Աշխատել եմ ձեռքս չսովորեցնել «գռդոնին»

Աշխատել եմ ձեռքս չսովորեցնել «գռդոնին»
Հարցազրույց բեմադրիչ  Արթուր  Սահակյանի հետ



 



 



Սկիզբը՝ նախորդ համարում



 



- Պարոն Սահակյան, շատերի կարծիքով, նույն «Մեա կուլպայի», «Խաթաբալադայի» հետ թատրոն մտան նաեւ KBH-ի էլեմենտներ, դասական թատրոնը մղվեց երկրորդ պլան. չե՞ք գտնում, որ դրանով վնասեցիք թատրոնը:



 



- Այդպես խոսացող մարդկանցից մի քանիսը, հավանաբար, նման բան անելու անհաջող փորձեր են ունեցել եւ, բացահայտ ձախողվելով, ստիպված նման բան են ասում: Ի դեպ, իմ առանձնապես չսիրած ներկայացումներից մեկը հենց «Խաթաբալադան» է, բայց դրա պատմությունն ուրիշ է: Հետո այդտեղ KBH--ն չկա, ուղղակի բառ են գտել, ասում են ու լղոզում: Այդ ներկայացումները ես անվանում եմ հրապարակախոսական թատրոն եւ թատրոնի այդ տեսակը ես չեմ հորինել: Այո, կոմեդիան այսօր, եւ ոչ միայն այսօր ու ոչ միայն մեզ մոտ, ավելի մեծ սպառում ունի, որովհետեւ մարդկանց  հոգսերն էլ ավելի շատ են, ու իմ կողմից շատ հարգված թատրոններ շուռ են եկել դեպի կոմեդիա, լուրջ գործն այդքան հնչեղություն չի ունենում, որովհետեւ դրա սպառողն ավելի քիչ է, զուսպ է ու կիրթ: Այդ զուգահեռը միշտ էլ եղել է, Շեքսպիրի կատակերգություններն էլ իր ողբերգությունների համբավն ու դիապազոնը չունեն: Իսկ «Խաթաբալադան» փորձ էր մեր իրականությանը նայել մեր զրկանքների աչքերով ու խորին «շնորհակալություն» հայտնել այդ զրկանքների համար: Ամեն դեպքում՝ ինչ արվել է, արվել է ազնվորեն, որովհետեւ զգացել ենք, որ սրա կարիքը կա, ուզեցել ենք ինքներս մեզ օգնել, որովհետեւ սիրում ենք այս երկիրը եւ ուրիշ երկիր չունենք, սա մեր հայրենիքն է`մեր աշխարհի կենտրոնը, եւ ես իմ ցավն արտահայտում եմ այս չափի դառնությամբ: Մեզ համար շատ զարմանալի էր ու շատ ցավալի, որ «Մեա կուլպան»  շատերի համար դարձել էր զվարճանք, այնինչ լացել էր պետք, մենք անգամ «Մեա կուլպայի» փորձերին մարդիկ հրավիրեցինք, ասեցինք` նայեք, մենք կարո՞ղ է ինչ-որ սրբությունների ենք կպնում, որոնց չի կարելի կպնել: Բայց ոմանց համար այն դարձավ կոմեդիա, եւ դա հաստատ մեր մեղքը չէր: Մենք ընդամենը արտահայտել ենք մեր ցավը, դարդը:



 



- Իսկ ունե՞ք արված գործեր, որոնց համար ամաչում եք:



 



- Ունեմ, հաստատ: Միգուցե «Ագռավը» Փոսի թատրոնում, որ չհաջողվեց: Եղել են նաեւ բաներ, որ ուղղակի հասկացել եմ, որ չեմ հաղթահարի, բայց, օրինակ, «Ժանգոտ բանալին», որ ընդամենը տասը ներկայացում գնաց, համոզված էի, որ «Մեա կուլպայից» էլ երկար կյանք պետք է ունենա: Ամեն ներկայացում երեխայի պես մի բան է, իսկ այդ գործում աշխատել եմ գռդոն չանել ու ձեռքս չսովորացնել դրան, բայց կան բաներ, որ ուղղակի չեմ սիրում իմ կենսագրության մեջ: Չասեմ որը՝ որեւէ մեկին չվիրավորելու համար:



