձակ մշակութային նորություն էր Գյումրիի համար, տեղադրված են եղել 800-ից ավելի աթոռներ, իսկ հրապարակում ներկա են եղել հազարավոր գյումրեցիներ. «Ահագին լավ էր կազմակերպված, դեռ նման միջոցառում Գյումրիի մասով չեմ հիշում. եւ երաժշտական համարները, եւ լուսային անիմացիան, որ ցուցադրվեց քաղաքապետարանի շենքի վրա, երբեւէ չէր եղել Գյումրիում, շատ տպավորիչ էր: Ամենաթույլը մարզպետի, քաղաքապետի, նախարարի ելույթներն էին: Չեմ ասի, թե նույն մարդն էր գրել, որովհետեւ նույն մարդը լիներ, հաստատ այդպես չէր գրի, բայց մարզպետի, քաղաքապետի ելույթներում որոշ թերություններ կային: Միակ տհաճ բանը անվտանգությունն ապահովող խորհրդավոր ուժերն էին՝ հատուկ ջոկատային ոստիկանները, որոնց բերել էին Երեւանից` քաղաքացիական, կիսաքաղաքացիական համազգեստներով»:



 



Գյումրիի նախկին քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, չի երեւացել, Բարսեղյանը չգիտի էլ՝ հրավեր ուղարկել են, թե ոչ. «Բացառված չէ նաեւ այն, որ հրավիրել են, բայց չի եկել»: Լեւոն Բարսեղյանից տեղեկացանք, որ «Գյումրին որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների համար նախատեսված է 500 մլն դրամ: 80 մլն միայն պետական բյուջեից է տրվել եւ 17.5 մլն դրամ էլ Գյումրիի ավագանու որոշմամբ՝ քաղաքային բյուջեից: Ֆինանսավորմանը մասնակցում է նաեւ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամը»: