10 ընթերցում

10 ընթերցում
Ասում ենք՝ երեւանյան ամառն ընթերցանության համար նպաստավոր չէ: Բայց կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են արձակուրդներին, որպեսզի ի վերջո հնարավորություն ունենան ընթերցելու տարվա ընթացքում գնած ու գրադարակներում շարած գրքերը: Ընթերցանության համար իմ կողմից առաջարկվող 10 գրքերը կարող եք գտնել գրադարաններում, ինչպես նաեւ գրախանութներում.



1. Գրիգոր Պլտյան, «Շրջում» (սփյուռքահայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Գրիգոր Պլտյանի «Շրջում» վեպում Բեյրութից Փարիզ տեղափոխված անանուն հերոսը քայլում է գիշերային քաղաքի փողոցներով` հիշելով անցյալը, փորձելով որսալ իրականության շարժումը եւ տեսնել իր անխուսափելի ներկայությունն այդ շարժման ու հիշողության միջեւ:



2. Վրեժ Իսրայելյան, «Տոնապետ» (արձակագիր Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» ժողովածուում ընդգրկված են պատմվածքներ, որոնք քննում են վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` Հոկտեմբերի 27, Մարտի 1, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը):



3. Աբրահամ Ալիքյան, «Հեզ իրիկուն» (սփյուռքահայ բանաստեղծ, թարգմանիչ Աբրահամ Ալիքյանի բանաստեղծությունների եւ թարգմանությունների ընտրանի):



4. Վիգեն Իսահակյան, «Հայրս» (Վիգեն Իսահակյանի հուշագրության «Հայրս» գրքի երկրորդ, վերախմբագրված հրատարակությունն է: Հիշողության զարմանալի ուժով, գերագույն հավաստիությամբ ու անմիջականությամբ ընթերցողին է ներկայացվում Ավետիք Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության մի կարեւոր ու տեւական շրջան` բանաստեղծի տարագրության տարիներն Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Հատորում խորազնին ու ճշմարտացի լուսաբանվում է Վարպետի կյանքը Շվեյցարիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում):



5. Կարպիս Սուրենյան, «Օրագիր. 1943-2001» (արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի օրագրերի երկհատորյակը 60 տարի ընդգրկող երկ է՝ իր հարուստ եւ ուշագրավ բովանդակությամբ):



6. Երվանդ Շահազիզ, «Հին Երեւանը» (նշանավոր բանասեր Երվանդ Շահազիզի «Հին Երեւանը» գրքի վերահրատարակության նախաբանում Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանը գրում է. «Այս հատորը էապես վերահրատարակությունն է 1931թվականի անդրանիկ հրատարակության: Բայց զգալի թվով լուսանկարներ ավելացված են, եւ նախկին 31-ի փոխարեն զետեղված են 115-120 լուսանկարներ»:  Գրքի անպաճույճ կազմին հին Երեւանի մի պատկեր է, ձախ կողմում՝ կեղծամով տղամարդու նկար: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն է, որ 1673 թվականին մի քանի օր եղել է Երեւանում եւ գրի առել տպավորությունները):



7. Սարգիս Հարությունյան, «Անեծքի եւ օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975 թվականին Սարգիս Հարությունյանի կազմած «Անեծքի եւ օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» ժողովածուն ընթերցելուց հետո սյուրռեալիզմի, սիմվոլիզմի եւ մոգական ռեալիզմի մասին պատկերացումները հնարավոր է հօդս ցնդեն):



8. Ռուբեն Ֆիլյան, «Քո երկրի դեսպանը» (արձակագիր Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գրքում ընդգրկված են «Քո երկրի դեսպանը» վեպը, պատմվածքներ, վիպակներ, մանրապատումներ, հեքիաթներ մեծերի համար: Բանաստեղծ Արմեն Շեկոյանի «Ուխտագնացություն դեպի երկինք» վերնագրով առաջաբանում կարեւորվում եւ արժեւորվում են վաղամեռիկ արձակագրի գրողական ինքնատիպ տաղանդը, յուրահատուկ ոճը):



9. Վաչե Եփրեմյան, «Բնագիր եւ մեկնություն» (գրականագետ, մշակութաբան, բանաստեղծ Վաչե Եփրեմյանի մենագրությունն է):



10. Կարա-Դարվիշ, «Կյանքի ջութակը», «Օրերից առաջ» վեպերը եւ «Ինչ է ֆութուրիզմը» (հայ արձակագիր, բանաստեղծ, ֆուտուրիստական ուղղության ներկայացուցիչ):



 



Արամ ՊԱՉՅԱՆ