 



- Այդ դեպքում ո՞ր գործերի համար եք գոհ:



 



- Այդպիսին շատ կան. «Գոյ» թատրոնում մենք մեզ թույլ ենք տվել ձեռք մեկնել այն հեղինակներին, որոնք մեզ են հետաքրքիր: Շատ եմ սիրում «Ռնգեղջյուրը», «Գոդոյին սպասելիս», «Արքան է մեռնում», «Դեպի վերջը»: Այսօր Էժեն Իոնեսկոն ոչ միայն Երեւանում հանդիսատես չունի, այլ նաեւ Փարիզում, բայց դա չի նշանակում, որ ես պետք է զրկեմ ինձ այդ հարստությունից: Իոնեսկոն պատմում է, որ իր «Ճաղատ երգչուհին» պիեսը Փարիզում հաճախ խաղում էին մի հոգու համար, ու այդ մի հոգին էլ իր կինն էր լինում, բայց մի օր նա էլ չի գալիս ներկայացման: Իոնեսկոն ջղայնացած դուրս է գալիս, տեսնում կողքի կինոթատրոնում, որտեղ միշտ հիմար ֆիլմեր են ցույց տալիս, հերթ է, մտնում է ներս ու ասում, որ մինչ այս ապուշ ֆիլմի համար հերթ եք կանգնել, կողքի նկուղում այսպիսի ներկայացում է գնում: Ի վերջո, մեկը գնում է հետը, դերասաններն այդ մեկի համար խաղում են ներկայացումը, գալիս են, գլուխ են խոնարհում, եւ այդ մարդը երկար լռելուց հետո ասում է, որ աշխարհում ոչ ոք երբեւէ իր լեզուն չի պղծի այդ պիեսի հեղինակի անունով: Չկարծեք, թե Լեոնարդո Դա Վինչիին հենց տեսել են, բոլորի ուշքը գնացել է, նա ընդամենը մի քանի կտավի պատվեր է ունեցել, իսկ նրա գյուտերի մակետներն այդպես էլ մնացին չիրագործված: Ֆելինիի ֆիլմերն էլ դահլիճներ չեն լցրել: Արվեստը միշտ էլ շատ դժվար է մարսվել, չէ՞ որ մարսողների գլուխները բթված են բազում ախմախ սերիալներով, եւ այնտեղ այլեւս տեղ չի մնացել:



 



- Պարոն Սահակյան, վերջին մեկ տարում երեք ընտրություններ եղան, ինչպե՞ս եք տեսնում երկրի ներկայիս քաղաքական վիճակը, հնարավո՞ր է առաջիկայում այս օրերի մասին մի բան բեմադրեք:



 



- Նախ այդ գործը պետք է գրվի. բեմադրելու մեխանիզմը սա է. օրինակ, նույն «Մեա կուլպայի» դեպքում Արմեն Համբարձումյանն արդեն գաղափարն ուներ, ապագայի տեսանկյունից թատերական մետաֆորայի միջոցով քննարկվում է ներկան, հետո միացավ Վահրամ Սահակյանը, գրեց այդ ամենը, հետո նոր ես սկսեցի աշխատել: Բնականաբար, միանում եմ, եթե համամիտ եմ այդ ամենին: Սկզբունքը սա է… ու սա է մեր պատասխանը մեր կյանքի որակին: Միեւնույն ժամանակ, 20-21 տարեկան երկիրը… դա դեռ տարիք չէ երկրի համար, ցավալին այն է, որ կա 21 տարեկան, ավելի ազնիվ մարդկանցով երկիր, բայց այդ երկրի անունը Հայաստան չէ:



 



- Այս ընտրություններից հետո մարդկանց հիասթափությունն այնքան մեծ էր, որ շատերն էին արտագաղթից խոսում, երբեւէ երկրի քաղաքական իրավիճակը Ձեզ ստիպե՞լ է ճամպրուկները հավաքել ու հեռանալ:



 



- Ճամպրուկները հավաքելու ցանկություն ունեցել եմ 90թ. սկզբներին, բայց փառք Աստծո, որ չունեցա այդ հնարավորությունը: Դրանից հետո չեմ ուզել, երեւի այն ժամանակ պրկվել եմ: Մի տիեզերական հաշվարկ. եթե մենք ծնվել ենք հենց այստեղ, ուրեմն հենց այս հողն էլ մեզ պետք է սնուցի: Իսկ այսօրվա իրողությունը… տաղանդավոր բան չեմ սպասում վաղուց` սկսած 93-94-ից, երեւի թե սովորել եմ, որ ամեն ինչ պետք է գորշ լինի: Չեմ կարծում նաեւ, որ ամեն պրոբլեմի աղբյուրը գտնվում է մեր երկրում, այնպես չի, որ ինչ ուզում, անում ենք: Անում ենք այն, ինչ մեզ թույլ են տալիս: Օրինակ, «Նաիրիտ» չպիտի ունենաք ու վերջ: Դուք տեսնո՞ւմ եք, թե ոնց են սարքում այլ երկրների գլխին, հենց թեկուզ Վրաստանի գլխին. որոշել են, որ սենց պիտի լինի ու վերջ: Այդ ամենից բացի, մենք նաեւ շատ հեշտ ծախվում ենք, մեզ սովորեցրին 200 դոլարի դիմաց ամբողջ օրը հաչալ իրենց դեսպանատների դիմաց:



 



- Այսօր անգամ մտավորականներն են ճամբարների բաժանված. իշխանամետները մտնում են կուսակցություններ, ավագանի, ընդդիմադիրները գնում են Ազատության հրապարակ: Դուք ո՞ւր եք նախընտրում գնալ:



 



- Ես վերջին անգամ հրապարակ գնացել եմ 88-ին, ու դրանով ինձ համար վերջացել է հրապարակի թեման: Քաղաքականությունից խոսելով՝ դու ուղղակի վատնում ես քո էներգիան, որովհետեւ լինելու է այնպես, ինչ տրամաբանության մեջ այն կառուցված է: Այսօր առավել եւս ես իմ ապագան կապում եմ Հայաստանի հետ, ընդ որում՝ ոչ Հայաստանի Հանրապետության եւ ոչ էլ Սովետական Հայաստանի հետ: Իմ հայրենիքը Հա-յաս-տանն է: Ես ուզում եմ տեսնել ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ մարդկանց: Իմ հավատը դեպի Աստված է: Մարդը շատ փոքր է եւ անկատար, որ գերագույն հավատը մեկս մյուսի հանդեպ լինի, իսկ պոլիտիկան… բոլորի խոստումներին էլ հավատում, վստահում եմ եւ իմ չափով տալիս եմ հնարավորություն ապացուցելու, բայց եթե մարդն իր կյանքն ուրիշ բանի մեջ է տեսնում, ես չեմ փորձելու կյանք սովորեցնել նրան, բայց չեմ էլ ներելու:



 



- Երբեւէ Ձեզ չե՞ն առաջարկել մտնել ավագանի, կուսակցություն:



 



- Ոչ մի անգամ, նույնիսկ կաշառք չեն առաջարկել, եւ հետո՝ իմ կարիքը չկա, իմ կարիքը կարող է բեմի վրա զգացվել եւ վերջ, թե չէ ես ձայն բերող էլեմենտ չեմ: Հետո, գիտեք քաղաքական դաշտն էլ բեմի նման բան է, ուղղակի ոմանք չեն հաջողել որպես դերասան, ստիպված գնացել են քաղաքականություն: Այդ ոլորտն իմը չէ, ես բեմ ունեմ: